Թող մնա այնպես, ինչպես ժողովուրդը սովորել է․ Հրանտ Թոխատյանը՝ «ԵԼՔ»-ի առաջարկի մասին

Թող մնա այնպես, ինչպես ժողովուրդը սովորել է․ Հրանտ Թոխատյանը՝ «ԵԼՔ»-ի առաջարկի մասին

Երեւանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության վերջին առաջարկը՝ Երեւանի մի շարք փողոցների անվանափոխության հետ կապված, իսկական ֆուրոր առաջացրեց թե համացանցում, թե դրանից դուրս։ Մեծ մասը դեմ է «ԵԼՔ»-ի առաջարկին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ օրերս լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Լենինգրադյան փողոցի անունը կմնա նույնը՝  ընդգծելով, որ Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցում են եւ քույր քաղաքներ են։ Իսկ մնացած փողոցների անվանափոխության վերաբերյալ քաղաքապետը նշել էր, որ երեւանցիների կարծիքը պետք է հաշվի առնվի, օրենսդրությունը պետք է ուսումնասիրվի, թե որ փողոցները կարող են անվանակոչել եւ երբ։



ՀՀԿ խմբակցության ավագանու նախկին անդամ, դերասան Հրանտ Թոխատյանը կողմ չէ «ԵԼՔ»-ի առաջարկին եւ կարծում է, որ փողոցների անունները պետք է թողնել այնպես, ինչպես կա. «Ես կարծում եմ, որ փոխել այն, ինչ կա, պետք չէ։ Ինչ որ պետք է փոխել, փոխված ա։ Ես կարծում եմ, որ Երեւան քաղաքը ունի շատ փողոցներ, որոնք արժանի են կոչվելու շատ արժանի մարդկանց անունով, որոնք երեւելի են մեր պատմության մեջ, կան թե անցյալում, թե ժամանակակից մեր հերոսներն են։ Իհարկե, դա պետք է ապագա սերունդների համար, բայց կան այլ փողոցներ։ Մենք ունենք բավականին քանակությամբ փողոցներ, որոնք ուղղակի համարակալված են, այ, կարելի է այդ փողոցները անվանակոչել մեր հերոսների, պատմության մեջ հետք թողած մարդկանց անուններով։ Այն, ինչը կա, թող մնա այնպես, ինչպես ժողովուրդը սովորել է»։



Հարցին՝ որպես ավագանու նախկին անդամ ինչպե՞ս է գնահատում քաղաքապետարանում նոր խմբակցությունների աշխատանքը, Թոխատյանը պատասխանեց, որ հետեւում է Երեւանի զարգացմանը, ոչ թե քաղաքապետարանի աշխատանքին։



-Քաղաքապետարանն էլ նպաստում քաղաքի զարգացմանը իր գործունեությամբ։



-Ես ու դուք էլ որպես քաղաքացի, նպաստում ենք կամ չենք նպաստում մեր քաղաքի զարգացմանը։ Ցավոք սրտի, ընտրություններից հետո ես շատ քիչ եմ լինում քաղաքում, ավելի շատ նկարահանման եմ դրսում։ Միակ բանը, որ քաղաքը մաքուր է, Կենտրոնը, համենայնդեպս, մաքուր է։



-Քաղաքացիները շատ են բողոքում աղբից։



-Ես Կենտրոնում տեսնում եմ մաքրություն, գուցե Կենտրոնից ավելի վատ է վիճակը, ցավոք սրտի, Կենտրոնից քիչ եմ դուրս լինում, որովհետեւ քաղաքում եմ քիչ լինում։



Հիշեցնենք, որ «Ելք»-ն առաջարկում է Կասյան փողոցն անվանակոչել կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի անվամբ, Ֆրունզեի փողոցը` Ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը` Վռամշապուհ արքայի, Միկոյան փողոցը` Քըրք Քըրքորյանի: Լենինգրադյան փողոցն առաջարկվում է անվանափոխել` ի պատիվ Լեոնիդ Ազգալդյանի, իսկ Իսակովի պողոտայից սկիզբ առնող եւ Լենինգրադյան փողոցում ավարտվող նորակառույց փողոցը` Մոնթե Մելքոնյանի:



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ