Համաձայն չեմ տեսանյութի հետ, քննությունը կավարտվի, թող մտածեն, թե տեսանյութի տակից ոնց են դուրս գալիս

Համաձայն չեմ տեսանյութի հետ, քննությունը կավարտվի, թող մտածեն, թե տեսանյութի տակից ոնց են դուրս գալիս

Օրեր առաջ ոստիկանության պաշտոնական կայքում հայտնվեց տեսանյութ, ըստ որի՝ «Սևան» ազգային պարկի Նորատուսի մասնաճյուղի տնօրենը կազմակերպում է ապօրինի ծառահատումներ: Հատված ծառերը տնօրենի որդին մշակում է իրենց սղոցարանում։ Իրավապահները նրանց պատկանող սղոցարանում հայտնաբերել են տախտակներ ու գերաններ, որոնց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթեր չեն եղել։ Բնությանը հասցված վնասի չափը ճշտվում է, նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են:



Զրուցեցինք «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի հետ հետևյալ հարցերի առնչությամբ․ ի՞նչ ծառահատումներ են եղել, որքա՞ն է բնությանը հասցված վնասի չափը։ «6-րդ վարչությունը եկել էր, մասնաճյուղի տնօրենին էլ էին տարել, որդուն էլ: Խնդիրը մասնաճյուղի տնօրենի տղայի հետ է կապված, որն ունի սղոցարան, զբաղվում է փայտի ներկրմամբ արտերկրից, ունի իր բիզնեսը: Իսկ ապօրինի հատված ծառերի հետ կապված տեղեկատվությունը մենք հերքել ենք, իհարկե ոչ պարտաճանաչը ոստիկանություն է, որ չհերքեց, իրենց ռեկլամի համար թողեցին: Ասում եմ ձեզ, որ ապօրինի հատված ծառ չի եղել ընդհանրապես»,- նշեց Վահե Գուլանյանը։



-Այդ դեպքում ոստիկանության աշխատանքը ո՞րն է, գործ բացահայտե՞լը, թե՞ գործ սարքելը:



-Հիմա, թե գործ սարքում, թե լավ չի ուսումնասիրել դեպքերը, թե իրենց թվալով են աշխատում, դա չգիտեմ, գործ չեն կարող սարքել: Մենք սպասում ենք նախաքննության ավարտին: Բայց էն մարդը, ով հիմարություն արավ իմ հիմնարկի մեջ, ով ունեցավ անբարեխիղճ վերաբերմունք բնության նկատմամբ, ով ձեռքը երկարացրեց անտառին սահմանվածից ավելի, նա պատժվելու է, նախաքննությունը կավարտվի, կհասկանանք՝ մեղավորը ով է: Ապօրինի ծառահատումը չկա, ես պաշտոնապես հերքում եմ: Ապօրինի ծառահատում կնշանակի, որ իմ թողտվության եւ թերի աշխատանքի հետեւանքով են առաջացել ապօրինի ծառահատումները, իսկ ես իմ աշխատանքի մեջ չեմ թերանում:



Նորատուսի մասնաճյուղում 2 տեսակ օրինական ծառահատումներ կան, մեկը՝ Սեւանա լճի ջրածածկ անտառտնկածների մաքրումն է, մյուսը՝ քամանատապալ եւ ձյունակոտոր ծառեր տեղահանման աշխատանքները: Համոզվելու համար ստուգել ենք եւ ապօրինի ծառահատման դեպք չենք հայտնաբերվել:



Նորատուսի մասնաճյուղի տնօրեն Նորահույս Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համաձայն չի ոստիկանության տարածած տեսանյութի հետ, եւ որ քննության ավարտից հետո ամեն ինչ կպարզվի. «Իմ տղու հետ կապված կասեմ, որ իմ տղան ԱՁ ունի, դա մեր ընտանեկան բիզնեսն է, Ռուսաստանից փայտ է ներկրում: Հիմա քննություն է ընթանում, ամեն բան պարզ կդառնա: Մեր մոտ ապօրինի ծառահատումներ չկան, իսկ իմ տղայի մոտ էլ իր բոլոր փաստաթղթերը կան, որ ներկրել է Ռուսաստանից: Անգամ, եթե մեր մաքրման ծառերից էլ գնել իմ տղան, էլի փաստաթղթերն ունի: Քրեական գործ չեն հարուցել, տղայիս որպես վկա են կանչել:



-Պարոն Պողոսյան, տեսե՞լ եք տեսանյութը:



-Այո, համաձայն չեմ տեսանյութի հետ, քննությունը կավարտվի, հետո իրենք թող մտածեն, թե տեսանյութի տակից ոնց են դուրս գալիս:



Նելլի Կարապետյան