Իսկ ինչո՞ւ ՌԴ կրթության եւ գիտության նախարարին չարժանացնել պատվավոր դոկտորի տիտղոսին

Իսկ ինչո՞ւ ՌԴ կրթության եւ գիտության նախարարին չարժանացնել պատվավոր դոկտորի տիտղոսին

Գերատեսչական կայքերը ոչ միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուր են, այլեւ՝ ակամա քարոզչության։ Եթե հպանցիկ հայացք նետենք ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքին՝ edu.am, ապա կարող ենք ասել, որ անցնող շաբաթվա ամենաուշագրավ իրադարձությունը կրթության եւ գիտության ոլորտում եղել է սեպտեմբերի 25-26-ը ՌԴ կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլեւայի պաշտոնական այցը Հայաստան։ Նույն օրն ամենայն մանրամասնությամբ այդ այցը լուսաբանող երեք երկարաշունչ հաղորդագրություն է տեղադրվել կրթության եւ գիտության նախարարության կայքում։ 



«Պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ կրթության եւ գիտության նախարարը», «Շարունակվում է ՌԴ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնական այցը», «ՌԴ կրթության եւ գիտության նախարարը՝ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտոր» վերնագրերով հաղորդագրությունների միջոցով կայքի այցելուն իրազեկվում է, թե ՌԴ կրթության եւ գիտության նախարարն ինչ առաքելությամբ է եկել Հայաստան, ինչ հանդիպումներ է ունեցել եւ ում հետ ինչ հարցեր քննարկել։ ՌԴ կրթության եւ գիտության նախարարին, պարզ է, որ մտահոգել են հանրակրթական դպրոցներում աշխատող ռուսաց լեզվի ուսուցիչները, նրանց վերապատրաստման խնդիրները, որոնց մասին էլ նա բարձրաձայնել է ՀՊՄՀ-ում ունեցած հանդիպման ժամանակ՝ արժանանալով հենց այդ բուհի պատվավոր դոկտորի տիտղոսին։



Իսկ որ ՌԴ նախարարին այցի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է նաեւ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ինքնին չի դիտարկվում որպես արտառոց փաստ։



Իսկ հյուսիսից ժամանած նախարարի հանդիպումներն, ըստ ամենայնի, անհետեւանք չեն անցել դաշնակցական նախարարի համար, որը ռուսերենի կարեւորության մասին հիմա էլ բարձրաձայնում է Հանրային խորհրդում։ Որտեղից որտեղ նա «հայտնաբերել» է, որ հայկական մշակույթը սերտ առնչվում է ռուսական մշակույթին եւ պետք է հնարավորություն տալ ռուսերենին զարգանալու մեր երկրում։



Մնում է ուղղակի փարատել Լեւոն Մկրտչյանի բոլոր մտահոգությունները։



Մի՛ անհանգստացեք, պարոն նախարար։ Ռուսերենը Ձեր հոգածության կարիքը չունի։ Այսօր ՌԴ-ից եւ ԵԱՏՄ անդամ երկրներից ժամանած պաշտոնյաների բոլոր ասուլիսներն ու հանդիպումները լրագրողների հետ կայանում են ռուսերենով։ Եվ երբ «Լեզվի մասին» ՀՀ օրենքն ես հիշեցնում ու հարցնում, թե ինչու չկա թարգմանիչ, կազմակերպիչները լայն բացված աչքերով են նայում՝ ի՞նչ է, Դուք չգիտե՞ք ռուսերեն։



Թագուհի Հակոբյան