Երևանի Թիվ 157 մանկապարտեզի տնօրենին ազատել են աշխատանքից

Երևանի Թիվ 157 մանկապարտեզի տնօրենին ազատել են աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել է  «Երևանի հ. 157 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանը: Այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.



«Հիմք ընդունելով Երևանի ենթակայության «Երևանի հ. 157 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում «Թեժ գծի» հեռախոսահամարով 2017թվականի սեպտեմբերի 15-ին ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված վերահսկողության արդյունքները և դրանց վերաբերյալ Զ. Ադիյանի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 19-ին տրված բացատրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 122-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով և 226-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ կետի 1-ին մասի 6-րդ կետով և Երևանի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի N 182-Ն որոշման 3-րդ կետով.



1.Երևանի ենթակայության «Երևանի հ. 157 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանին 2017 թվականի սեպտեմբերի 23-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»։



Ավելի ուշ քաղաքապետարանը նաեւ տեղեկացրել է, որ սույն որոշման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացված ահազանգն առ այն, որ վերոնշյալ մանկապարտեզի տնօրենը չհաշվառված, այսինքն սահմանված կարգով մանկապարտեզ չընդունված երեխայի է թույլատրել հաճախել մանկապարտեզ: Սույն ահազանգի հիման վրա իրականացված վերահսկողության արդյունքներով նաև պարզվել է, որ Զարա Ադիյանը «Մանկապարտեզ» էլեկտրոնային հաշվառման համակարգում թույլ է տվել այնպիսի ձևակերպումներ (միջամտություններ), որոնց իրավասությունը չի ունեցել:
Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ պաշտոնից ազատված տնօրենն իր բացատրագրում ընդունել է, որ կատարել է վերոնշյալ խախտումները: Սույնը հաշվի առնելով` հորդորում ենք զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից:



Hraparak.am-ի թղթակիցը եղել է նախակրթական հաստատությունում, զրուցել տնօրենի և աշխատակիցների հետ: Թեմային մեր անդրադարձը՝ ավելի ուշ: