Նրանց համար “թասիբի” հարց է, մեզ համար` հայրենիքի խնդիր

Նրանց համար “թասիբի” հարց է, մեզ համար` հայրենիքի խնդիր
Հարցազրույց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ ԱԺ երկու գումարման պատգամավոր Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ



- Վերջերս ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այլեւ համանախագահող երկրների նախագահներն են հայտարարություններ անում ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որոնց հիմքում ընկած են Մադրիդյան սկզբունքները՝ ազատագրված տարածքները հանձնելու պահանջով։ Արցախն արդյո՞ք պատրաստվում է այդ տարածքները զիջել հակառակորդին։



- Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւն իրենց խորհդարանում ասել է. "Ղարաբաղը մեր մյուս տարածքների հետ համեմատած քարքարոտ, անջրդի եւ հողագործության համար ոչ պիտանի տարածք է, բայց ազատագրումն արժանապատվության հարց է" (ասել է թե՝ "թասիբի" հարց է): Իսկ մեզ՝ հայերիս համար մեր տարածքները, այդ թվում՝ ազատագրված հողերը, կազմում են մեր հայրենիքը: Ցավալի է, որ մի շարք պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ եւ քաղաքագետներ դեռ շարունակում են Քաշաթաղի շրջանը դիտել որպես "միջանցք", այն էլ՝ Լաչինի միջանցք: Պարզապես նման մարդկանց խորհուրդ կտայի մտաբերել իրենց ծննդավայրը կամ անվանադիր նախնիների բնօրրանը եւ պատկերացնել, որ ինչ-որ տարօրինակ մարդիկ այդ բնակավայրը կոչում են ոչ թե գյուղ, ավան կամ քաղաք, այլ միջանցք...



- Մեր քաղաքական գործիչներից մեկն ասել է, որ կան տարածքներ, որոնք երբեք հնարավոր չէ վերադարձնել, եւ այդպիսի տարածքներից մեկը Քարվաճառի շրջանն է, որովհետեւ այնտեղ են գտնվում Արցախի ջրային պաշարները... Որքանո՞վ եք ընդունելի համարում նման տեսակետը։



- Ես էլ եմ նման տեսակետներ լսել եւ ապշել։ Ստացվում է, որ այդ կամ մի այլ շրջան մենք չպիտի հանձնենք, ոչ թե նրա համար, որ դրանք ազատագրված հայկական հողեր են, դրան հավելած՝ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն եւ այլն, այլեւ որովհետեւ այնտեղ ջրային պաշարներ կամ օգտակար հանածոներ կան։ Բանից պարզվում է, որ եթե Քարվաճառի շրջանն ամբողջովին անապատ լիներ, ապա առանց մի խոսքի կարելի՞ է հանձնել թշնամուն...



- ՀՀ որոշ քաղաքական գործիչներ հաճախ այն միտքն են հայտնում, որ ազատագրված տարածքներից մեկ կամ առավելագույնը հինգ շրջան կարելի է փոխզիջման կարգով հանձնել թշնամուն: Ինչպե՞ս եք ընդունում դա։ Օրինակ, օրերս քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասել է. "Ես, օրինակ, մեծ հաճույքով կվերադարձնեի մի գյուղ՝ Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկը, սակայն մի պայմանով, որ այդտեղ վերադառնան ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ընտանիքները"։



- Ընդհանրապես ազատագրված հողերը հանձնելու մասին հայկական կողմից առավել շատ խոսում են նրանք, ովքեր Արցախում չեն ապրում, այդ հողերի ազատագրման հետ անգամ հեռավոր առնչություն չունեն եւ չեն պատկերացնում, թե ինչ է լինելու դրանից հետո։ Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկը "մեծ հաճույքով վերադարձնելու" օրինակը՝ թեկուզ հայ եւ ադրբեջանցի ընտանիքների վերադարձի պայմանով, ցույց է տալիս հայ դիվանագիտության իրականությունից կտրված լինելը։ Եթե կան մարդիկ, որ առայսօր դասեր չեն քաղել մեր ժողովրդի պատմությունից եւ լավ չգիտեն մեր հակառակորդի բնույթը, թող կրկին կարդան Թումանյանի "Չարի վերջը"։ Աղվեսը (մեր դեպքում՝ թուրքը) երբեք չի կշտանում, երկրորդը, երրորդն է պահանջում։ Այսօր, երբ մեր քաղաքագետները միամտորեն քննարկում են, թե ինչ "փոխզիջեն", հակառակորդը պահանջում է բոլորը...



Ինչ վերաբերում է "փախստականների վերադարձի", այսպես կոչված, սկզբունքին, դա անիրական խնդիր է, էլ չեմ ասում, որ այն իրականացնելն ավելի պայթյունավտանգ հետեւանքներ կունենա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քանի՞ ֆրանսիացու ընտանիք է հետ վերադարձել Գերմանիա՝ նախկին բնակության վայրը, եւ հակառակը, քանի՞ գերմանական ընտանիք է Ֆրանսիա վերադարձել։ Պատմության մեջ նման փաստ չկա։



- Բայց հայկական կողմից ու Արցախի անունից այսօր շարունակում են բանակցությունները, իսկ բանակցասեղանին դրված փաստաթղթերում առաջին հարցը վերաբերում է տարածքները հանձնելուն...



- ԼՂՀ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է. "Մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո": Այսինքն, ավելի պարզ ասած՝ ազատագրված տարածքները մեր հայրենի հողերն են եւ մեր ամբողջական հայրենիքի անբաժան մասը։ Համոզված եմ, որ Սահմանադրության պահանջի խախտումը, ում կողմից էլ այն կատարվի, խստագույնս պատժվելու է օրենքով եւ ոչ միայն...



Վարդգես ՕՎՅԱՆ