Արցախը հանձնեց Ադրբեջանին, հիմա էլ Բրյուսելում ծափ է տալիս Շառլ Միշելի առաջարկին

Արցախը հանձնեց Ադրբեջանին, հիմա էլ Բրյուսելում ծափ է տալիս Շառլ Միշելի առաջարկին

Եթե խնդիրը զուտ Արցախի բնակչությանը սովից փրկելն է, ապա Ադրբեջանը պատրաստ է այդ հումանիտար խնդիրը լուծել Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհով: Այստեղ հայերը շշկռվում են՝ բա ո՞նց ենք հասնելու Աղդամ, որ մի հատ էլ Աղդամից ուտելիք հասցնենք Ստեփանակերտ: Տղերք, որ նստած եք ՀՀ կառավարությունում եւ Ստեփանակերտում Արայիկով համաժողովրդական շարժում եք հրահրում, դուք իսկապե՞ս չեք հասկանում Ադրբեջանի առաջարկի իմաստը, թե՞ մեզ եք էշի տեղ դնում: Երբ Շառլ Միշելը ձեզ ցույց է տալիս Բարդա-Աղդամ-Խանքենդի ճանապարհը, ինչ է, ձեզ թվում է, թե դո՞ւք եք այդ ճանապարհով սնունդ հասցնելու Ստեփանակերտ: Ողբամ զձեզ:

Դուք այդ առաջարկի իմաստը, հավանաբար, կհասկանաք միայն այն ժամանակ, երբ սննդով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված ադրբեջանական ավտոշարասյունը հայտնվի Ասկերանի դարպասների մոտ: Սովա՞ծ եք՝ հաց ենք բերել, դեղ չունե՞ք՝ մի ֆուռ դեղ ենք բերել, փամփերս, բան… ամեն ինչ բերել ենք… ձրի, սա հումանիտար օգնություն ա… Հաղթած Ադրբեջանի հպարտ հայ քաղաքացիներ, այս ամենը ձերն է, ի՞նչ եք կպել՝ Լաչինի միջանցք, հա՛ Լաչինի միջանցք: Լաչինի միջանցքը չի բացվելու, մոռացեք… Իսկ Իլհամ Ալիեւը, ահա, ձեզ համար կոկա-կոլա է բերել, կոնֆետ… Լույսն ու գազն էլ ձեզ փեշքաշ․ երկու տարի՝ անվճար, մինչեւ որ վերականգնվեք այս 30 տարիների «ավերածություններից»:

Մի արցախցի ընկեր ունեմ Ֆեյսբուքում: Ինձ գրել էր, թե կարեւորը ժողովրդին պահելն է, սովից փրկելը, իսկ մնացածը՝ ինքնորոշում, անկախություն, ֆլան-ֆստան, միշտ էլ կարելի է կազմակերպել: Նրա գրառման առաջին մասն ինձ էլ դուր եկավ, բայց, ահա, երկրորդ մասի հետ համամիտ չեմ: Այն իրավիճակը, որ կար 1988-ին, այլեւս չի լինելու: 1988-ին կար Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ՝ իր մարզային իշխանություններով ու պետական հաստատություններով, որոնք որոշումներ էին կայացնում: Այսօր ոչինչ չունենք: Արցախի խորհրդարանն ու կառավարությունը հայտարարված են օրենքից դուրս, Արայիկ Հարությունյանն ու մյուս պաշտոնյաները Ադրբեջանի իրավապահների կողմից հետախուզման մեջ են` որպես հանցագործներ: Ժողովուրդն անտեր է, եւ այդ ժողովրդին դեռ պետք է փրկել սովից ու մյուս աղետներից:
Եվ, իհարկե, Աղդամ-Ստեփանակերտ կյանքի ճանապարհը բացելուց հետո մի կարեւոր հարց է առաջ գալու՝ իսկ ի՞նչ են անում ռուս խաղաղապահներն Արցախում, որոնք նույնիսկ մի Լաչինի միջանցք էլ չեն կարողանում բացել: Ի դեպ, այդ հարցը ոչ թե Ալիեւն է բարձրացնում, այլ՝ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանն ու նրանց կոլաբորացիոնիստ իշխանությունը, որը պատրաստ է հենց վաղը եւեթ իր ծառայություններն առաջարկել Բաքվին: Ու մեկ էլ կտեսնենք, որ Ալիեւի համար Արայիկը, ինչպես Նիկոլը, իսկական գանձ է, որին պետք է պահել ու փայփայել: Չէ-չէ մի՝ ռուս խաղաղապահի մանդատ… Ալիեւն Արայիկին մանդատ էլ կտա, չագուճ էլ, միայն թե ռուս խաղաղապահները հայտնվեն խաղից դուրս ու թողնեն-հեռանան:

Արժե՞ երկար մտածել այն հարցի շուրջ, թե ում վարած քաղաքականության արդյունքում Արցախը հայտնվեց այս ապուշ իրավիճակում: Հայաստանում ում ասես չեն մեղադրում սրա համար՝ ՀՀ նախկին իշխանություններ, «վատ գործող» ընդդիմություն, Պուտին, Էրդողան, Ալիեւ, Իսրայել, Ուկրաինա, Իրան… Բոլորը մեղավոր են: Էլ չենք ասում՝ այ մարդ, էս շարանի մեջ միակ նոր երեւույթը Նիկոլն է, այդ խելքից պատուհասը, որ ամեն ինչ խառնեց իրար: Պատերազմ բերեց՝ քիչ էր, կապիտուլյացիա ստորագրեց՝ քիչ էր, Արցախը հանձնեց Ադրբեջանին՝ քիչ էր, հիմա էլ Բրյուսելում ծափ է տալիս Շառլ Միշելի առաջարկին՝ Ղարաբաղում հումանիտար աղետը կանխել չերեզ Աղդամ: Այնքան անուղեղ է՝ չի էլ հասկանում,  որ դրանից հետո Ռուսաստանն ու Հայաստանը դառնում են «ֆուֆլո», տարածաշրջանում ոչինչ չորոշող ավելորդ գոյացություն: Դե, իսկ Շառլ Միշելից առաջ Աղդամ-Խանքենդի ճանապարհի վերագործարկման հնարավորության մասին խոսել էր Ադրբեջանի արտգործնախարարը: Նիկոլը դա պետք է իմանար, որպեսզի Միշելի հայտարարությունը չհամարեր դարի հայտնագործություն: Տեղում ֆռռացրել են հարիֆին, ռուսներին հեռացնելու ծանր պարտականությունը գցել ջեբը: Օսկանյանն ասել էր՝ 2-3 ամիս լռիր, մի երեւա, մի խառնվիր չիմացածդ գործերի մեջ: Չէ, ո՞նց կլինի՝ ինքը չխոսի: Հանկարծ կպարզվի, որ այս ողջ կաշան ինքն է եփել ու ինքն էլ պետք է ուտի: Իսկ այդ ժամանակ արդեն, ինչպես իր խելացի կինն է հուշում, ձեռքի հետ էլ փախստականի կապոցները պետք է հավաքի՝ չմոռանալով դրանց մեջ ամբարել նաեւ իր գործած դավաճանությունը: Բա հո պատի տակ չի՞ կանգնելու: Ո՞վ է տեսել՝ խեղկատակին գնդակահարեն:

ՀԳ. Հումանիտար օգնությունից հետո առաջին բանը, որ Աղդամից կգա Ստեփանակերտ, մանաթն է: Այնպես որ, ՀՀ գալիք տարվա բյուջեում Արցախի հատկացումների բաժինը հարկ կլինի լուրջ վերանայումների ենթարկել: Կարող է նույնիսկ հարց առաջանալ՝ հատկացո՞ւմ կատարել, թե՞ շուստրի ՔՊ-շնիկների ֆուռերով Հայաստան ներկրել Արցախում տոննաներով կուտակված դրամի զանգվածը: