Կոռումպացված, վախվորած, ստրկացած Հայաստան – 2

Կոռումպացված, վախվորած, ստրկացած Հայաստան – 2
Այս վերնագրով երեկ մեր թերթում տպագրված հոդվածին շատ խիստ են արձագանքել ոչ միայն "Հայհիդրոէներգոնախագիծ" ինստիտուտի տնօրեն Մ. Խաչատրյանը եւ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը, այլեւ Մ. Խաչատրյանի ենթակայության տակ աշխատող մեկ այլ "մի խումբ կանայք", բայց արդեն ոչ թե անոնիմ, ինչպես նախորդ նամակում, այլ ստորագրած:



Հիշեցնենք, որ հոդվածը վերաբերում էր խմբագրության էլեկտրոնային հասցեին ուղարկված "Հայհիդրոէներգոնախագիծ ինստիտուտի մի խումբ կանանց" նամակին, որում նրանք բառացիորեն գրել էին. "Մեր ինստիտուտի տնօրեն Մեսրոպ Խաչատրյանը պաշտոնապես հայտարարում է, որ չի կարողանում տալ մեր հասանելիք աշխատավարձերը, քանի որ ստիպված ամեն ստորագրության համար 800-ից մինչեւ 1000 դոլար կաշառք է տալիս ՀՀ բնապահպանության նախարարության մի աշխատակցի (այդ աշխատակցի անունն ու պաշտոնը նշված էր, բայց, զերծ մնալով մարդու անունն ու արժանապատվությունը անհիմն չարատավորելու սկզբունքից ու հաշվի առնելով, որ նամակն այնուամենայնիվ անստորագիր էր, նաեւ ՀՀ մի շարք օրենքների պահանջներն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, կրկին չենք հրապարակում՝ Գ.Ա.): Մեր երեխաները սոված են եւ օրվա հացի կարոտ, իսկ այդ պաշտոնյան, ոչ մեկից չվախենալով, օրը ցերեկով կաշառք է պահանջում: Հակառակ դեպքում այնքան կտանի-կբերի, որ եկած ճանապարհդ կմոռանաս: Նա միտումնավոր ձգձգում է ցանկացած փաստաթղթի ստորագրում եւ առանց վախենալու պահանջում է գումարը: Ծնկաչոք աղաչում ենք ստուգել փաստերը եւ տպագրել թերթում":



Եվ ահա ինստիտուտի տնօրենը, ինչպես եւ խոստացել էր, գրում է. "Հոդվածում հնչեցված են անհիմն մեղադրանքներ, թե իբրեւ ես՝ Մեսրոպ Խաչատրյանս, իմ գործունեության ընթացքում կաշառքներ եմ տվել բնապահպանության նախարարության ոմն աշխատակցի, որի համար պաշտոնապես հայտարարում եմ, որ ընկերությունը բնապահպանության նախարարության հետ վերջին հինգ տարիների ընթացքում 1-2 պայմանագիր է ունեցել միայն նախագծի բնապահպանական փորձաքննության վերաբերյալ: Ուստի հարկ եմ համարում կրկին անգամ հայտարարել, որ նման հերյուրանք չի կարելի տպագրել առանց հիմնավոր փաստերի": Ի գիտություն Մ. Խաչատրյանի, մենք էլ էինք գրել, որ նման փաստեր չի կարելի տպագրել առանց հիմքերի: Գրել էինք նաեւ, որ իր ղեկավարած հաստատությունը առանձնապես գործ չի ունեցել բնապահպանության նախարարության հետ: Փոխարենը պարոն Մ. Խաչատրյանը ծպտուն անգամ չի հանել առ այն, որ արդեն 9 ամիս է, աշխատողներին աշխատավարձ չի տալիս, եւ մեր հոդվածն էլ հենց այդ մասին էր: Ավելին՝ նրա ենթակայության տակ աշխատող "մի խումբ կանանց" ստորագրած նամակում  նույնպես բառ անգամ չկա այն մասին, որ աշխատավարձ չեն ստանում արդեն գրեթե մեկ տարի, ու չեն պնդում, որ հոդվածագիրն այդ մասին սուտ է գրել:



Փոխարենը գրում են. "Մենք վիրավորված ենք, որ մեր անվան տակ թաքցնելով, անստորագիր ստոր նամակ է գրել մի անձ, որը, բարոյական բոլոր նորմերը խախտելով, վարկաբեկել է ե՛ւ ընկերությունը, ե՛ւ աշխատակից կանանց, ե՛ւ ընկերության հետ համագործակցող բնապահպանության նախարարությանը", պահանջել են ներողություն խնդրել իրենցից ու տպագրել հերքում: Բայց այդ պահանջը պետք էր առնվազն հիմնավորել: Եւ հետո՝  բա ձեր տնօրենն ասում էր, որ չի համագործակցում բնապահպանության նախարարության հետ եւ ընդամենը "1-2 պայմանագիր է ունեցել միայն նախագծի բնապահպանական փորձաքննության վերաբերյալ", հիմա նախարարության հետ համագործակցո՞ւմ եք, թե՞ ոչ: Եթե ոչ, ինչո՞ւ եք մտահոգված նախարարության հեղինակության համար:  Բայց հերքման պահանջները դրանով չեն սահմանափակվում: "Չնայած նրան, որ "Հայհիդրոէներգոնախագիծ" ՓԲԸ-ի տնօրենը, ըստ Ձեր թերթի (ուշադրություն՝ հոդվածի մասին է խոսքը՝ Գ. Ա.) հերքում է, որ երբեւիցե կաշառք է տվել նախարարության աշխատակցին, նույնը պնդում է նաեւ նախարարության աշխատակիցը: Այդուհանդերձ, հարկ եմ համարում նաեւ բնապահպանության նախարարության անունից տեղեկացնել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը",- գրում է աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանը:



Այդ պաշտոնական գրության մեջ նշված է, որ ""Հայհիդրոէներգոնախագիծ" ՓԲԸ 02.10.2009 Մ-172 գրությամբ ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել "Մարմարիկի ջրամբարի ու կառուցվածքների վերանորոգում եւ անվտանգության սարքավորումների տեղադրում" նախագիծը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն ստանալու համար, նախագիծը փորձաքննություն չի անցել, քանի որ պայմանագրով նախատեսված պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել": Կրկնենք, որ մենք էլ դա էինք գրել՝ Մ. Խաչատրյանի հաստատությունն ու բնապահպանության նախարարության այն աշխատակցի բաժինը, որին մեղադրում են կաշառակերության մեջ, իրար հետ կապ չունեն, կաշառակերության փաստն էլ չի ապացուցվում, ու ապացուցելն էլ մեր գործը չէ: Հիմա ի՞նչը հերքենք: