Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում եւ արտերկրում․ ամենամատչելի տարբերակը Եգիպտոսն է

Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում եւ արտերկրում․ ամենամատչելի տարբերակը Եգիպտոսն է

Ինչպես և կանխատեսելի էր, ամառը սպասվածից էլ թեժ է։ Իսկ դրա դեմ պայքարի լավագույն տարբերակը հանգիստն է, աշխատանքային բուռն տարին եզրափակելն ու հոգսերից առժամանակ կտրվելը։ Ու քանի դեռ մենք պլանավորում ենք՝ որտեղ անցկացնել տարվա ամենասպասված մեկ կամ երկու շաբաթները, տուրիստական գործակալությունները շտապում են առաջարկել գրպանի համար ամենահարմար տարբերակները։



«ՌԻՄԱ ԹՐԱՎԼ» տուրիստական գործակալությունն առաջարկում է և ներգնա, և արտագնա տուրիստական փաթեթներ։ Գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ այս սեզոնին հայերը որտե՞ղ են նախընտրում կազմակերպել իրենց հանգիստը, ու գնային ի՞նչ փաթեթներ են գործում։



Այս սեզոնի ամենապահանջված վայրերը Հայաստանում



Արցախ



Մեզ հետ զրույցում գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը նշեց, որ այսօր սոցիալական փաթեթների շնորհիվ շատերը կարողանում են կազմակերպել իրենց հանգիստը Հայաստանի տարբեր վայրերում։ «Նկատել եմ, որ այս տարի ավելի շատ շարժը լինում է դեպի Արցախ։ Նախորդ տարիների համեմատ՝ Արցախ մարդիկ ավելի շատ խուսափում էին գնալ հանգստի, իսկ պատճառը պատերազմական իրավիճակն էր։ Բայց այս տարի ավելի շատ է հոսքը ոչ միայն հենց հայաստանաբնակների առումով, այլ նաև դրսից եկած զբոսաշրջիկների հոսք ենք մենք նկատում»։



Դիլիջան, Սևան, Ծաղկաձոր



Բուժման նպատակներով հայաստանցիներն այս տարի ևս նախընտրում են Ջերմուկը, Արզնին։ Իսկ եթե առողջական խնդիրներ չկան, ընտրությունը կանգ է առնում Դիլիջանի, Սևանի և Աղվերանի վրա։ «Կան փաթեթներ, որոնք միանգամից ներառում են մի քանի վայրեր։ Որպեսզի մարդն առանձին-առանձին չվերցնի էքսկուրսիաները, մեկ օրվա ընթացքում առաջարկում ենք Ծաղկաձորը, Սևանը, Դիլիջանը մեկ փաթեթով։ Մեկ անձի արժեքը մեկ օրվա համար 10 հազար դրամ է։ Ծառայության մեջ մտնում է էքսկուրսավարի ծառայությունը, տրանսպորտային ծառայությունը»։



10 օրյա հանգիստը, օրինակ, Դիլիջանում կարժենա մոտավորապես 150 հազար դրամ, որը կներառի 2 կամ 3 անգամվա սնունդ և հյուրանոց։



10 օրյա հանգիստը Սևանում կազմակերպելը 4 անձի համար կարժենա 280 հազար դրամ՝ առանց սնունդի։



10 օրյա հանգիստը Ծաղկաձորում ավելի մատչելի է,1 անձի համար կարժենա 125 հազար դրամ, որը կներառի երեքանգամյա սնունդ։



Ամենապահանջված վայրերը արտերկրում



Եգիպտոս



Ռիմա Խաչատրյանը վստահեցնում է, որ եթե նախորդ տարիներին հայերը մեծ մասամբ խուսափում էին Եգիպտոսում հանգստանալուց, ապա այս տարի պատկերը փոխվել է։ «Այս տարի բավականին մեծ քանակություն ենք տեսնում, որ մեկնում են հենց Շարմ էլ Շեյխ կամ Հուրգադա։ Պատճառն այն է, որ Եգիպտոս մեկնելն ավելի մատչելի է և ամենամատչելի տարբերակն է առաջարկում հանգստի, որն ամբողջական փաթեթ է ներառում. երկկողմանի ավիատոմսեր, հյուրանոց, ամբողջական՝ «All Inclusive» սնունդով, դիմավորում, ճանապարհում։ Իսկ փաթեթի արժեքը սկսվում է 350- 400 ԱՄՆ դոլարից, որն էլ հասանելի է մարդկանց գրպանին»։



Վրաստան



Հանգիստը հարևան Վրաստանում կազմակերպելը ևս մատչելի է, բայց ավելի թանկ, քան Եգիպտոսում։ «Բաթումին, եթե վերցնենք երկկողմանի տրանսպորտային ծառայությունը, ավելի թանկ է։ Ու Բաթումիում ավելի ցածրակարգ հյուրանոցներ ենք մենք առաջարկում, քան Եգիպտոսում։ Բաթումիում մենք առաջարկում ենք հյուրանոցը, ամբողջական սնունդը և տրանսպորտային ծառայությունը, որը կազմում է մոտավորապես 400-500 ԱՄՆ դոլար։



Իսպանիա



Իսպանիան ևս շարունակում է մնալ հայերի ամենասիրելի վայրերից մեկը։ Այս տարի բավականաչափ ակտիվացել է դեպի Իսպանիա հայ զբոսաշրջիկների հոսքը։ «Իսպանիայում այդքան էլ մատչելի չէ հանգիստը։ Եվրապական երկրները մենք չենք կարող շատ մատչելի տարբերակներ առաջարկել, 3-4 աստղանի հյուրանոցներն արդեն բարձր գին ունեն, և դրանք միայն նախաճաշով են»։



Երկրներ, որոնք այլևս չեն գրավում հայերին



Թուրքիա



Գործակալության տնօրենը նշում է, որ անցած տարիների համեմատ՝ այս տարի Թուրքիան, որպես հանգստի վայր, դադարել է գրավել հայերին։



Հունաստան



Կրետե կղզին նախորդ տարիների համեմատ ևս զբոսաշրջիկների շրջանում դադարել է ամենապահանջվածը լինելուց։ «Իսկ գնային առումով Հունաստանում հանգստանալը կախված է ավիատոմսերի արժեքից, հյուրանոցներից։ Ֆիքսված գներ չենք կարող հրապարակել, քանի որ ամեն օր ավիատոմսի արժեքները կարող են փոփոխվել։ Իսկ դեպի Հունաստան հանգիստը մոտավորապես արժի 900-1150 ԱՄՆ դոլար՝ 1 շաբաթվա կտրվածքով։



Ի դեպ, արտերկրում, մասնավորապես Եվրոպայում հանգստանալու համար լավ փաթեթ ու շատ գումար ունենալը բավական չէ։ Այստեղ հանգստի մեկնողները բախվում են մեկ այլ խնդրի հետ․ վիզաների հարցը։ Դեսպանատները պահանջում են բարձր աշխատավարձով տեղեկանքներ, ու կապ չունի, թե դու տնտեսած որքան գումար ունես։ Եթե աշխատավարձի քանակը չի բավարարում, ուրեմն հանգիստը պետք է սահմանափակել Հայաստանում։ Իսկ ցուցանիշները մեկ բան են վկայում․ Հայաստանում հանգիստը շատ ավելի թանկ է, քան արտերկրում։



Վով Մուշեղյան