Ամսական 20-25 հազար էին վճարում Ֆիրդուսում

Ամսական 20-25 հազար էին վճարում Ֆիրդուսում

Ֆիրդուսի փողոցի տարհանված առեւտրականները, որոնց տաղավարները նախորդ օրն ապամոնտաժել էին եւ երեկ էլ շարունակում էին քանդել, երեկ հավաքվել էին կառավարության շենքի մոտ։ Առավոտյան 11-ից մինչեւ 14։00-ն նրանք կանգնեցին կիզիչ արեւի տակ, սակայն նույնիսկ նամակների բաժնի պետը դուրս չեկավ՝ լսելու նրանց։ Հիշեցնենք, որ մինչ այս նրանց սարեր էին խոստանում, վստահեցնում էին, որ կօգնեն, որ առեւտրի այլ վայրերում կտեղավորվեն։ «Մեզ ասացին, որ Ֆիրդուսի շուկայի տարածքը նոր տեր ունի, եւ մենք ոչինչ չենք կարող անել, ընդամենը պետք է ազատենք տարածքը»,- գանգատվում էին մի խումբ կանայք։ Նրանց հարցրինք, թե ինչ են պատրաստվում անել։



«Ի՞նչ պետք է անենք։ Տանելու ենք՝ մեր ազատ ձեռնարկատերերի վկայականները հանձնենք»,- ասաց Էմիլիա անունով բնակիչը։ Կանայք բացատրում էին, որ առեւտրի այլ վայրեր տեղափոխվելն իրենց ձեռնտու չէ, քանի որ այս շուկայում առեւտուր անելու համար ամսական 20-25 հազար դրամ էին վճարում։ Մինչդեռ «Ռոսիա մոլ» առեւտրի տանը կամ «Տաշիրում» ամսավճարը 300-600 դոլար է կազմում, եւ իրենք այնտեղ չեն կարող գնալ։ Ըստ տարածված լուրերի, Ֆիրդուսի տոնավաճառի տարածքում կառուցապատում իրականացնելու է Արմեն Մկոյանի «Էլիտ գրուպ» ընկերությունը, որը համաձայնել է շինարարությունն սկսել միայն մաքուր վիճակում՝ առանց քաղաքացիների խնդիրների։ Հիշեցնենք, որ ժամանակին այս տարածքում կառուցապատման իրավունքը հանձնվել էր «Գլենդել հիլզ» ընկերությանը, որը սնանկացել է եւ դադարեցրել գործունեությունը։