Հանրային խորհուրդն էլի աղմկում է

Օրինակ, ասված է. "Մարզերում, գյուղական շրջաններում բացակայում են նախադպրոցական հաստատությունները": Այլ ցանկություն. "Անհրաժեշտ է կատարել էական պարզեցում դպրոցներին նախարարության կողմից պարտադրված գիտելիքների գնահատման սխեմայում": Կամ. "Ավագ դպրոցները ձեւավորել ոչ թե 10-12, այլ 10-11 դասարաններում": Վատ չի լինի, իհարկե, որ ՀԽ-ն վերջապես համապատասխանեցնի կրթության ոլորտը ժողովրդական պատկերացումներին: Բայց առաջարկների բազմազանությունն ու հատկապես քանակը լարում է, եւ ուզած-չուզած՝ սեւ կասկած է ծնվում. չլինի՞ սա ուղղակի աժիոտաժ է, որին հետեւելու է յուրաքանչյուր հայաստանցուն ծանոթ "Ոչինչը":
Միթե խորհրդականները չգիտեն, թե ինչքան գումար, եռանդ եւ "բարեփոխման" էներգիա է ծախսել պետական ապարատը նույն գնահատման համակարգը ներդնելով, թեստեր կամ դպրոցական դասագրքեր գրելով: Երեւի նրանք տեղյակ չեն, որ ավագ դպրոցներն արդեն բացվում են, վերջ, քննարկումների փուլն անցել է: Գուցե չեն խոսել կրթության ոլորտի պատասխանատուների հետ, երբ որոշումներ կայացվեցին, իրար չեն լսել ԱԺ լսումների եւ ելույթների ժամանակ, երբ հիմնավորվում էր ավագ դպրոցի ներկայիս հայեցակարգը: Հեծանիվ հայտնաբերողի հաստատակամությամբ Հանրային խորհուրդն ասում է. "Չի կարելի անցումային հասակում (14 տարեկան) գտնվող երեխաների միջավայրը ստիպողաբար փոխել՝ մի դպրոցից մեկ ուրիշը տեղափոխելով եւ պատճառաբանելով, որ իր դպրոցում չի թույլատրվում շարունակել ուսումը":
Ուզում ես պատասխանել. "Բարեւ Ձեզ": Չէ, լավ բան է ասում, բայց լավ բաներ ասելն էլ իր ժամանակն ունի: Դեմ չենք, իհարկե, որ գյուղերում ուսուցիչների պակաս կա, որ դպրոցների տնօրենների նշանակման կարգը թերի է, որ գնահատման համակարգը պետք է կարգավորել, բայց լավ չէ սկզբի համար մեկ կարեւոր գործ ընտրել եւ շարժվել առաջ այն ավարտելուց հետո: Թե չէ ստացվում է՝ այս աղքատ երկրում իզուր ենք փող, ջանք եւ նյարդեր ծախսել: Հիմա Հանրային խորհուրդն իր մոգական փայտիկը կառնի ձեռքը, կջնջի եւ եղած "զրոն", եւ նոր "զրո" կնկարի՝ այս անգամ հակառակ կողմից: Եվ հավերժական այս աղմուկից չենք փրկվելու:
Կարծիքներ