Ազգային համաձայնության իշխանության սահմանումը շատ ընդարձակ է

Ազգային համաձայնության իշխանության սահմանումը շատ ընդարձակ է
Իշխանական կուլիսներում կրկին ակտուալ է լայն կոալիցիա ստեղծելու գաղափարը, որի անհրաժեշտությունը գուցե առաջացել է Սերժ Սարգսյանի՝ վարչապետական պլանները սահուն կյանքի կոչելու ծրագրից։



2018-ի ապրիլին, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, Հայաստանը լիովին կանցնի կառավարման պառլամենտական մոդելին, եւ Սահմանադրության պահանջով կառավարությունը հրաժարական կտա ու նորից կձեւավորվի, Ազգային ժողովի կողմից ընտրված վարչապետն էլ կստանձնի երկրի առաջնային ղեկավարումը։ Արդեն մի քանի ամիս է՝ մամուլը գրում է  ներիշխանական հարաբերությունների եւ ապագա վարչապետի թեկնածության հարցում Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի ներքին պայքարի մասին։ Վերջին տեղեկություններով՝ թերեւս ներքաղաքական համաձայնությունը կայացել է՝ Սերժ Սարգսյան-վարչապետ, Կարեն Կարապետյան-առաջին փոխվարչապետ կոնֆիգուրացիայով։ Եվ չի բացառվում, որ այսօր, առավել քան երբեւէ, անհրաժեշտ է կյանքի կոչել Սերժ Սարգսյանի հռչակած «ազգային համաձայնության իշխանության» գաղափարը՝ համագործակցության հրավիրելով բոլոր ուժերին, հատկապես «Ծառուկյան դաշինքին» եւ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որն արդեն իսկ առաջին քայլերն անում է կրկին իշխանության գիրկը նետվելու ուղղությամբ։



Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով մի հանդիպման ժամանակ, հայտարարեց, որ ՊՊԾ գնդի շուրջ իրավիճակի հանգուցալուծումից հետո Հայաստանում անհրաժեշտ է արագացնել հասարակական եւ քաղաքական կյանքում արմատական փոփոխությունների գործընթացը եւ ձեւավորել ազգային համաձայնության իշխանություն։ «Այս փուլում մեր նպատակը նաեւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձեւավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման եւ կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»,- նշել էր Սերժ Սարգսյանը։ «Մենք այդ ճանապարհով ենք գնում, եւ այդ ճանապարհը քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների դերակատարման մասին է, այլ ոչ թե զենքով ահաբեկչության գնացողների եւ նրանց սատարողների: Փա՛ռք Աստծո, պետություն եւ երկիր կառուցելու արժեհամակարգը կիսող քաղաքական գործիչների պակաս, ինչպես տեսաք, մենք այսօր չունենք: Այդպիսիք շատ են քաղաքական բոլոր հոսանքներում: Եվ դա մեր երկրի հարստությունն է»,- ընդգծել էր նա։



2016 թվականի օգոստոսից անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, եւ «ազգային համաձայնության իշխանությունը» հանդես է գալիս ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի տեսքով։ Արդյոք Սերժ Սարգսյանի հռչակած ազգային համաձայնության իշխանությունն այլեւս իրողությո՞ւն է՝ հարցրինք Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ «Ամեն ինչ ընթացքի մեջ է»,- ասաց նա։ «Որեւէ անգամ չենք ասել, որ կոալիցիան ձեւավորել ենք, ու դա վերջնական է, հնարավոր է քաղաքական զարգացումների արդյունքում համագործակցություն ավելի լայն ֆորմատով։ Ձեր նշած իշխանության հիմքերն արդեն իսկ դրված են, եւ կսպասենք հետագա զարգացումներին»։ Այսինքն՝ գործող իշխանությունը՝ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան, Սերժ Սարգսյանի նախանշած ազգային համաձայնության իշխանությունը չէ՞ դեռեւս։ Բաղդասարյանը պատասխանեց․ «Եթե հիմքերը դրված են, բնականաբար, արդեն կան մոտեցումները, հնարավոր է ավելի ընդլայնվի։ Գիտեք, մոտեցման հարց է՝ նայած թե ով ինչպես է սահմանում ազգային համաձայնության իշխանությունը։ Դա բավականին ընդարձակ գաղափարախոսություն է, մենք ինչ հայտարարել ենք, կողմ ենք մեր հայտարարությանը»։



ՀՎԿ-ի եւ «Ծառուկյան դաշինքի» հետ համագործակցության, մասնավորապես՝ ազգային համաձայնության իշխանության մաս կազմելու հեռանկարի ու հնարավորության մասին ՀՀԿ խմբակցության ղեկավարը նախ շեշտեց, որ իշխող ուժը հիմա էլ համագործակցում է բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ։ Իսկ ինչպե՞ս պետք է, օրինակ, արտախորհրդարանական ուժն իշխանության մաս կազմի։ «Ազգային համաձայնության իշխանության սահմանումը շատ ընդարձակ է, եւ մենք սահմանափակումներ չենք դնում»,- պատասխանեց Բաղդասարյանը։



ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շշարմազանովն էլ, չբացառելով կոալիցիայի ընդլայնումը, վստահեցրեց, որ մինչ այս պահը որեւէ քննարկում այդ թեմայով կուսակցությունում չի եղել. «Երբ լինի, այդ մասին անպայման կտեղեկացնենք»: Ի դեպ, նա գործող կառավարությունը բնորոշեց որպես ժողովրդի վստահության քվեին արժանացած կառավարություն:



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**