Ցուցամոլություն, ուրիշ ոչինչ

Ցուցամոլություն, ուրիշ ոչինչ

Երբ կարմիր գծերով Երեւանն օտարում էին երեւանցիներից, ու մարդիկ բողոքում էին այդ ափաշկարա կողոպուտի դեմ, քաղաքապետարանից բարձրագոչ հայտարարություններ էին հնչում, թե այդ ի՜նչ եք ասում, մենք որոշել ենք ցիվիլ եղանակով կազմակերպել «վճարովի կանգառները», թե այսուհետ ստայանչիկներ չեն լինելու, եւ վճարվող գումարների մի մասն էլ գնալու է պետական բյուջե: Այսօր բարձիթողի վիճակն ակնհայտ է: Կարմիր գծերով առանձնացված տարածքները, ինչպես կային, այդպես էլ մնացել են առանց համապատասխան սարքավորումների, իսկ քաղաքի գրեթե բոլոր փողոցներում շարունակում է զուգահեռ ծաղկել նաեւ ստայանչիկով կանգառների բիզնեսը: Անվճար կայանատեղի, փաստորեն, քաղաքում չի մնացել, եթե չհաշվենք մի քանի խոշոր սուպերմարկետների եւ մոլերի կայանատեղիները: Դրանք էլ վճարովի չեն այդ առեւտրի կենտրոնների տերերի շնորհիվ կամ, ավելի ճիշտ, առեւտրային բիզնեսով թելադրված:



Մեկ այլ երկրում նման բան անելու համար քաղաքապետին իր թիմով կուղարկեին բանտ: Ողջ երկիրը պայքարում է կոռուպցիայի դեմ, իսկ մայրաքաղաքում ստվերը լույսի հետ հավասար բիզնես է ծավալել` ծանրացնելով քաղաքացիների առանց այն էլ ծանր սոցիալական բեռը: Սա դեռ բոլորը չէ: Հարցի բարոյական կողմն էլ կա: Ես, որ տարեկան վճարում եմ կատարում կարմիր գծերի մեջ կանգնելու համար, չեմ կարողանում տեղ ճարել: Մի փոքրիկ ճեղք եմ հայտնաբերում, փորձում եմ տեղավորվել, բայց իսկույն հայտնվում է «Կարմիր գծի» ստայանչիկը, թե՝ քշի, ախպեր, այս տեղն զբաղված է: Դեպքը տեղի է ունեցել Խորենացու փողոցում` ոսկու շուկայի մոտակայքում: Այս պահին էլ կարմիր գծերի մեջ աթոռներ ու զանազան առարկաներ կան դրված. լավ տղերքի տեղն են պահել, հասկանում ես: Մհեր Մկրտչյան փողոցի ողջ երկայնքով` Տիգրան Մեծի պողոտայից մինչեւ Խորենացու փողոց, վխտում են ստայանչիկները: Ո՞վ է սրա տերը, ո՞վ է գրպանում այդ գումարները, ինչո՞ւ է անտարբեր Ճանապարհային ոստիկանությունը, մանավանդ որ անավարտ թվացող շինարարության պատճառով այդ նեղլիկ փողոցից մի խղճուկ արահետ է մնացել, ու այնտեղ շարված են «կանգառն արգելվում է» նշանները:



Քաղաքում ավտոկանգառների պատճառով ստեղծված այլանդակ իրավիճակից առաջին հերթին օգտվում են տեսանկարահանող սարքերով «ձուկ բռնողները»: Մի փոքր թեք կանգնեցիր, մի փոքր երկար` 5 հազարդ չկա: Մոտեցել ես կարմիր գծանշումով կանգառին եւ սպասում ես, որ դուրս եկող մեքենայի տեղն զբաղեցնես, իսկ խաչմերուկի տեսախցիկը մի գեղեցիկ ֆիլմ է ուղարկում տուն այն մասին, թե ինչպես ես երկրորդ շարքում կանգնել եւ խոչընդոտել երթեւեկությունը:



Տարիներ առաջ, երբ մեր կյանք էր մտնում «Սանիթեքը», նույն պիոներական հուզիչ ելույթներն էին լսվում` դառնում ենք ավելի քաղաքակիրթ, ավելի լավ ենք մաքրելու քաղաքը, ավելի գեղեցիկ աղբարկղեր ենք ունենալու, ավելի ժամանակակից տեխնիկա եւ այլն: Այդ խրոխտ զեկույցների արդյունքը սա է` անձրեւի ժամանակ քաղաքում ջրհեղեղ է, ձյան ժամանակ` մերկասառույց: Չենք խոսում արդեն գեղեցիկ աղբարկղերի շուրջ տիրող գարշահոտության մասին: Ո՞ւմ բողոքես: Քաղաքապետարանում ականջ չկա, «Սանիթեքն» էլ այնքան է հաբռգել, որ բողոքող քաղաքացուն ծեծի է ենթարկում: Երեք հոդված ենք հրապարակել այն մասին, որ «Սանիթեքը» բերել, շենքի բաց պատշգամբների տակ աղբարկղեր է շարել, մեռնում, խելագարվում ենք հոտից, հանեք: Բայց ո՞ւմ անձնական տաշեղին է, թե ինչ է տեղի ունենում այս «մերաքաղաք» Երեւանում:



Քաղաքապետարանը հիմա էլ ձեռնամուխ է եղել 2018 թվականին հասարակական տրանսպորտի խնդիրը լուծելուն: Ասում ես` տղերք, դա ձեր վրայով չէ, չեն ընդունում: Նույն մեծագոչ հայտարարություններով պատռում են օդը` էս ի՞նչ եք ասում, 2018 թվականից գծատերեր չեն լինելու: Այնպես են խոսում, կարծես խոսքը թշնամու մասին է` գծատերեր չեն լինելու, «գազելներ» չեն լինելու: Իսկ որ այդ ամենը նոր սոցիալական խնդիր է առաջացնելու, գործազրկության նոր ալիք, քաղաքապետարանի հույժ խելացի պաշտոնյաների պետքն էլ չէ: Մյուս կողմից էլ` ի՞նչ ունեն անհանգստանալու: Բումը կանցնի, հետո կողքից կսկսեն գռդոն անել, որովհետեւ գեղեցիկ ավտոբուսները, որոնց մասին խոսում են, ընդամենը շիրմայի դեր են կատարելու քաղաքի կենտրոնում, իսկ ծայրամասերը, ինչպես այսօր, էլի մնալու են «գազելների» ու գծատերերի հույսին, բայց արդեն միանգամայն ստվերային պայմաններում: Արդյունքում տուժելու են պետությունն ու քաղաքացին` բյուջե ավելի քիչ փող է մտնելու, իսկ քաղաքացին, որ «գազելին» 100 դրամ վճարելով` Նորքի զանգվածից հասնում էր Էրեբունի զանգված, ստիպված է լինելու երկու եւ նույնիսկ 3 «գեղեցիկ» ավտոբուս փոխել, 200-300 դրամ վճարել նույն ճանապարհն անցնելու համար: Ասում են` չի թանկանալու… Իյա, իրո՞ք…



Քաղաքապետարանում երկու քաջ ընդդիմադիր խմբակցություն ունենք: Ո՞ւր են: Նրանք, իբր, մեր աչքն ու ականջն են քաղաքապետարանում: Իսկ գուցե արդեն հասցրե՞լ են մերվել իշխող մեծամասնության հետ, եւ Տարոն Մարգարյանը նրանց կյանքը դրա՞խտ է դարձրել… Այսքան շո՞ւտ: Հազիվ թե աշխարհի որեւէ քաղաքում ընդդիմադիր ավագանին ձեռքերը ծալած սպասի, որ քաղաքական աշունը գա, ու ինքն ակտիվանա: Ի՞նչ կապ ունեն քաղաքային թեժ աշնան հետ քաղաքի այն խնդիրները, որոնց մասին խոսեցինք, եւ որոնց մասին խոսում են քաղաքացիները` այս դեպքում հենց «Ելքի» եւ «Երկիր ծիրանիի» ընտրողները:



Էդիկ Անդրեասյան