Ուսանողները մտել էին փակուղի, այլ տարբերակ չկար՝ դադարեցրին

Ուսանողները մտել էին փակուղի, այլ տարբերակ չկար՝ դադարեցրին
Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանի հայացքով՝ երեկ տեղի ունեցածը, երբ ուսանողները դադարեցրին հացադուլն ու դասադուլը, շատ պարզունակ ու բնական էր՝ որեւէ արտառոց բան չկար:



«Ես սա ասում եմ հետեւյալ համատեքստում. երբ ցանկացած շարժում՝ լինի քաղաքական իշխանության հասնելու համար, սոցիալական խնդիրների, ունի տրամաբանություն ու միջոցներ, որոնք բերում են հռչակված նպատակների: Այս շարժումը հենց սկզբից սխալ ձեւերով փորձեր արեց, անգամ իրենց նպատակը հստակ չէր՝ դասադուլն ինչի համար է արվում, հետո առավել անհասկանալի դարձավ, թե ինչու հացադուլ սկսեցին: Այսինքն՝ վստահ եմ, որ երիտասարդների անփորձությունն օգտագործվեց որոշ քաղաքական «աութսայդերների», չկայացած ակտիվիստների կողմից, եւ երիտասարդներին ուղղակի տարան պատային իրավիճակի»,- ասում է Նարեկ Սամսոնյանը: Նրա ամփոփմամբ՝ երիտասարդներին այլ բան չէր մնում, քան դադարեցնել հացադուլն ու դասադուլը, որն արդեն իրոք ինքնանպատակ էր դառնում, եւ մնում էր օգտվել Շարմազանովի առաջարկից՝ դեմք փրկելու համար:



Նարեկ Սամսոնյանը, ով ժամանակին Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին պաշտպանողների ակտիվ խմբից էր, այն կարծիքին չէ, որ շարժումը թափ էր հավաքում, ուներ elektrikyerevan-ի պոտենցիալը: «Այդպիսի չափազանցություններ անընդհատ եղել են, ես 2012-ին Բրյուսովի շարժման մասնակից եմ, եւ միայն մի բուհով մենք 2 հազար ուսանող էինք հանում փողոց, բառիս բուն իմաստով, հակառակը՝ այս շարժումը չուներ այն էներգետիկան, որը վերագրվում էր: Եվ այս, որ ասում էին՝ թափ առնել, ուղղակի չակերտավոր է, որովհետեւ ուսանողների մոտ հավաքվածները խնդրի շահառուները չէին. կային 1 տոկոսից պակաս ձայներ հավաքած կուսակցութուններ, կրկնում եմ՝ չստացված քաղակտիվիստներ, կոմունիստներ, անարխիստներ: Այսինքն՝ դա ավելացում չէ, երբ նման մարդիկ շատանում են: Ավելին՝ դա նշանակում է, որ այս շարժումն արդեն իսկ կործանված է, ինչպես եղավ, այո, elektrikyerevan-ի հետ, երբ ասպարեզ եկան «լուզերները»»,- պնդեց քաղաքագետը:



Իսկ անուններ կտա՞ք՝ ովքե՞ր են այդ «լուզերները»։ Նարեկ Սամսոնյանն արձագանքեց, որ անուն տալու կարիք չի տեսնում, որպեսզի, իր խոսքով, չարժեւորի այդ մարդկանց շատ փոքր անձերը:



**Անի Բաղդասարյան**