Աշոտյանին հուշեք, որ ցեղապետերի ժամանակներն անցել են

Աշոտյանին հուշեք, որ ցեղապետերի ժամանակներն անցել են

Hraparak.am-ի հարցին՝ Հանրապետականի ներսում քննարկումներ կա՞ն, թե 2018թ․ ով է լինելու վարչապետը եւ ովքե՞ր են հավանական թեկնածուները, Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Իշխող կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է, եւ նա է որոշելու` ով է լինելու վարչապետը»։



Աշոտյանը, իհարկե, հեծանիվ չի հորինել: Նա ասել է այն, ինչ կա ՀՀԿ-ում, ճիշտ այն երեխայի նման, ումից կարելի է իմանալ, թե ինչ է կատարվում նրանց տանը: Առավել խորամանկ և փորձառու ՀՀԿ-ականները, օրինակ Գալուստ Սահակյանն, այսպիսի բան չէր ասի: Նա չինացու լեզվամտածողությամբ, բայց հայերեն բառերով մի բան կասեր ու հարց տվողին կթողներ երջանիկ անգիտության մեջ: Այդպիսի բան նա արդեն արել է` նշելով, որ 2018 թվականից էլ Սերժ Սարգսյանն է ղեկավարելու Հայաստանը: Հարցրել էին` այդ ինչպե՞ս, պատասխանել էր` ես ինչ որ ասում եմ, այդպես էլ լինում է: Ըստ էության Աշոտյանը կրկնել է Գալուստ Սահակյանին, բայց միամտորեն խաղաքարտ է բացել` ասելով, որ Սերժ Սարգսյանն է նշանակելու վարչապետին: Իսկ նա, ով նշանակում է (վճարում է), նա էլ ղեկավարում է (պատվիրում է երաժշտությունը):



Աշոտյանի ինքնամոռաց նվիրումը Սերժ Սարգսյանին, իհարկե, հասկանալի է, բայց անհասկանալի է, թե ի՞նչ դերակատարություն է ունենալու ՀՀԿ-ն` վարչապետի նշանակման կամ, ավելի ստույգ` ընտրության հարցում: Ի վերջո վարչապետին պետք հաստատի ԱԺ-ն, որտեղ ՀՀԿ-ն անվիճելի մեծամասնություն ունի: Աշոտյանի խոսքից հասկացվում է, որ ՀՀԿ-ն ընդամենը կոճակ է սեղմելու, որպեսզի վարչապետ դառնա Սերժ Սարգսյանի ասած մարդը: Հարց է առաջանում` բա էլ ինչո՞ւ համար էր այս մեծ աղմուկը` էլ սահմանադրություն փոխել, էլ բան... Այսինքն, պարոն Աշոտյան, ՀՀԿ-ն ի՞նչ է, մի՞թե Սերժ Սարգսյանի հագուստի աքսեսուարն է, մի հսկա ռեկվիզիտ` քաղաքական բեմում. դեկոր, անշունչ առարկա, որն իրավունք չունի անգամ իր ղեկավարի հետ քննարկել որևէ հարց:



Գալուստ Սահակյանի հայտարարությունը` «ինչ որ ասում եմ, այդպես էլ լինում է», դեռ կարելի է հասկանալ` «Ինչ որ ՀՀԿ-ն ասում է, այդպես էլ լինում է», իսկ Աշոտյանի հայտարարությունը, թե «Սերժ Սարգսյանն է որոշելու», մեղմ ասած, հերթական անգամ դուրս է թափում ՀՀԿ-ական ողջ լվացքը, որը, թույլ տվեք ասել, իր մաքրությամբ առանձնապես աչքի չի ընկել երբեք:



Երիտհհկ-ականի այս հայտարարությունից հետո մեզ մնում է միայն հուսալ, որ Սերժ Սարգսյանը 2018 թվականին չի հիասթափեցնի հանրությանը (այդ թվում` միջազգային) և իր պարզունակ (գյուղական կարգի) որոշումներով չի «խայտառակի ռեսպուբլիկան»` հավասարեցնելով այն Ադրբեջանին, Ղազախստանին կամ Բելառուսին, երկրներ, որոնցում աշխատում է միայն դրանց առաջնորդների մատի շարժումը: Առանց այն էլ ՀՀ երեք նախագահների անվան հետ միանձնյա որոշումներ կայացնելու բազմաթիվ դրվագներ են կապվում, որոնց տակից նրանք դուրս գալ դժվարանում են կամ չեն կարողանում: Նոր սահմանադրությունը մեր քաղաքական կյանքում կարևորագույն դերակատարում ունեցող անհատին լիուլի ընձեռում է նման բաներից խուսափելու և անհատի պաշտամունքի մեջ չընկնելու հնարավորությունը: Մնում է, որ քաղաքական ուժը, որի ներկայացուցիչն է տվյալ անհատը, վերջինիս չվերաբերվի ինչպես տեր Աստծուն:



Աշոտյանի հայտարարությունը մեզ քաղաքակրթությունների արշալույսն է հիշեցնում,: Ցավալի է, որ այն արվում է այսօր` ցեղապետերի և շամանների դիկտատուրան տապալելուց հազարավոր տարիներ անց:



Էդիկ Անդրեասյան