Պատմության միֆը

Պատմության միֆը

ՀԱԵ մասին Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը քննադատվեց: Դարձյալ հնչեց նորմատիվ տեսակետը, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին դարեր շարունակ փոխարինել է պետությանը, նա է պահպանել մեր ազգային ինքնությունը: Նախկին վարչապետին մեղադրեցին «պատմությունից անտեղյակության» մեջ, հիշեցրին, որ 428 թվականին սուրբ Սահակ Պարթեւն է դիմադիր եղել հայոց պետականության վերացմանը: Կարելի է ավելի պաթետիկ բաներ ասել, հիշեցնել, ինչպես եւ արվեց, որ եկեղեցին է կազմակերպել եւ առաջնորդել 450-51թ.թ. ապստամբությունը եւ Ավարայրը:



Սկզբունքորեն այդպես էլ արվում է, եւ մենք ունենք զտած-մաքրած-թորած պատմություն, որը գեղեցիկ է հնչում կարդալիս, բայց հենց մի փոքր փորձենք խորանալ, բախվում ենք հազար ու մի հարցականի, որոնց պատասխանները չկան: Ավելին, նման հարցեր հնչեցնելն իսկ ընդունված չէ: Այլապես Հրանտ Բագրատյանի գրառումն այդքան խիստ քննադատության չէր արժանանա:



Բագրատյանի բոլոր ընդդիմախոսներին ուզում եմ մի հարց ուղղել. «Եթե եկեղեցին պետության ջատագով կամ հովանավոր է եղել, ինչպե՞ս եք բացատրում Սահակ Պարթեւի տեսիլքը, որը գուժում է Արշակունյաց թագավորության կործանում»: Հայ եկեղեցու հովվապետին ինչո՞ւ է երեւացել հատկապես այդ տեսլականը, որ Արշակունյաց գահը պետք է խորտակվի, Հայաստանը դարեր շարունակ զրկվի ինքնիշխանությունից... Մի՞թե նրանք՝ Հրանտ Բագրատյանի քննադատները, հավատում են նման հրաշապատումների:



Մի՞թե չեն տեսնում, որ այդ տեսիլքի պատմությունը փաստացի արձանագրում է եկեղեցի-Արշակունյաց գահ հակամարտությունը, որը, ցավոք, ավարտվեց աշխարհիկ իշխանության պարտությամբ: Մի՞թե պատմագրության մեջ եղած նյութերը բավական չեն, որպեսզի ընդունենք պարզ ճշմարտությունը՝ քրիստոնեական համայնքի գաղափարն է եղել եկեղեցու գործունեության հիմքում: 4-րդ դարի Արշակունյաց Հայաստանում ծավալված բոլոր արյունալի իրադարձությունների պատճառը եկեղեցի-թագավոր ներհակությունն է:



Ըստ երեւույթին, մենք չենք ուզում իմանալ եւ ոչ մի լրացուցիչ տեղեկություն: Այդպես հաճելի է՝ կա պատմության միֆ, կան հաստատուն գնահատականներ, ինչո՞ւ ջանք թափել հասկանալու համար Ներսես Մեծ անվանված կաթողիկոսի ու Արշակ, ապա եւ Պապ թագավորների թշնամությունը: Ավելի հեշտ է ամեն ինչ քողարկել պաթետիզմով: Հրանտ Բագրատյանը լուրջ խնդիր է բարձրացրել: Նա ուզում է պատմության միֆի փոխարեն հասարակական գիտակցություն բերել իրական պատմությունը: Միֆը մեզ ոչնչով չի օգնում: Իրական պատմության իմացությունը կփոխի մեր վերաբերմունքը ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի հանդեպ: Իսկ դա ապագան տեսնելու հնարավորություն է: Երեւի դա է, որ Բագրատյանի ընդդիմախոսներին պետք չէ: «Այսպես լավ է»,- ահա նրանց կեցվածքը: Ափսոս...



Վահրամ Աթանեսյան