«Տեսնենք, թե պատերազմը կարո՞ղ ենք դադարեցնել». ծածկագրված ուղե՞րձ, թե՞ «անմեղ» ցանկություն

«Տեսնենք, թե պատերազմը կարո՞ղ ենք դադարեցնել». ծածկագրված ուղե՞րձ, թե՞ «անմեղ» ցանկություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին արձագանքը Արցախի Հան­րապե­տության դեմ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի սանձազերծած պատերազ­մին եղել է. «Տեսնենք, թե պատերազմը կարո՞ղ ենք դադարեցնել»: 

Անկեղծ, համեստ, ԱՄՆ հզորությանն ու «աշխարհը լուսավորելու» իր ստանձնած առաքելութ­յանն անհամարժեք հայտարարություն, քանի որ, սովորա­բար, ամե­րիկացիներն ասում են. I can do it. I must do it!, բայց երբեք՝ Can I do it?։ Այլապես ԱՄՆ-ն չէր լինի այնպիսին, ինչպիսին այժմ է, այլապես պիոներները կամ եվրոպացի միգրանտները չէին աձանագրի այդպիսի ցնցող հաջողություններ:
Նշված հայտարարությունից կարճ ժամանակ անց Դոնալդ Թրամփը խոս­տա­ցել է ամեն ինչ կարգի բերել ու հեշտությամբ, քանի որ գիտի, թե ինչ է անում (now how-ի նման մի բան): Այդ դեպ­քում զո՞ւր են մարդկային հազարավոր զոհերը, բնակա­վայրերի ավերումները, մի­լիարդավոր ծախսերը. տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ նախագահն իր պաշ­տո­նա­վար­ման սկզբում էլ ուներ հարցի լուծում, ուղղակի սպասում էր մինչեւ կողմերը «հասունանան»՝ հազարավոր մարդկանց արյան գնով: Դոնալդ Թրամփի now how-ն յուրօրինակ ծածկագրված հաղորդագրություն է, որը հիմք է առնվազն հետեւյալ ենթադրությունների համար.

Ենթադրություն 1: Արցախի Հանրապետությունը ստանում է NATO-ին անդա­մագրվելու հրա­վեր, որն ընդունելու դեպքում՝ արագացված գործընթացով դառնում է այդ կազմակերպության անդամ (ինչու ոչ, եթե Արցախի դյուցազունները հեշ­տությամբ վերացնում են թուրքական հատուկ ջոկատայիններին՝ ամոթով թողնելով, փաս­տո­րեն, NATO-ին): Թուրքիան, այդ դեպքում, անմիջապես դադարեցնում է ռազ­մական գործո­ղությունները NATO-ի երիտասարդ ան­դամ երկրի նկատմամբ: Թեպետ դա քիչ հավանական է, քանի որ Թուրքիան պատրաստվում է պատերազմել NATO-ի հնագույն անդամ Հունաստանի դեմ:

Ենթադրություն 2: ԱՄՆ-ն «գորգային» ռմբակոծության ու հրթիռակոծության է ենթարկում իր դաշնակից Թուրքիային, ինչի արդյունքում թուրքերն աղերսում են իրա­գործել Սեւրի պայմա­նագիրը, իսկ Հունաստանին խնդրում են նվեր ընդունել նեղուցները, ներառյալ Կոստանդնուպոլիսը ու Սուրբ Սոֆիայի տաճարը՝ ի նշան երկու ժողովուրդների հավերժական բարեկամության: 100 տոկոսով հնարավոր եւ 100 տոկոսով անհնար տարբերակ:

Այսպիսով, այդ ենթադրությունները ոչ մի քննության չեն դիմանում: Մնում է համբերել մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը եւ հուսալ, որ Դոնալդ Թրամփը կպահպանի իր դիրքերը եւ այս անգամ ապածածկագրելով իր ուղերձը, կասի. «I now-how (ներկայացնելով այն ճանապարհը, որով նա պատ­րաստ­վում է «ամեն ինչ հեշտությամբ կարգի բերել»). I can do it. I must do it!»: Հետեւա­բար, ցան­կանանք հա­ջո­ղություն պարոն Դոնալդ Թրամփին, եւ թող Աստված պահ­պա­նի Ամե­րիկայի ժո­ղովրդին: Իսկ Արցախի ժողո­վուրդն արդեն գտել է իրեն պահ­պանելու՝ 32 տարի ձգվող դժվարին ճանապարհը:

Խոնարհվում ենք Արցախի հայրենական պատերազմում զոհվող հայորդիների հիշատակի առաջ, համբուրում ենք նրանց մայրերի ձեռքերը եւ դեռ կխոնարհվենք նրանց առաջ, ովքեր ողջ ու առողջ կհաղթահարեն այդ դժվա­րին ճանապարհը:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ