Մեզ հոգեւոր վերածնունդ է պետք

Մեզ հոգեւոր վերածնունդ է պետք
Այսօր նույն վիճակն է, ինչ Եղիշե պատմիչի օրոք, պարզապես, ի տարբերություն այն ժամանակներում ապրող ազնվականների ու իշխանների, այսօրվա "ազնվականներն ու իշխանները" սարսափելի հեռու են կրոնից, հավատից, խաչից: Կրոնապետն էլ հիմա այնպիսին է, ինչպիսին պիտի լինի: Այսինքն՝ եթե ուրիշ լիներ, չէր լինի պարզապես: Մեր կրոնապետն է, չեմ ուզում վատ բան ասել, բայց, ցավոք, լավն էլ չեմ կարող ասել: Այսօր մենք նման ենք հսկայական այսբերգից պոկված սառցաբեկորի, որ քամու բերանն ընկած, մատնված է բախտի քմահաճույքին ու լողում է անծայրածիր օվկիանոսի ջրերում: Ոչ նավապետ ունենք, ոչ ուղենիշ:



Մեր կրոնապետը կարող էր հրաշքով կանգնեցնել այս խելահեղ ընթացքը, բայց երբ ասում ես կրոնապետ, պատկերացնում ես Հովնան Օձնեցու պես մարդուն, Վազգեն Առաջինին... չեմ ընդունում թղթե շերեփավորներին, որովհետեւ մեզ իսկապես երկաթե շերեփ է պետք, երկաթե խաչ, թուր: Հոգնել ենք բարոյական հաղթանակներից: Բայց եթե մարդն իր շահի ետեւից է գնում, սկսում է աշխատել "Երկիրը՝ դմակ, տղեն՝ դանակ" ասացվածքը, ում որ մասը պետք է, կտրում լափում է, չմտածելով, որ լափում է ոչ թե իր ժառանգի փայը, այլ միսն ու արյունը: Իսկ այս արարածների հետ ո՞նց կարող ես ապրել: Մեր ղեկավարները երդվում են Աստվածաշնչի վրա, բայց Աստծուն ուրացածներ են: Հիշեցի, երբ երկրորդ նախագահը Երուսաղեմ այցելությունից հետո ասել էր, որ եթե մի շաբաթ մնար այնտեղ, քրիստոնյա կդառնար:



Ես ուղղակի վիրավորվեցի մեր խաչի զոհերի, Մաշտոցի գրերի, անցած պատմության համար: Ես չեմ կարծում, որ ներսից որեւէ բան հնարավոր է փոխել: Ցավով եմ ասում: Մեզ թելադրում են դրսից, ու սա արձանագրում եմ որպես տխուր փաստ, որպես սուբյեկտիվ կարծիք թող դիտվի, բայց ինչ կատարվում է մեզ հետ, դրսի թելադրանքով է: Այն, ինչ դարեր շարունակ չեն կարողացել մեզանից խլել, հատկապես մեր հոգեւոր ուժը, կրոնը, հավատքը, այսօր, ինչպես տեսնում ենք, արդեն խլում են: Տեսեք, թե ինչ է կատարվում՝ աղանդները լցվել են, ու նրանք պաշտպանված են ավելի, քան մեր հոգեւոր արժեքները:



Դրանում, իհարկե, մեղավոր են ինչպես մեր հոգեւոր հայրերը, այնպես էլ իշխանությունները: Եթե չեմ սխալվում, Աստվածաշունչը մեզ աշխարհաբարով հասանելի է դարձել 80-ականների վերջին, որի թարգմանության հեղինակներից մեկն էլ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է: Մինչ այդ կոմունիստներն ուղղակի հեռու էին պահում ժողովրդին Սուրբ գրքից, հրապարակավ հայտարարելով, որ այն ասում է. եթե մեկ այտիդ հարվածում են, մյուսն էլ դեմ արա, խեղաթյուրելով դրա խորհուրդը: Ժողովուրդը մեղք չուներ, թեպետ որ կուլ էր տալիս այդ խայծը, որն իրականում մտրակ էր հայ մարդուն ճնշելու համար:



Այսօր էլ այդ խարազանը գործում է: Ամենավիրավորականն այն է, որ 2003 թվականից թանկացրին մոմերն ու հայտարարեցին, որ Էջմիածինը նույնպես միջոցներ է ներդրել նախընտրական արշավում եւ այժմ պիտի ետ վերադարձնի իր ներդրումը: Ո՞ւմ հաշվին, հավատքի ու հավատացյալի՞... Վերադառնալով Եղիշեին՝ Հայաստանն այդ օրերին փրկեց հավատքը, իսկ այսօր չկա այն ոգին, որը կօգնի ժողովրդին դիմակայել գլոբալիզացիային ու հազար ու մի այլ ահագնացող վտանգներին: Կրոնապետն այդպես էլ չհայտարարեց, ասենք՝ հանուն Հայաստանի փրկության, հանուն Արցախի ազգովի աղոթելու անհրաժեշտության մասին:



Մի բան էլ՝ ես վերջերս Գյումրիում էի ու նկատեցի, որ ավիատոմսերի վաճառքի կետում փակցված է մի հայտարարություն՝ 5 հոգուց ավելի գնացողների համար կարվի  50 տոկոս զեղչ: Կարծում եմ, մեկնաբանությունն արդեն ավելորդ է: Ի՞նչ են անում: Նոր եկեղեցիներ են կառուցում, բայց ի՞նչ կտա դա, եթե հավատքի ամենասուրբ ու նվիրական տաճարը՝ մարդու հոգին, չի նորոգվում: Այսօր, քան երբեւէ, մենք ազգովի լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Մեզ հոգեւոր վերածնունդ է պետք:



Վանուշ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

արձակագիր