Ինչու Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ն չպաշտպանեց

Ինչու Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ն չպաշտպանեց
ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորները երեկ Ազգային ժողովում շարունակեցին պատերազմը կառավարության դեմ։ 2018 թվականի բյուջեի քննարկման ընթացքում նրանց բոլորի ելույթներում շոշափվում էր ՓՄՁ-ների, այսինքն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» առեւտրականների նկատմամբ վարած հարկային կոշտ քաղաքականությունը, որի առիթով «Ծառուկյան դաշինքը» մեկ օր առաջ հարձակում գործեց կառավարության վրա։ Թվում էր՝ Սերժ Սարգսյանի հետ ջերմ հարաբերություններ հաստատած Գագիկ Ծառուկյանի թիմն այլեւս չի գնա իշխանության հետ առճակատման, բայց պարզվեց՝ Կարեն Կարապետյանն ու կառավարությունը դեռ իշխանություն չեն, եւ Սերժ Սարգսյանին խնայող ծառուկյանականներն անխնա են Կարեն Կարապետյանի ու նրա թիմի նկատմամբ։ Այս իրավիճակը մեկ այլ նուրբ երանգ է ստանում նաեւ այն առումով, որ «Ծառուկյան դաշինք»-կառավարություն փոխհրաձգություններին որեւէ կերպ չեն արձագանքում հանրապետականները, հանդես չեն գալիս ի պաշտպանություն վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչն արդեն կասկածների տեղիք է տալիս։ Ավելին՝ ծառուկյանականների գրոհի ժամանակ նիստը վարողները կարող էին, օգտվելով կանոնակարգ-օրենքի թույլ տված հնարավորությունից, նաեւ ձայն չտալ խմբակցության պատգամավորներին, քանի որ վարման կարգի վերաբերյալ նրանց ելույթները չէին առնչվում օրակարգում ընդգրկված հարցերի հետ, մինչդեռ Էդուարդ Շարմազանովը միայն մեկ-երկու անգամ ձեւական անջատեց խոսափողները, այն էլ՝ այն ժամանակ, երբ պատգամավորներն արդեն հասցրել էին «գնդակոծել» Մոնումենտի դղյակների ուղղությամբ։ Նախկին ԱԺ նախագահներն էլ ժամանակին կոշտ հակադրվում էին «կարգազանց» ընդդիմադիրներին, իսկ Արա Բաբլոյանը շիվարած հետեւում էր Շարմազանովի գործողություններին։



Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը մնացել առանց ՀՀԿ-ի պաշտպանության, մի՞թե այս պարագայում իշխանության մի թեւի եւ ընդդիմության շահերը համընկնում են, եւ նպատակը վարչապետի դիրքերը թուլացնելն է։ Գուցե սա նաեւ փոխվարչապետական հա՞յտ է Գագիկ Ծառուկյանի կողմից։ ՀՀԿ խմբակցության ղեկավար **Վահրամ Բաղդասարյանը **չի ընդունում, թե Կարեն Կարապետյանը չունի ՀՀԿ-ի աջակցությունը, իսկ չեն պատասխանել ընդդիմադիր գործընկերներին, որպեսզի չկարեւորեն նրանց եւ լուրջ չընդունեն նրանց հայտարարությունները։ «Իսկ մենք լուրջ չենք վերաբերվում»,- ասաց Բաղդասարյանը՝ հորդորելով ուսումնասիրել կառավարության եւ ՊԵԿ ղեկավարների հայտարարությունները, ինչպես նաեւ «Ծառուկյան դաշինք» խմբակցության որոշ անդամների հայտարարագրերը, եւ հասկանալի կլինի դժգոհության պատճառը։ «Նայեք վարչապետի եւ ՊԵԿ ղեկավարի հայտարարագրերը, նրանք երկուսն էլ ողջ կյանքում բիզնեսով են զբաղվել, եղել են ամենապահանջված մենեջերները եւ որեւէ բան իրենց հայտարարագրերում չեն թաքցրել, իսկ հայտարարություն անողներինը նայեք…»,- ասաց ՀՀԿ խմակցության ղեկավարը՝ ակնարկելով, որ ընդդիմադիրները գործում են ստվերում։



«Երբ խոսում ենք, որ օրենքը բոլորի համար պետք է հավասար լինի, պետք է հարկային դաշտ բերենք բոլորին, ապա դա բոլորին է վերաբերվում»,- բացատրեց Վահրամ Բաղդասարյանը նկատելով, որ մի կողմից այդ խմբակցությունը հորդորում է բարձրացնել աշխատավարձերը, մյուս կողմից ասում է՝ «Առինջ մոլի» առեւտրականներին հարկային արտոնություններ տվեք։ Եվ, ի դեպ, անդրադառնալով լուրերին, որ հարկային տեսուչն «Առինջ մոլի» տարածում վրաերթի է ենթարկել առեւտրականներից մեկին ու փախուստի դիմել, ասաց, որ իրենք էլ տեղեկություն ունեն, որ այդ տեսուչի նկատմամբ կոպիտ ու հարձակողական վերաբերմունք են դրսեւորել։ Վահրամ Բաղդասարյանn անհավանական համարեց այդ պայքարի արդյունքում վարչապետի հրաժարականի հեռանկարը․ «Դուք այդպիսի հեռո՜ւ հայացքներ միք նետի, վարչապետը կատարում է իր գործը ,եւ, բնականաբար, երբ մարդիկ նպատակային են կատարում իրենց գործը, միշտ դժգոհություններ են լինում։ Անգործության եթե մատնվեր կառավարությունը, այն ժամանակ որեւէ դժգոհություն չէր լինի, պետք է քննադատեին այդ ժամանակ եւ ասեին՝ ինչո՞ւ եք անգործ։ Մինչդեռ կառավարության կոնկրետ այս գործողությունը ստվերի դեմ ուղղված քայլ է, ինչին դեմ է ընդդիմությունը»։



Հանրապետական **Կարինե Աճեմյանն **էլ այն կարծիքին է, որ պետք չէր պատասախանել զավեշտալի ելույթներին․ «Որովհետեւ կարծում եմ, որ թիրախները ճիշտ չէին ընտրված։ Կան մարդիկ, որոնք իրենք ապրելով դղյակներում, ունենալով գազամատակարարման հետ կապված առնչություն, 8-10 հոգով բարձրացնում են այդ խնդիրները՝ մտածելով, որ ով ավելի բարձր կբղավի, նա ավելի թունդ ընդդիմադիր է ու ավելի լավ կուսակցական։ Ես լուրջ չեմ ընդունում այդ ելույթները, այդ պատճառով էլ, թերեւս, պատասխաններ չհնչեցին»։ Նա վստահ է, որ դաշինքին չի հաջողվի Կարեն Կարապետյանին արժանացնել Տիգրան Սարգսյանի ճակատագրին, քանի որ գործընկերների քննադատության պատճառը խիստ անձնական է։

Զրուցեցինք նաեւ վարչապետի հովանավորյալ** Անդրանիկ Հարությունյանի**՝ Գազի Անդոյի հետ՝ Կոտայքից ընտրված։ Ինչո՞ւ գոնե Դուք չպաշտպանեցիք վարչապետին ընդդիմության գրոհից։ «Դա գրոհ չէր, տեսակետ էր, որն արտահայտեցին, հետեւաբար հարց՝ ո՞ւմ պաշտպանեմ, ինչի՞ց պաշտպանեմ»,- ասաց Հարությունյանը՝ վստահեցնելով, որ Կարապետյանի դեմ հատուկ արշավ չի սկսվել․ «Կառավարությունն ընդամենն իր գործառույթներն է իրականացնում՝ ինչքան է դա չոր կամ կոշտ, խնդրին ծանոթ չեմ, չեմ կարող գնահատականներ տալ»։** Կարեն Կարապետյանը** երեկ անձամբ հնարավորություն ունեցավ պատասխանել «Ծառուկյան դաշինքին», **Գեւորգ Պետրոսյանը** նրանից հետաքրքրվեց ՊԵԿ-ի «վայրագությունների» մասին։



«Վայրագությունների նկատմամբ վերաբերմունքս բացասական է: Եթե կա նման դեպք, պետք է հետաքննվի եւ համապատասխան գնահատական տրվի: Եթե Դուք հարցն ուզում եք տաք «Առինջ մոլի» հետ կապված, ապա մի քիչ այլ ձեւ ձեւակերպեք, որ ես էլ կարողանամ պատասխանեմ, եթե դա Ձեզ հետաքրքրում է: Բայց հարցը հնչում է այսպես՝ ինչպե՞ս եք վերաբերվում վայրագությանը: Ես մարդ չգիտեմ, ով վայրագությանը լավ է վերաբերվում: Վայրագությունն ապացուցվելու դեպքում էդ մարդուն պատժելու եմ: Երբ որ ապացուցվի վայրագությունը, վայրագն իր մեղքը (նկատի ունի պատիժը) կստանա»,- ասաց Կարեն Կարապետյանը: Նա ակնարկեց, որ «Առինջ մոլում» 748 սուբյեկտ կա, աշխատողների թիվը 338-ն է։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**