Մահացել է «Հոկտեմբերի» 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանը

Մահացել է «Հոկտեմբերի» 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանը

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի հարազատները հայտնեցին, որ նա բանտախցում մահացել է: ՔԿՀ լրատվական վարչությունից մեզ հայտնեցին, որ նա սրտի շրջանում ունեցել է ծակոցներ, հրավիրել են «Շտապ օգնություն», տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է։ ՔԿՀ լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը մեզ տեղեկացրեց, որ Էդուարդ Գրիգորյանը մինչ այդ տարել է սրտամկանի վիրահատություն պետպատվերի շրջանակներում։ Այն ժամանակ մամուլում գրվեց, որ նման թանկ վիրահատությունն իրականացվել է Վազգեն Մանուկյանի միջնորդությամբ։



Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին  Էդիկ Գրիգորանը Նաիրի և Կարեն Հունանյանների, նրանց քեռի Վռամ Գալստյանի և խմբի մյուս անդամների հետ մուտք էր գործել Ազգային ժողով, գնդակահարել 8 մարդու: Նրանք կրակոցներով սպանել էին կառավարության եւ խորհրդարանի անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:



Նշենք, որ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը  Այս գործով այլ վկաներ ևս կասկածելի հանգամանքներում մահացել են։ Կալանավայրում մահացավ գործով կասկածյալ Նորայր Եղիազարյանը՝ էլեկտրիկը, որին «տոկը խփեց»։ 2004-ին կալանավայրում կախվեց Հունանյանների քեռին՝ Վռամ Գալստյանը, իսկ 2010-ին իր անկողնում մահացավ Համլետ Ստեփանյանը՝ միակը, որին ցմահ չէին դատապարտել։ Պաշտոնական վարկածն այս դեպքում սրտի կաթվածն էր։ Այս պաշտոնական վարկածներին ոչ ոք չէր հավատում, որովհետեւ կարծես կախարդական փայտիկի կամ անեծքի ուժով մեռնում էին բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ առնչվել էին հոկտեմբերի 27-ին։ Վկա Տիգրան Նաղդալյանն սպանվեց իր տան մոտ։ Շմայսի եղբայրը՝ Մուշեղ Մովսիսյանը, որին կալանավորել էին եւ հարցաքննել, մահացավ հիվանդանոցում, վիրահատվելուց հետո։ ԱԺ անձնագրային բաժնի աշխատակցուհի Հասմիկ Աբրահամյանը, որը նույնպես վկա էր, կախվեց աշխատավայրում։ Վկա, նախկին բուժաշխատող Ռոզա Հովհաննիսյանը մահացավ ԱՄՆ-ում, որտեղ անցյալ տարի քաղցկեղից մահացավ նաեւ հեռուստալրագրող, Հանրային հեռուստաընկերության թղթակից Տիգրան Նազարյանը։



Հոկտեմբերի 27-ի 18-րդ տարելիցից առաջ Էդուարդ Գրիգորյանը խոստացել էր բացահայտումներ անել, փաստեր հրապարակել, որոնց մասին մինչ այս ոչ ոք չի խոսել։ 2014թ նոյեմբերին մասնագիտությամբ մանկաբույժ Էդուարդ Գրիգորյանի բերդի նկարով մի էջ հայտնվեց Ֆեյսբուքում, որտեղ ցմահ դատապարտյալը մի քանի գրառում կատարեց՝ խոստանալով, որ «շուտով, շատ շուտով» պատմելու է այն ամենը, ինչը երկար տարիներ «համառորեն եւ բավական փնթի ձեւով փորձում են թաքցնել հասարակությունից»: «Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է: Հրապարակելու եմ նյութեր քրեական գործից։ «Տուժողների» եւ «վկաների» ցուցմունքներից հատկապես երիտասարդները շատ բան կիմանան այսօր տարբեր հարթակներից կոկորդ պատռողների մասին եւ ավելի ուշադիր կլինեն քաղաքական «տարբեր ճամբարներ» ներկայացնող գործիչների հետ իրենց շփումներում։ Հուսով եմ, որ ապագայում նրանք կընտրեն ավելի լավ պառլամենտ, որտեղ պատգամավորների ընդհանուր պլանը չի հիշեցնի օժանդակ դպրոցի ավարտական լուսանկար»,- գրել էր իր էջում դատապարտյալը։ Նաեւ նշել էր, որ առանձին անդրադառնալու է Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքներին։ Սակայն շատ արագ նրա լուսանկարով ֆեյսբուքյան էջից անհետացան հոկտեմբերի 27-ի մասին նրա գրառումները։ Էդուարդ Գրիգորյանը լռեց։ Նրան վախեցրել էին՝ ասելով, որ եթե շարունակի, ապա նրա ընտանիքի անդամներին աշխատանքից կհանեն։ Մամուլում նաեւ պարբերաբար հայտնվում էին նրա ընտանիքի անդամների հարցազրույցները։ Իսկ ավելի վաղ թերթերից մեկը տպագրեց նրա կալանախցից մի լուսանկար, որտեղ մի քանի ցմահ դատապարտյալներին այցի էր գնացել «Ազատամտություն» թերթի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը։