Մթերման "պիկն" առջեւում է

Մթերման "պիկն" առջեւում է
Կլոր տարի իր տաժանակիր աշխատանքի արդյունքը գյուղացին բերքահավաքին է տեսնում: Պետական աջակցության բացակայության պայմաններում ինչպես կարողանում՝ իր գլխի ճարը տեսնում է, որ առատ բերք ստանա: Գյուղնախարարությունը գյուղացուն բացի խորհրդատվական աջակցությունից այլ, շոշափելի եւ գործնական աջակցություն չի ցուցաբերում: Մեկ-մեկ էլ սուբսիդավորում է: Գյուղացուն սերմացուի, բուժանյութերի ու պարարտանյութի հարցում այս կամ այն կերպ օգնում են վերամշակողները, իհարկե մթերման շրջանում փոխհատուցման դիմաց:  Այս տարի կարկուտները, ցրտահարությունն ու անձրեւներն իրենց գործն արել են եւ գյուղացուն լավ բանի սպասելու քիչ հույսեր թողել: Ավանդական ծիրանը "էկզոտիկ" միրգ է դարձել, դեղձն էլ սակավ է, իսկ դաշտային պոմիդորը դեռ չի հասունացել: Ինչեւէ, գյուղատնտեսական հումքի՝ պտուղ-բանջարեղենի  մթերման գործընթացն արդեն սկսվել է: Դաշտային բանջարեղենի՝ շուշան, սինդրիկ եւ այլն, մթերումն ավարտված է: Մթերման գործընթացի պիկն իհարկե դեռ առջեւում է: 2009-ին մթերվել է մոտ 32 հազար 300 տոննա բանջարեղեն, որից 29 հազար տոննան կազմել է պոմիդորը, 11 հազար 250 տոննա պտուղներ, որի մեջ գերակշռել են խնձորը, դեղձը եւ ծիրանը: Գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման եւ սննդամթերքի անվտանգության վարչության կանխատեսումներով՝ այս տարի կմթերվի մոտ 58 հազար տոննա բանջարեղեն եւ շուրջ 12 հազար տոննա պտուղ: Սրանք միայն կանխատեսվող ցուցանիշներն են: Փաստացի թվերն այլ կլինեն, որովհետեւ բերքի ծավալները համեմատաբար քիչ են՝ պայմանավորված անբարենպաստ եղանակային պայմաններով: Ծիրանի դեֆիցիտն այս տարի արդեն ակնհայտ է: Եթե նախորդ տարի միայն 4 հազար 600 տոննա ծիրան է մթերվել, այս տարի, ըստ կանխատեսումների, 500 տոնա հազիվ թե լինի: Իսկ շուկաներում 1 կգ ծիրանի գինը համառորեն չի իջնում 800-1200 դրամ միջակայքից: ԳՆ ագրովերամշակման եւ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գեւորգ Ղազարյանի խոսքով՝ այս պահին ծիրան մթերվում է միայն ջեմի կամ խտանյութի համար՝ կիլոգրամը  մոտ 400 դրամով: Այս գնով մթերված եւ վերամշակված պահածոն, իհարկե, ռիսկային կարելի է համարել մթերող կազմակերպությունների համար: Հաշվի առնելով նաեւ վերամշակման համար անհրաժեշտ ծախսերը, պատրաստի արտադրանքի, ասենք, ծիրանի ջեմի ինքնարժեքը բավականին բարձր կլինի, եւ իրացման հետ կապված դժվարություններ կառաջանան: Չնայած այս ամենին, Գեւորգ Ղազարյանը հավաստիացրեց, որ պտուղ-բանջարեղենի մթերման հետ կապված խնդիրներ չեն առաջանա, եթե վերամշակող ընկերությունը կարողանում է իրացնել նախորդ տարում մթերված եւ վերամշակված արտադրանքը: Նախորդ երկու տարիներին այս առումով վերամշակողները լուրջ դժվարություններ ունեին: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն այս ոլորտը չէր շրջանցել: Գեւորգ Ղազարյանը լավատեսական համարեց, որ 2008-ի համեմատ 2009-ին մնացորդներն ավելի պակաս էին: Ակնկալվում է, որ այս տարի նման խնդիրներ չեն ծագի: Ինչ վերաբերում է խաղողի մթերմանը (այն սպասվում է սեպտեմբերի վերջից), լավ բերքի ակնկալիք այս տարի կա, բայց  պարզ չէ, թե ինչպիսին կլինի նախորդ տարվա  մնացորդային պատկերը, ինչը կախված է պատրաստի արտադրանքի իրացման ծավալներից: Նախորդ տարվա արտադրանքն իրացնելու համար մինչեւ սեպտեմբեր դեռ ժամանակ կա: Պտուղ-բանջարեղենի մթերման գինը, որ ամենաշատն է մտահոգում գյուղացուն եւ մշտապես դժգոհությունների տեղիք տալիս, նախորդ տարվանից էապես չի տարբերվի (լոլիկն օրինակ նախորդ տարի կիլոգրամը 34 դրամով էր մթերվում): Հավելենք, որ գյուղացու արտադրանքը կմթերեն մոտ 25 վերամշակող կազմակերպություններ, որոնցից  խոշորներն են Արտաշատի եւ Արարատի պահածոների գործարանները, ՄԱՊ ընկերությունը, Էջմիածնի պահածոների գործարանը: Մթերման առյուծի բաժինը տնօրինում է Արտաշատի պահածոների գործարանը: Գործարանն իրականացնում է ողջ հանրապետության մթերվող պտուղ-բանջարեղենի մինչեւ 50 տոկոսի մթերումը: Ասել է թե ոլորտում եղանակ ստեղծողն է (պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին):