Պաշտոնանկ արված տնօրենը, որի դեմ քրեական գործ է հարուցվել, շարունակում է դասավանդել դպրոցում

Պաշտոնանկ արված տնօրենը, որի դեմ քրեական գործ է հարուցվել, շարունակում է դասավանդել դպրոցում

Ամիսներ առաջ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան N5 հիմնական դպրոցում իրարանցում էր, թեժ մթնոլորտ: Դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը, ով ՀՀԿ Արտաշատի կանանց խորհրդի երբեմնի նախագահն էր եւ ՀՀԿ-ն լքեց Հովիկ Աբրահամյանի՝ «առվակ» դառնալուց հետո, ազատվել էր աշխատանքից: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հրահանգով՝ մարզպետարանը ներքին աուդիտ էր իրականացրել նշված դպրոցում, աուդիտի իրականացման շրջանակում ուսումնասիրվել էին դպրոցի 2014, 2015 եւ 2016 թվականների ընթացքում իրականացրած ֆինանսական գործառույթները, գնումների գործընթացները, նախատեսված եւ կատարված փաստացի ծախսերի համեմատումը, աշխատավարձերի հաշվարկման կարգը, հաշվետվությունների արժանահավատությունը եւ համապատասխանությունը օրենքներին եւ այլ իրավական ակտերին: Մարզպետի ուշադրության կենտրոնում հայտնված դպրոցի տնօրենը հանկարծահաս հետաքրքրությունը իր ղեկավարած հաստատության հանդեպ բացատրել էր քաղաքական դրդապատճառներով: «Ոչ մի խնդիր դպրոցը չի ունեցել գումարի հետ կապված… թող իրենք փաստերով պատասխանեն, հրապարակեն»,-մասնավորապես հայտարարել էր դպրոցի տնօրենը:



Մեզ տեղեկություններ էին հասել, որ մարզպետը տնօրենին ազատելով չի սահմանափակվել, քննության են առնվել նաեւ դպրոցի մեկենաս, Ավստրիայում բնակվող Արշալույս Ճգնավորյան Այզենբաուերի եւ նախկին տնօրենի իրականացրած ֆինանսական գործարքների փաստաթղթերը, մինչդեռ աջակցությունը բարեգործական հիմունքներով է եղել, եւ մարզպետարանն այդ փաստաթղթերն ստուգելու իրավասություն չպետք է ունենար: Արշալույս Ճգնավորյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, աղմկահարույց ստուգումների ընթացքում ստիպված է եղել հեռախոսազրույց ունենալ Ա. Գրիգորյանի հետ ու հորդորել վերջ դնել այդ գործընթացին:



Ի վերջո, ի՞նչ էր պարզվել աուդիտի ընթացքում եւ ինչ ընթացք է տրվել դրան: Մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանը մեզ հայտնեց, որ իրենք համակարգային աուդիտ են իրակայացրել, ստուգել են այն փաստաթղթերը, որոնք ստուգելու իրավասություն ունեին, այլ՝ իրենց իրավասությունների շրջանակներից դուրս փաստաթղթեր իրենք քննության չեն առել: Նա նշեց, որ հայտնաբերված խախտումների առնչությամբ դպրոցի տնօրինությունը, մասնավորապես Հայրապետյանը, հրավիրվել է մարզպետարան, նրան են ներկայացվել աուդիտի արդյունքները, ինչի առնչությամբ դպրոցի նախկին տնօրենը առարկություններ չի ներկայացրել: Թե ինչ խախտումներ մասին է խոսքը՝ մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետը չցանկացավ մանրամասնել՝ պատճառաբանելով, թե նախաքննություն է ընթանում: Նա նշեց նաեւ, որ նախավերջին աուդիտը դպրոցում իրականացվել է երկու-երեք տարի առաջ: Հարցին՝ այն ժամանակ նույնպես խախտումներ հայտնաբերվել էին, Քարամյանն արձագանքեց. թե «Դե խախտումներ միշտ էլ լինում են, էլի»: Պարզապես այն ժամանակ Ռ. Հայրապետյանը ՀՀԿ-ական ազդեցիկ տիկին էր եւ ցանկացած խախտում կարող էր հեշտությամբ ներվել նրան ու անաղմուկ մոռացության տրվել: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանն էլ նշեց, թե աուդիտի արդյունքների հիման վրա քրեական գործ է հարուցվել, տնօրենը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, նախաքննություն է ընթանում:



Ի դեպ, դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը, ով 2010թ–ին պարգեւատրվել է ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրով, 2011թ-ին ՀՀ նախագահի կողմից արժանացել է «Վաստակավոր մանկավարժի» կոչման եւ բազում այլ պատվոգրերի ու շնորհակալագրերի, շարունակում է աշխատել դպրոցում, հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում: Տնօրենի թափուր տեղի համար մեկ անգամ արդեն իսկ մրցույթ հայտարարվել է, սակայն որեւէ թեկնածու չի առաջադրվել, մրցույթը չի կայացել: Առաջիկայում, ըստ Աղաբեկյանի, կհայտարարվի նոր մրցույթ: Տնօրենի պաշտոնակատարն այժմ Արմինե Դավթյանն է: Ի դեպ, մարզպետարանի կայքում մինչ այժմ որպես դպրոցի տնօրեն ներկայանում է Ռուզաննա Հայրապետյանը: Մենք զանգահարեցինք հիշյալ դպրոց՝ տիկին Հայրապետյանից նույնպես մեկնաբանություն լսելու: Հեռախոսին պատասխանած տիկնոջից հարցինք՝ կարող ենք խոսել Հայրապետյանի հետ, ինչին նա կտրուկ «ո՜չ» ասաց ու անջատեց հեռախոսը: Մեր հերթական զանգին քարտուղարուհի ներկայացած անձը սկսեց մունաթ գալ, թե. «Զանգել ենք տնօրենի կաբինետ, ինչ որ մարդկանց եք ուզում: Դուք ինձանից ի՞նչ եք ուզում»: Տիկինը դարձյալ անջատեց հեռախոսը եւ այլեւս մեր զանգերին չպատասխանեց: Իսկ քիչ ավելի ուշ՝ համարը դարձավ անհասանելի: Ինչեւէ:



Նշենք, որ Ավստրիայում բնակվող Ա. Ճգնավորյանն ամուսնու՝ Էրվին Այզենբաուերի հետ այս օրերին Հայաստանում է, անցյալ ուրբաթ էլ հանդիպել է մարզպետ Արամայիս Գրիգորյանին, այնուհետեւ Խաժակ Աղաբեկյանի հետ միասին բարեգործ ամուսիններն այցելել են N5 հիմնական դպրոց, հանդիպել ուսուցչական կոլեկտիվի հետ։ Բարեգործ ամուսինների միջոցներով դպրոցում տարիներ առաջ ստեղծվել էր բարեգործական հիմնադրամ, որի նպատակը դպրոցական շենքի վերանորոգման աշխատանքներին, դպրոցի նյութատեխնիկական բազայի համալրմանն աջակցելն ու դպրոցի սոցիալապես անապահով երեխաներին ու մանկավարժներին սոցիալական օգնություն ցուցաբերելն է։ Բարեգործ ամուսիններին ներկայացվել է հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված աշխատանքների ընթացքը, ձեւավորվել է բարեգործական հիմնադրամի նոր խորհուրդ, որի նախագահը Ա. Ճգնավորյանն է:



Հ.Գ. Արտաշատի անբարեկարգ վիճակում գտնվող 5-րդ դպրոցը Ա. Ճգնավորյանը իր միջոցներով սկսեց հիմնանորոգել 2003 -2004 թվականներին: Գումարները չփոշիացնելու համար նա անձամբ էր գնում շինանյութն ու անհրաժեշտ այլ միջոցները:



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ