Արդյոք մենք այսքան անխե՞լք ենք

Արդյոք մենք այսքան անխե՞լք ենք

Ահավոր կոտորածներից եւ օտարի լծի տակ դարերով ստրկաբար գոյատեւելուց հետո, վերջապես, Հայկական պետականություն կերտեցինք։ Հիմա էլ, անցյալի նման, շրջապատված ենք մեր վաղեմի թշնամիներով, որոնք ծարավ են մեր արյան ու մինչեւ իրենց ատամները զինված պատրաստվում են մեզ նորից նվաճելու եւ մեր հողերին տիրանալու: Հիմա այս տեսանկյունից քննենք, թե ինչպես ենք մենք ինքնապաշտպանվում այսպիսի մի վտանգավոր հարեւանության մեջ:



Գնահատելի է, որ մենք ունենք բանակ: Լավ է, հպարտ ենք մեր մարտունակ բանակով, բայց արդյո՞ք այսքանով պիտի բավարարվենք ու գոհանանք: Արդյո՞ք մեր հնարավորությունները ճիշտ նպատակի ենք օգտագործում: Ի պատասխան այս հարցին պիտի նշեմ, որ անցյալ տարիների ընթացում մոտավորապես հարյուր միլիոն դոլար մենք հատկացրել ենք եկեղեցիներ կառուցելուն: Ինչպիսի շռայլություն մի ազգի համար, ով ունի մեծ թվով կենսական ու անվտանգության խնդիրներ:



Ի՞նչ իմաստ ունի այսպիսի մեծ գումարներ ծախսելը նոր եկեղեցիներ կառուցելու վրա, երբ հնագույն արժեք ունեցող բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր մնում են կիսավեր կամ փլուզման ենթակա: Օրինակ, չքնաղ Հաղպատն ու Սանահինը գտնվում են անմխիթար վիճակում, դրանց կտուրներին ծառեր ու թփեր են բուսնել:



Ո՞ւմ վրա ենք դրել մեր հույսը: Մեր անցյալի պատմությունից դեռ դասեր չենք քաղել: 1600 տարիների ընթացքում երկրով մեկ լցրել ենք եկեղեցիներ, բայց ընդամենը մի քանի ամրոցներ: Արդյո՞ք մենք դեռ չենք համոզվել, որ գոյատեւելու միակ երաշխիքը զենքով ուժեղ լինելն է: Աշխարհը հարգում է ուժեղներին ու զենքով առաջատարներին: Ինչո՞ւ չենք հասկանում, որ այս չարակամ ու կռվարար աշխարհում, զենքի ուժով է, որ կպահպանենք մեր անկախությունն ու պետականությունը եւ ոչ թե աղոթատեղիներով:
Ակնհայտ է, որ ազերիները ճիգ ու ջանք չեն խնայում Ռուսաստանում ամեն տեսակ կաշառքներով հակահայ քարոզչություն տանելու, հանրային կարծիքն իրենց օգտին դարձնելու համար: Մենք ի՞նչ հակադարձ պայքար ենք տանում: Նրանք Եվրախորհրդում, ՄԱԿ-ում, ԱՄՆ-ում կաշառք են բաժանում, PR կազմակերպություններ վարձում, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության դեմ վնասակար լոբբիստական աշխատանքներ են տանում: Մենք ինչպե՞ս ենք ծախսում մեր սուղ միջոցները: Փոխարեն զենք ու զրահի գործարաններ կառուցենք (հիշենք՝ երկրներ կան, որ հսկայական եկամուտ են ստանում զենքի վաճառքից, ինչո՞ւ մենք չլինենք դրանց շարքում) կամ գնենք ամենաընտիր զենքերը՝ մեր ապահովությունը ամրապնդելու համար: Միլիոններ ենք ծախսում եկեղեցիներ ու շքեղ տաճարներ կառուցելու համար: Այդ հարյուր միլիոն դոլարը կարող էինք հատկացնել մեր ազատամարտիկների եւ զինվորների կյանքը բարելավելուն՝ նրանց բնակարանային խնդիրները լուծելուն: Կարող էինք մեր թշնամիների հակահայ քարոզչության դեմ գրքերի եւ հոդվածների տարափ տարածել աշխարհով մեկ:



Ազերիներն իրենց եղբայր թուրքերի աջակցությամբ գումար են հատկացնում, սուտ հորինված պատմության գրքեր են տպում ու տարածում: Նույն եռանդով մեր մշակույթից գողանում եւ իրենցով են անում այն, ինչ ուզում են: Իսկ երբ հարց է արծարծվում, թե ինչու մենք մեր պատմությունն ու մշակույթը չենք տարածում, լսում ենք՝ «փող չկա»: Մեկ պահ մտածենք, որ իրենց սուտ հորինվածքները վաղը, մյուս օրը անտեղյակ ու ոչ բծախնդիր պատմաբանները կընդունեն որպես իրականություն, եթե չլինի մեր կողմից հակազդող որեւէ գիրք ու փաստ:



Ես մտադրություն չունեմ պախարակելու հավատքի հաստատություններ ունենալը, քավ լիցի, ամեն բան իր տեղն ու պահանջն ունի, բայց մեր երկրի այսպիսի ճգնաժամային վիճակում նմանատիպ շռայլությունը մեծ անհեռատեսություն է կամ, ավելի շուտ՝ անխոհեմություն: Մեր սահմանները շրջապատված են 90%-ով թշնամաբար տրամադրված ոչ բարով հարեւաններով: Մենք դարեր շարունակ ապրել ենք, ավելի շուտ՝ գոյատեւել ենք խեղճացած ու անտեր, որովհետեւ պետականություն չենք ունեցել: Անվերջ այս կամ այն ուժեղ պետությունների դռներն ենք թակել եւ օգնություն աղերսել: Այլեւս բավական է այսպես ծնկաչոք ապրելը: Հիշենք 1915-ը, որի կրկնվելու վտանգի տակ ենք այսօր եւս: Հիմա ունենք մեր երազած ազատ ու անկախ հայրենիքը: Պետականության շնորհիվ կարող ենք հիմա մեր կամքը պարտադրել մեր վաղեմի թշնամիներին: Եթե չենք կարողանում չարիքից խուսափել, ուրեմն ժամանակն է թշնամու հողի վրա ստեղծել չարիք:



Հիմա գոնե ապրենք որպես հաղթանակած ազգ: Առաջին անգամ լինելով՝ մեր հաջորդ սերունդներին կարող ենք ժառանգություն թողնել մեր ղարաբաղյան նվաճումները, փոխանակ մեր պարտություններով մեծացնենք խեղճացած, ջարդված ու նվաստացած սերունդ: Մեծ հայրենասեր Նժդեհն ասել է․ «Ուժն է ծնում արդարություն»:




Արմինե ԿՈՒՆԴԱԿՋՅԱՆ