Կառավարության հետ հանդիպումից առաջ քննարկումներ են սկսում

Կառավարության հետ հանդիպումից առաջ քննարկումներ են սկսում
Ակադեմիական տարկետման դեմ ընդվզող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն այսօր Երեւանի պետական համալսարանի Պալյանի անվան դահլիճում հանրային քննարկում է կազմակերպել, որին կմասնակցեն ուսանողներ եւ դասախոսական կազմի ներկայացուցիչներ։ «Քննարկումը լինելու է բաց, այն կազմակերպվել է ԵՊՀ ռեկտորատի հետ համատեղ։ Քննարկվելու են մեր առաջարկները»,- ասաց նախաձեռնող խմբի անդամ **Դավիթ Պետրոսյանը**։



Խումբը ծրագրել է մինչեւ եկող շաբաթ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումը, նման քննարկումներ անցկացնել ՀՀ այլ բուհերում նույնպես։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվում Սլավոնական, Բրյուսովի անվան համալսարանների, ինչպես նաեւ Կոնսերվատորիայի հետ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին դեմ արտահայտվող ուսանողների եւ օրենսդիր-գործադիր մարմնի ներկայացուցիչների կլոր սեղան չորսժամյա քննարկման ընթացքում ուսանողները 2 առաջարկ ներկայացրին, առաջինը՝ մշակել տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, որը հնարավորություն կտա ապահովել գիտական եւ կրթական համակարգի զարգացումը, ինչպես նաեւ ուսումնառության անընդհատությունը եւ բացառել կոռուպցիան։ Երկրորդ կետով առաջարկվում էր Շվեյցարիայի մոդելը՝ ծառայության մեկուկես տարին անցկացնել բակալավրիատի, վեց ամիսը՝ մագիստրատուրայի ընթացքում՝ ազատ գրաֆիկով։ Ուսանողները կարծում են, որ հատկապես երկրորդ առաջարկն արմատապես փոխում է ներկայացված օրենքի տրամաբանությունը։ Իշխանության ներկայացուցիչներն առաջարկեցին ուսանողներին երկու շաբաթվա ընթացքում լրացնել իրենց առաջարկները եւ քննարկումը շարունակել կառավարությունում, քանի որ օրենքն ընդունվել է, եւ փոփոխությունները պետք է կատարել կառավարության որոշումներում եւ ենթաօրենսդրական ակտերում։ Մինչ եկող շաբաթ կառավարությունում տեղի կունենա այդ քննարկումը, ուսանողները բուհերում հանրային քննարկումներ կանցկացնեն։



Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ կառավարության ներկայացուցիչների հետ սպասվող հանդիպման մասին դեռեւս կոնկրետ պայմանավորվածություն չի կայացել, հայտնի չեն օրը, ժամը եւ հանդիպման մասնակիցների ցանկը։ Մեր ճշտող հարցին՝ ուսանողները պայքարում են երկո՞ւ, թե՞ գոնե մեկ առաջարկի ընդունման համար, Պետրոսյանն ասաց, որ իրենք բանակցելու են երկու առաջարկների ընդունման համար։ Իսկ եթե չընդունե՞ն։ «Մենք դեռեւս դրա շուրջ ենք աշխատում։ Եթե չընդունեն, նոր կորոշենք մեր անելիքը»։



Հիշեցնենք, որ ակադեմիական տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչները շաբաթներ առաջ օրինագծի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպեցին, վեցօրյա դասադուլ եւ հացադուլ արեցին, որոնք դադարեցվեցին նոյեմբերի 15-ին՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ Նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են նոյեմբերի 22-ին կլոր սեղան հրավիրել իշխանությունների հետ:



 



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**