Թանկարժեք մետաղների գներն աճել են

Թանկարժեք մետաղների գներն աճել են
ՀՀ ֆինանսների նախարարության "Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան" գործակալությունն օգոստոսի 9-16-ը թանկացրել է պետական ստանդարտով մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի ձուլակտորի գները: Այսպիսով, ոսկու գնման գինը սահմանված է 12906.83 (+85.23), վաճառքինը՝ 14029.16 դրամ: Արծաթն այդ օրերին կարժենա 198.67 (+3.54) դրամ՝ գնմանը, եւ  215.95 (+3.85) դրամ՝ վաճառքինը: Պլատինը՝ գնման գին, 17129.42 (+159.96), բացթողնման գին` 18618.93 (+173.86), պալադիումի գնման գինը` 5411.24 (+173.62), վաճառքինը` 5881.78 (+188.72): Տնտեսագետ Զոյա Թադեւոսյանի կարծիքով, թանկարժեք մետաղների գների բարձրացման միտումը պայմանավորված է համաշխարհային ճգնաժամի հաղթահարման նպատակով միջազգային շուկայում հաստատված թանկացումներով, ինչպես նաեւ թանկարժեք մետաղների կիրառմամբ նոր տեխնոլոգիաներով ապրանքների արտադրության մեջ առկա պահանջարկով: Բայց, ըստ տիկին Թադեւոսյանի, այս ընթացքում պետք է պետական բյուջեի մուտքերն ավելանան, քանի որ թանկարժեք մետաղների արտադրությունից ստացվող ռենտան, որը հանքանյութի բնական առավելությունն է (այն չի վերաբերում ոչ թանկարժեք համարվող հանքանյութին)` պետք է ոչ թե յուրացվի հանքի սեփականատիրոջ կողմից, այլ պատկանի պետությանը, այն է՝ ժողովրդին՝ այն պարզ պատճառով, որ հանքն ինքնին բնական հարստություն է ու չի կարող յուրացվել: