Մոսկվան նոր Հազկերտ է ծնել

Մոսկվան նոր Հազկերտ է ծնել

Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլևան առաջարկել է ԱՊՀ տարածքում վերադառնալ միասնական տառատեսակին` կիրիլիցային:



«Վերջին 10 տարիներին մեծ թեմա կար՝ տառատեսակների լատինականացում եւ արաբականացում: Այժմ բոլորը ԱՊՀ տարածքում պետք է վերադառնան միասնական տառատեսակի՝ դա կիրիլիցան է, որովհետև, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեր մերձավոր արտասահմանի բնակիչները խոսում են կիրիլիցային կապվածության ու անհրաժեշտության մասին», ասել է Վասիլևան:



Վլադիմիր Պուտինին կատարելապես երջանիկ լինելու համար կրթության այսպիսի նախարարն էր պակասում:



Հարցո՞ւմ: Որևէ մեկը Հայաստանում հարցում անցկացրե՞լ է` «Մաշտոցյան գի՞րն եք նախընտրում, թե՞ կիրիլիցան (լատնատառ ասենք): Այն ժողովուրդների շրջանում, որոնք սեփական գիրը չեն ունեցել, գուցե, եղել են նման հարցումներ, բայց Հայաստանում, դեռ 5-րդ դարից են գրում հայերեն տառերով ու երբեք խնդիր չի առաջացել մաշտոցյան այբուբենը փոխարինել այլ բանով: Լեզվական ռեֆորմներ, ուղղագրության փոփոխություն, այո, պատահել է, բայց տառերից հրաժարվելու հա՞րց:



Եվ ո՞վ է այսօր այդ հարցը դնում` ինչ-որ խիստ կասկածելի և արհեստական միության դոմինանտ երկրի տիկին նախարարը, որին լավ պարելու համար չգիտես ինչն է խանգարում:



Այսպիսի հարց` Օլգա Վասիլևան ուզում է մեզ կիրիլիցայի վրա դնել, որ ի՞նչ անի: Դա ի՞նչ է տալու ռուս մեծ ազգին կամ ԱՊՀ-ին, ինչպես նախարարն է ասում: Ասենք` ես այս առաջարկը անվանում եմ «apushutyun» կամ «апушутюн»: Մի՞թե դա ԱՊՀ պաշտպան Վասիլևային ավելի հասկանալի է, քան «ապուշություն» բառը:



Մի հին անեկդոտ կա, որի հերոսուհու համար ասում են` «նա որ ոտը ոտին գցեց, կոֆե էլ կխմի, կծխի էլ»: Հիմա տեղն է եկել դա հիշելու: Որ Օլգա Վասիլևան պահանջում է գրերից հրաժարվել, կպահանջի նաև մայրենի լեզուն մոռանալ, դառնալ, օրինակ, ռուսախոս:



Մոսկվան նոր Հազկերտ է ծնել, երևի:



Էդիկ Անդրեասյան