Ժողովուրդն այլեւս չի ուզում խաբվել

Ժողովուրդն այլեւս չի ուզում խաբվել
Հուլիսի 12-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է "Ղարաբաղ Տելեկոմ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։ Հանդիպմանը, որին մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն, քննարկվել են ընկերության կողմից Արցախում իրականացվող ներդրումային քաղաքականությանը, սակագների վերանայմանը, ինչպես նաեւ սոցիալական ոլորտում բարեգործական ծրագրերին վերաբերող հարցեր: Այնուհետեւ կառավարության նիստերի դահլիճում հրավիրվել է ԼՂՀ վարչապետի եւ "Ղարաբաղ Տելեկոմ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը։ Ամենայն հավանականությամբ, վերոհիշյալ հանդիպման համար առիթ է հանդիսացել վերջերս Արցախում սկիզբ առած ակցիան՝ ընդդեմ ՂՏ-ի կողմից սահմանված բարձր գների եւ սպասարկման ցածր մակարդակի, որ սկսվել է Facebook սոցիալական կայքում "Stop թալանին" անվանմամբ քաղաքացիական նախաձեռնությամբ։ Այնտեղ զետեղվել էր նաեւ ծաղրանկար, որտեղ ՀՀ եւ Արցախի քարտեզի մեջտեղում կանգնած էր Ռալֆ Յիրիկյանը՝ Հայաստանում "Viva cell"-ի բաժանորդների համար հրեշտակի, իսկ Արցախում "Ղարաբաղ Տելեկոմի" բաժանորդների համար՝ սատանայի տեսքով։ Կայքում բազմաթիվ արձագանքներ են տպագրվել թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։ Դրան Ստեփանակերտում հետեւել է "Տելեկոմի" աշխատակիցների բողոքի ցույցը՝ ի պաշտպանություն Ռալֆ Յիրիկյանի:



"Ղարաբաղ Տելեկոմի" անվան շուրջ սկսված այս աղմուկն անհանգստացրել է նաեւ Արցախի իշխանություններին։ Արդյունքում՝ իշխանությունները հանդիպել են "Տելեկոմի" գործադիր տնօրենին, այնուհետեւ կայացել է վերոհիշյալ մամլո ասուլիսը։ 10 տարվա ընթացքում ընկերության կողմից Արցախում կատարված աշխատանքի համար վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռալֆ Յիրիկյանին, նշելով, որ 2002թ. իր գործունեությունից մինչ այսօր "Ղարաբաղ Տելեկոմը" կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման համար պայմանագրով նախատեսված 15 մլն.-ի փոխարեն ներդրել է 38 մլն. դոլար։ Նա նշել է, որ այդ ամենով հանդերձ, "Ժամանակակից չափանիշներին հասնելու համար անելիքներ դեռ շատ կան", որի վկայությունը ընկերության մատուցած ծառայությունների, մասնավորապես ինտերնետ կապի ցածր որակի, բջջային հեռախոսակապի սակագների վերաբերյալ վերջերս հանրության կողմից հնչեցված դժգոհություններն են։



Ռ. Յիրիկյանը, ամփոփելով կապի ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը, նշել է, որ նախատեսվում է բարելավել քաղաքային կապը, լարայինից անցնել ոչ լարային կապի, արդիականացնել ընկերության սարքավորումները, ստեղծել նոր կայաններ: Նա նշել է նաեւ, որ սակագնի կտրուկ իջեցումները բացասաբար են ազդելու սպասարկման որակի վրա, սակայն առաջիկա ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն: Ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքների, Յիրիկյանն աել է, որ ինքը ՂՏ-ի բաժնետեր չէ, այլ ընդամենը պաշտոնյա է, որ հասարակական հիմունքներով կատարում է 830 աշխատող ունեցող ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունները։



Ասուլիսի ընթացքում խոսվել է նաեւ այն մասին, որ պատերազմ տեսած արցախցին, հատկապես առողջական խնդիրներ ունեցող կենսաթոշակառուները, որ բջջային հեռախոս իրենց մոտ պահում են միայն նրա համար, որ փողոցում իրենց վատ զգալիս կարողանան կապվել տնեցիների հետ, եւ ողջ ամսվա ընթացքում նրանց րոպեավճարը կազմում է ընդամենը 70-100 դրամ, ստիպված են լինում լրացուցիչ մուծել նաեւ 1200 դրամ այսպես ասած՝ բաժանորդավճար, այն դեպքում, երբ բաժանորդաքարտ վերցնելիս արդեն մուծել են 8 հազար դրամ։ Ասուլիսում պարզվեց, որ 140 հազար բնակչություն ունեցող Արցախում "Տելեկոմն" ունի բջջային ծառայությունից օգտվող 60 հազար բաժանորդ, որից 50 հազարն օգտվում է հետվճարային, մնացյալը՝ կանխավճարային համակարգից։ Ասել է թե՝ 50 հազար բաժանորդ յուրաքանչյուր ամիս, րոպեավճարից բացի, որպես բաժանորդավճար, հենց այնպես ՂՏ-ի գրպանն է դնում 60 մլն. դրամ (1 տարվա կտրվածքով՝ 720 մլն. դրամ)։ Ակնհայտորեն երեւում էր, որ Յիրիկյանի համար անսպասելի էր "Տելեկոմի" դեմ սկսված դժգոհությունների այս ալիքը։ Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո նա խոստացել է հաճախակի հանդիպել նրանց եւ պարզաբանել հանրությանը հուզող խնդիրները։



Վ. ՕՎՅԱՆ