Մաստեր-կլաս ՔՀԿ վարչությունից
"Իսկ եթե սխալ տեղեկություն տպվի, հաջորդ օրն էլ նախագահականից "կլիզմա" անե՞ն",- կհարցնի լրատվական բաժնի միամիտ աշխատողը: Բայց Ա. Բաբայանի համար նախագահականի "կլիզման" պրոբլեմ չէ: Նա հաջորդ օրը հերքում կուղարկի թերթին: Օրինակ այսպիսի. ""Դատապարտյալների հիվանդանոց" քրեակատարողական հիմնարկի անեսթեզիոլոգիական ապարատի՝ իբր հնացած եւ մաշված լինելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այսպես, "Դատապարտյալների հիվանդանոց" քրեակատարողական հիմնարկի անեսթեզիոլոգիական հին սարքավորումը ս.թ. հունիս ամսին փոխարինվել է նորով, իսկ մինչ այդ կալանավորված կամ դատապարտված անձինք համապատասխան բժշկական միջամտություն ստացել են քաղաքացիական բժշկական հաստատություններում, ինչի արդյունքում նշված բժշկական աշխատանքներն իրականացվել են ամբողջությամբ":
Վերադասին էլ կզեկուցի. "Ախր չգիտե՞ք՝ թերթերն ինչ ուզում, գրում են": Հո չե՞ն ստուգելու Արսենի հեռախոսի անպատասխան զանգերը: Եվ բոլորը գոհ կմնան՝ լրագրողից ու ընթերցողից բացի: Նրանք կհասկանան, որ նարկոզի խնդիրն այնուամենայնիվ եղել է, բայց չեն հասկանա, թե որքա՞ն ժամանակ չի գործել անեսթեզիոլոգիական ապարատը, մինչեւ այն փոխելը: Քանի՞ վիրահատման ենթակա հիվանդ է քաղաքացիական հիվանդանոցներում վիրահատվել: Քանի՞սն է մերժվել կամ անարդյունավետ բուժում ստացել: Ինչպե՞ս է սա անդրադարձել ՔԿՀ-ներում մահացության վրա, որը, ինչպես հայտնի է, այս տարվա 6 ամիսներին բարձր է եղել:
Ի՞նչ պայմաններում են պահվում քաղաքացիական հիվանդանոցներում վիրահատված եւ "Դատապարտյալների հիվանդանոց" տեղափոխված դատապարտյալները, եթե այդ հիվանդանոցում չկա վերակենդանացման բաժին եւ բարդությունների դեպքում ինտենսիվ բուժում կազմակերպելու հնարավորություն: Ի դեպ, երեկ մի հարց եւս տվեցինք Ա. Բաբայանին՝ արդարադատության նախարարության վերահսկողության վարչությունը ՔԿՀ-ներում մահացության դեպքերի առնչությամբ խախտումներ եւ թերություններ էր հայտնաբերել: Ո՞վ է պատասխանատվության ենթարկվել վերհանված խախտումների համար: Այդ խախտումների մեծ մասը վերաբերում էր դատապարտյալների բուժմանը եւ բուժզննությանը: Պատասխանին մնում ենք սպասող:
Կարծիքներ