Շաշ բանն ասիլ չեն, կամ` ողջույններս հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի մասնակիցներին

Շաշ բանն ասիլ չեն, կամ` ողջույններս հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի մասնակիցներին

«Ամեն անգամ, երբ դուք շնորհավորում եք Հարավային Օսիային, Աբխազիային, Մերձդնեստրին, Ղրիմին, մենք խնդիր ենք ունենում»,- Ստեփանակերտում հունիսի 16-18-ը տեղի ունեցած Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նկատելով, թե Արցախը պետք է առանձնացված հանդես գար, նաեւ որպես ժողովրդավարության կղզյակ:



Մենք, երեւի, պետք է Էդմոն Մարուքյանի չափ լուսավորված լինեինք, որպեսզի հասկանայինք նրա այս լուսապայծառ միտքը: Ու քանի որ այդքան լուսավորյալ չենք, ահավասիկ, արձագանքում ենք` հասնել Ստեփանակերտ ու այսպիսի հիմարություն բլթացնել, մեղմ ասած` միջոցների անիմաստ վատնում է` անկախ այն հանգամանքից, նույնիսկ, թե ում միջոցներն են դրանք: Դավիթ Շահնազարյանը (թե նա՞ ինչու էր մասնակցում այդ համաժողովին), իբր Մարուքյանը շատ խելացի բան է ասել, ավելի է խորացրել ներկաների տարակուսանքը, ասելով` մտածեք Էդմոնի ասածի մասին, լրջորեն մտածեք: Եվ այդտեղ, լավ է, մի տղամարդ է հայտնվել` Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, որ բոլորին, այդ թվում եւ Էդմոն Մարուքյանին, ուշքի է բերել Էդմոն Մարուքյանի հայտարարության ազդեցությունից: Համակարգիչն ինչպե՞ս է «ռեսթարթ» լինում. ճիշտ այդպես էլ մասնակիցների «կախած» ուղեղներն են վերագործարկվել: Ղուլյանը շատ ճիշտ է նկատել. «Մենք ողջունել ենք ինքնորոշվող բոլոր սուբյեկտներին՝ նաեւ Կոսովոն ու Հարավային Սուդանը»: Նա նաեւ հիշեցրել է, որ Աբխազիայում երեսուներկու հայկական դպրոց է գործում:



Էդմոն Մարուքյանը մեծ ցանկություն ունի, որ Արցախը հանդես գա որպես ժողովրդավարության կղզյակ: Ընտրությունները, ինչպես հայտնի է, ժողովրդավարության ամենաառաջին եւ ամենակարեւոր ցուցիչն են: Արցախում վերջերս ընտրություններ տեղի ունեցան: Այդ ընտրություններին իրենց առաքելություններով ներկա էին ինքնորոշման ուղին բռնած շատ չճանաչված երկրներ, ավելին՝ նաեւ 30-ի չափ դիտորդներ եվրոպական տարբեր կառույցներից, որոնք, այնուհետեւ, իրենց կարծիքը ներկայացրին արցախյան ընտրությունների վերաբերյալ: Եվ հիմա պատկերացրեք, որ Ռուսաստանի լուսավոր ներկայացուցիչը գնար Աբխազիա կամ Հարավային Օսիա եւ ասեր` գիտե՞ք ինչ, Արցախի ընտրությունները մի ողջունեք, մի շնորհավորեք, քանի որ Մոսկվան վատ վիճակում է հայտնվում դրանից հետո:



Մարուքյանն «անցանկալի ինքնորոշվող» սուբյեկտների ցանկում նշել է նաեւ Ղրիմը` հորդորելով Արցախին` չշնորհավորել Ղրիմի հետ կապված որեւէ բան, որովհետեւ Հայաստանն ամեն անգամ ընկնում է վատ վիճակի մեջ: Ոչի՞նչ, որ Հայաստանն Արցախից շուտ է ընդունել Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ:



Առաջիկայում մեզ ինքնորոշման շքերթի առնվազն երկու խոշորագույն իրադարձություն է սպասվում` Կատալոնիայի եւ Իռլանդիայի անկախության նոր հանրաքվեները, եթե, իհարկե, Իսպանիայի թագավորն ու Անգլիայի թագուհին չխոչընդոտեն այդ գործընթացներին: Մյուս կողմից էլ, չեն բացառվում Պաղեստինի լիիրավ անկախության ճանաչումն ու Սիրիայի տարածքում Քուրդիստան պետության հայտնվելը: Ինչպիսի՞ դիրք պետք է բռնի Արցախի Հանրապետությունն այդ ընթացքում, որպեսզի Երեւանի վրա ծանրություն չգա, կամ որպեսզի Արցախը դիտվի որպես ժողովրդավարության կղզյակ: Պատասխանը մեզ համար ակնհայտ է, բայց Մարուքյանի տեսակետից` սխալ, որովհետեւ չի կարելի ողջունել, օրինակ, բասկերի անկախությունն Իսպանիայից, կամ Իռլանդիայի անկախությունն Անգլիայից, որպեսզի մենք` Հայաստանը, վատ վիճակի մեջ չընկնի:
Մեկ անգամ չէ, որ Երեւանը հայտարարել է Արցախի անկախությունը ճանաչելու նրբությունների մասին: Մենք անընդհատ ասում ենք, որ ավելի ճիշտ կլինի` Արցախի անկախությունը ճանաչեն ուրիշները, միջազգային հանրությունը, հետո` մենք: Դա իդեալական տարբերակ կլիներ: Բայց այդպիսի տարբերակի մասին մտածելով միայն հարցը չի լուծվի: Պետք է աշխատել այդ ուղղությամբ: Ոչինչ, որ հեռավոր Ուրուգվայն առաջինը ճանաչի Արցախը: Կարեւորն առաջին քայլն է, առաջին նախադեպը: Առաջարկում եմ Ուրուգվային եւ մյուսներին, որոնց մտքում կա Արցախի ճանաչումը, չվախեցնել Մարուքյանի հայտարարությամբ, թե կարող են վատ վիճակում հայտնվել Արցախին շնորհավորելու պատճառով:



Ի դեպ, ե՞րբ էր, որ չճանաչված երկրներն իրար մեջ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացրին: Ստեփանակերտը, փաստորեն, սարսափելի սխալ գործեց` այդ առաջնությանը մասնակցելով, այո՞, պարոն Մարուքյան: Մենք էլ, հասկանում ես, ընկանք շատ ծանր վիճակի մեջ, եւ եթե Արցախի ազգային թիմը չեմպիոն դառնար, լրիվ խայտառակ էինք լինելու:



Ի՞նչ կառաջարկեի Էդմոն Մարուքյանին: Լուսավորյալ մարդուն խորհուրդ տալը շատ դժվար է, մանավանդ, որ ամեն վայրկյան կարող է նրա կողքին հայտնվել Դավիթ Շահնազարյանի հանգույն մի թույն մտածող ու դեմքի լուրջ արտահայտությամբ պահանջել` Մարուքյանի ասածների վրա լավ մտածեք: Նման դեպքերում ամենաճիշտը ժողովրդական խոսքն է, որից չեն նեղանում, սովորաբար: Պարոն Մարուքյան, Լոռվա խոսք է` շաշ բանն ասիլ չեն, շաշ բանն անիլ չեն:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ