Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա

Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են բնակարանաշինության ծրագիրը: Համայնքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն զուգահեռ, կողմերը կարեւոր են համարում նաեւ շինարարական աշխատանքներին կամավոր մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես պատասխանատու մոտեցման դրսեւորում: Կազմակերպությունների կամավորների ավանդական դարձած մասնակցությունը յուրօրինակ ուղերձ է հասարակությանը:Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում բնակվող Մանուկյանների ընտանիքը նոր կառուցվող հարկի տակ հյուրընկալել է համագործակցող կողմերի ղեկավարներին, աշխատակիցներին եւ կամավորների թիմին առաջին անգամ միացած ուսանողների: Տարբեր ծրագրերի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեությանը ծանոթացած ուսանողներն այս անգամ բացահայտել են, թե հատկապես ինչ է պատասխանատու ընկերության արժեհամակարգը: Համատեղ ուժերով իրականացվել են տնամերձ հատվածում մայթերի բետոնացման աշխատանքներ:



Մանուկյանները՝ տասնհինգ հոգով, տարիներ շարունակ ապրել են ընտանիքի հոր՝ Հրաչի հայրական տանը: Ավելի ուշ, Հրաչի զինվորական ծառայությամբ պայմանավորված, տեղափոխվել են վարձակալությամբ տրված բնակարան: Ընթացող շինարարությունը ոգեւորել է տանտերերին. նրանք հաղթահարված են համարում մինչեւ այժմ եղած խնդիրները:



«Բազմանդամ ընտանիքում ապրելն իր դժվարություններն ունի. կենցաղային անհարմարությունների եւ տարածքի փոքրության հետ ավելանում են խնդիրները: Ամուսնուս ծնողները, քույրը՝ իր չորս երեխաներով, եղբոր ընտանիքը, կրտսեր եղբայրը, յուրաքանչյուրն իր ուժերի ներածի չափով փորձում էր օգնել կառուցել այս տունը, սակայն ապարդյուն: Առանց ձեր օգնության մենք դժվար թե մոտ ապագայում տուն ունենայինք: Անակնկալ ուրախություն էր մեզ համար: Օտար, բայց այնքան հարազատ այս մարդկանց օգնությունը մեզ մի քանի քայլ մոտեցրեց բնակարանամուտին»,- ասել է ընտանիքի մայրը՝ Աննան:



«Որեւէ մեկը դատապարտված չէ ապրելու չքավորության մեջ՝ չիրականացված երազանքներով: Որպես ազգ՝ մենք արժանի ենք հարգանքի եւ բարեկեցության: Երբ համախմբվենք եւ գիտակցենք այս ամենը՝ հաջողությունն անպայման կլինի: Այս ծրագրի հաջողություններից մեկը կամավորության դրսեւորումն է: Այն մերժում է անտարբերությունը՝ մարդկանց մեջ արթնացնելով սեփական ուժերի նկատմամբ հավատն ու դժվարությունները հաղթահարելու կամքը: Համոզված եմ, որ մեր ապագայի սերունդը գիտակցում է կամավորության առաքելությունը: Այսօր մեզ հետ աշխատելու նրանց պատրաստակամությունը դրա վառ ապացույցն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



«Ամեն անգամ, ընտանիքի հետ ուսուսի աշխատելով, մենք ոչ միայն օգնում ենք, որ օր առաջ ավարտվի շինարարությունը, այլեւ թույլ տալիս ընտանիքին, գյուղացուն զգալ, որ մենակ չէ իր առջեւ եղած դժվարությունները հաղթահարելու ճանապարհին: Միասնականության գաղափարը համախմբում է մարդկանց եւ ստիպում օգնության ձեռք մեկնել նրանց, ում նկատմամբ ճակատագիրն այնքան էլ բարի չի գտնվել: Օր ու գիշեր աշխատող, հողից հաց քամող ընտանիքն արժանի է բարեկարգ պայմաններում մեծացնելու իր երեխաներին»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:



ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում միայն Արագածոտնի մարզում 21 ընտանիքի բնակարանի խնդիր է լուծվել: Ծրագիրը Հայաստանի բոլոր մարզերում շահառու դարձած 150 ընտանիքի երջանկության պատճառ է դարձել եւ վերականգնել ապագայի նկատմամբ նրանց հույսն ու լավատեսությունը:



ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականին կատարել է ավելի քան 25 մլն․ ՀՀ դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար: