Կռվից հետո բռունցք ճոճելն ի՞նչ իմաստ ունի

Կռվից հետո բռունցք ճոճելն ի՞նչ իմաստ ունի
Այսօր Ազգային ժողովում ակադեմիական տարկետման դեմ ընդվզող ուսանողների եւ իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա կլոր սեղան-քննարկում՝ «Զինապարտության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վիճելի կետերի վերաբերյալ։



Շաբաթ օրը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հանդիպել են ԱԺ փոխնախագահ, «հաշտարար» Էդուարդ Շարմազանովի հետ եւ որոշել քննարկման ձեւաչափը՝ 5 ուսանող, իշխանության 5 ներկայացուցիչ։ Շարմազանովն էլ լինելու է քննարկման վարողը։ Կմասնակցեն կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ու պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, ԱԺ կրթության հանձնաժողովի ղեկավար Վարդան Բոստանջյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանը, որպես պատասխանատու՝ պաշտպանության հանձնաժողովից էլ ներկայացուցիչ կլինի։



Չկարողացանք պարզել՝ կմասնակցի՞ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ով չի ծառայել բանակում, քանզի նրա հեռախոսն անջատված էր։ Ներկա կլինեն ակտիվ ուսանողներ Դավիթ Պետրոսյանը, Գարիկ Պետրոսյանը, Հայկ Զաքարյանը, Սարգիս Բադալյանը եւ Յուրի Ավետիսյանը։ Դասախոսական կազմից ներկայացուցիչներ չեն լինի։ Դավիթ Պետրոսյանը մեր լրագրողին այս առթիվ պարզաբանեց, որ նախ իրենք ցանկություն չեն հայտնել, որ ցանկանում են մասնակցել քննարկմանը, երկրորդն էլ՝ եթե կազմն ընդլայնվի, ապա իշխանության կողմից էլ կընդլայնվի։ Կլոր սեղան-քննարկումը հեռարձակվելու է ուղիղ եթերով։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ-ն երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագիծը, որը Սերժ Սարգսյանը դեռ չի ստորագրել։



Ուսանողների բողոքի մոտ մեկշաբաթյա ակցիան, դասադուլն ու հացադուլը դադարեցին նոյեմբերի 15-ին Շարմազանովի աշխատասենյակում կայացած հանդիպում-քննարկումից հետո։ Նշենք նաեւ, որ 120 գիտաշխատող եւ դասախոս հանդես են եկել հայտարարությամբ` սատարելով ուսանողների շարժումը։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**