Սեւծովյան վեհաժողովի ժամանակ հայ պատգամավորները լքել են նիստերի դահլիճը

Սեւծովյան վեհաժողովի ժամանակ հայ պատգամավորները լքել են նիստերի դահլիճը
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երեւույթ է տեղի ունեցել։ Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվել է, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց են քննարկել: Այդ քննարկմանը չի հրավիրվել միայն Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:



Հետագայում պարզվել է, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին: «Սա մենք որակում ենք իբրեւ վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլեւ բոլոր պատվիրակությունների եւ ընդհանուր կառույցի հանդեպ» դատապարտում է ՀՀ ԱԺ-ն, որն այդ մասին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով նաեւ․«ՍԾՏՀ ԽՎ-ի քսանհինգամյա պատմության ընթացքում նման դեպք երբեք չի եղել, եւ մենք այդ գործելաոճը գնահատում ենք իբրեւ կառույցի ավանդույթների եւ էության ոտնահարում: Նման աշխատաոճն անընդունելի եւ դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար: Իբրեւ բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը»:



ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բոլոր պատվիրակություններին կոչ է անում չտրվել սադրանքների, տնտեսական կառույցը չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին, դատապարտել այսօրինակ գործելաոճը եւ վերադառնալ կառուցողական համագործակցության դաշտ, ինչը բխում է ՍԾՏՀ ԽՎ-ի էությունից եւ ավանդույթներից: ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը քիչ առաջ մեզ հետ հեռախոսազրույցում մանրամասներ հայտնեց կատարվածի մասին․«Այսօր առավոտյան, երբ որ սկսվեց լիագումար նիստը բացման արարողությունից հետո, երբ ելույթ ունեցավ Ուկրանիայի ռադայի ղեկավարը, այնուհետեւ պատվիրակությունները հրավիրվեցին ընդհանուր լուսանկարվելու, դրանից հետո բնականաբար պետք է շարունակվեր նիստը։ Բոլոր պատվիրակությունները մոտ մեկ ժամ նիստերի դահլիճում սպասում էին նիստի շարունակությանը, բայց պարզվեց, որ պատվիրակությունների ղեկավարները Վեհաժողովի գլխավոր քարտուղարի, որն ադրբեջանցի է եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել ու ինչ-որ հարց են քննարկում, բացի ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի։ Արդեն մեզ համար ակնհայտ էր, որ ինչ որ բան է ծրագրվում, որովհետեւ կար հռչակագրի նախնական տեքստը, որի վերաբերյալ մենք եւս առաջարկություններ ունեինք։ Բոլոր պատվիրակությունները մոտ մեկ ժամ տարօրինակ սպասումներով՝ ինչ է կատարվում, ինչպես կարելի է, հայկական պատվիրակության ղեկավարն ինչու հրավիրված չէ։ Երբ վերադարձան նիստերի դահլիճ, մեր պատվիրակության ղեկավարը ձայն խնդրեց վարման կարգով ու հայտարարեց, որ սա անընդունելի գործելակերպ է, սրանով փորձ է արվում այս կազմակերպության հեղինակության հետ խաղալ,տնտեսական կառույցը ծառայեցնել քաղաքական նպատակներին, հետեւաբար հայկական պատվիրակությունը լքում է նիստերի դահլիճը»։ Աղվան Վարդանյանը վերահաստատեց, որ հռչակագրում մի կետ է ընդունել, որն ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին․«Հռչակագրում գրված է միայն տարածքային ամբողջականության մասին, անեքսիայի ենթարկված տարածքների վերականգնման եւ այլնի մասին»։



Հռչակագրի քվեարկությանը հայաստանյան պատվիրակությունից բացի չի մասնակցել նաեւ Սերբիայի պատվիրակությունը,որի ներկայացուցիչները քվեարկության ժամանակ հեռացել են դահլիճից, հետո նորից վերադարձել, հռչակագիրը սակայն ընդունվել է, որին հայկական պատվիրակությունը պատասխանել է վերոնշյալ կոչ-հայտարարությամբ, հայտարարությունը մի քանի լեզուներով է տարածվել․ «Հետագա քայլերի մասին կմտածենք», - ասաց Վարդանյանը։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**