Արձանը

Արձանը
Նա կանգնած էր լուռ ու անօգնական` կոմունիստների հայկական մոգը: Նրան շատերը մոգ էլ չէին համարում ու խառնում էին քրմի հետ, սակայն այդ օրը նա լիարժեք մոգ էր, քանզի միայն մոգը կդիմանար այդ ամենին: Ինչքան էլ նա անօգնական լիներ, սակայն իր անօգնականության մեջ փորձում էր օգնել իրեն շրջապատածներին ու իր թեւերի տակ հավաքելով` փորձում փրկել նրանց անխուսափելի մահվանից: Նա մեղավոր էլ չէր, որ իրեն անօգնական էին դարձրել, քանզի այլընտրանք էլ չէին թողել: Գիպսի փողը գլխից էին կերել ու չէր հերիքել բրոնզի վրա, դրա համար էլ քարապատել էին, որ տակի գիպսը չերեւա, ձեռքն էլ խոթել էին գրպանը, իսկ մյուսը թողել օդում կախված` կարծես հաշմանդամ լիներ պատերազմից վերադարձած, սակայն դեմքի հպարտությունը չէին կարողացել փոխել: Մի փոքր շիրազյան ռոմանտիզմ էլ կար, բայց դեմքը մռայլ էր, իսկ կերպարը` անօգնական:



Դա իր կյանքի միակ օրն էր, որ նա իր շուրջը հավաքել էր հազարների ու փորձում էր նրանց պաշտպանել:



Հեռվում լսվում էին կրակոցներ, իր շրջակայքում լուրեր էին տարածվում, թե կան սպանվածներ ու վիրավորներ, սակայն նա չէր հավատում, ավելի ճիշտ՝ չէր ուզում հավատալ դրան: Իսկ երբ Տեր Կյուրեղին խնդրեցին մոտենալ ու աղոթել, այդ պահին անգամ ինքն իր մոգ տեսակով հավատաց միակ Աստծուն: Աստված նրան հնարավորություն էր տվել պաշտպանել ու օգնել, եւ այդ պահին նա ամենակարող էր: Աստծո տված  ուժն այնքան զորեղ էր, որ բորենիները վախենում էին հարձակվել նրա անպաշտպան թիկունքից: Նա, թիկունքը դեմ տված ոսոխին, աղոթում էր իրեն շրջապատողների հետ միասին, իսկ դեմքն ավելի էր հպարտանում ու արժանապատիվ դառնում:



Նրան շրջապատած հազարավոր մարդիկ նայում էին կոմունիստական մոգին ու հիանում, քանզի մի քանի ժամվա ընթացքում այդ նույն մոգը իրենց աչքի առաջ վերածնվեց ու դարձավ Աստծո ծառա, ով պատրաստ էր զոհել իր ներկան ու իր անցյալը, միայն թե ապագայում բարձր պահի Աստծո անունը:



Բորենիները հարյուրավոր մետրեր հեռվից վախենում էին մոտիկ գալ, սակայն նրանց հաջողվում էր ժողովրդի միջից պոկել-տանել անմեղներին, նրանց, ովքեր վախ չունեին ոչնչից ու թվացյալ կարիքն էլ չունեին մոգի աղոթքների: Բորենիները փորձում էին հարբեցնել մոլորյալներին, սակայն նրանք, վերադառնալով մոգի մոտ, մոռանում էին իրենց մոլորյալ կարգավիճակն ու վերագտնում իրենք իրենց: Մոգն իր ամբողջ ներուժը գործադրում էր ոչ միայն նրանց պաշտպանելու, այլ նաեւ նոր մարդ դարձնելու համար: Իսկ այդ նոր մարդիկ պետք էին ոչ միայն Աստծուն, այլ նաեւ երկրին, որպեսզի երկիրը չհեռանա Աստծուց:



Գիշերվա ժամը երեքին, երբ կրակոցները դադարեցին, իսկ զոհվածներն էլ հասան Աստծուն, մոգի շուրջն ամեն ինչ խաղաղվեց: Նա նայում էր իր շուրջը ու տեսնում միայն վառվող կրակներ, սակայն նա իրեն լքված չէր զգում, այլ զգում էր որպես վերածնված մի մարդ, որ պատրաստ է շարունակել կանգնած մնալ ու երբեք չխոնարհվել ոչնչի դեմ:



Նա նաեւ հպարտ էր, որ իր թեւերի տակ ծնվեցին նոր մարդիկ, որոնք ոչ միայն Աստծուն էին պետք, այլ նաեւ երկրին, որպեսզի երկիրը երբեք չհեռանա Աստծուց:



Նույնիսկ տանկերով շրջապատվելը, բորենիների խրախճանքը նրան չկարողացան ծնկի բերել, այլ հակառակը, նա ձեռքը գրպանը դրած, իսկ մյուսը օդում կախված՝ արհամարհում էր այդ խամաճիկներին: Մի քանի ժամ առաջ իրեն շրջապատած հազարավոր Աստծո ծառաների էներգիան հերիք էր, որպեսզի նա կարողանար միայնակ դիմակայել բորենիներին, տանկերին ու խամաճիկներին:



Կանգնա՞ծ եք, մինչեւ վե՞րջ, ես էլ եմ կանգնած մինչեւ վերջ...



Առաքել ՍԵՄԻՐՋՅԱՆ