Աշխատանքի՞, թե չարչիության տոնավաճառ

Աշխատանքի՞, թե չարչիության տոնավաճառ
Իջեւան քաղաքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ: Այն իբր նպատակ ուներ օգնել աշխատանք փնտրողներին` հանդիպել թափուր աշխատատեղ առաջարկող գործատուների հետ, ծանոթանալ գործազուրկների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին, նաեւ գործատուներին հնարավորություն տալ գտնել համապատասխան հմտություններով մասնագետներ: Տոնավաճառին ներկայացել էին 40 գործատուներ, որոնց թվում ֆինանսական կառույցներ, կրթօջախներ, համայնքապետարաններ, արտադրողներ, շինարարական, հասարակական եւ այլ կազմակերպություններ էին:



Ի թիվս այլոց ներկայացել էին  ԱԳԲԱ Կրեդիտ ագրիկոլ բանկը, Իջեւանի ՃՇՇ-ն, Իջեւանի "Բենտոնիտշինը", "Կասկադ ինշուրանսը", Իջեւանի պետական քոլեջը, Ենոքավան, Սեւքար եւ Կիրանց գյուղերի համայնքապետարանները, Երեւանի "Գալիք" համալսարանի Իջեւանի մասնաճյուղը, "Դիլնետ Բակ" սերվիսը եւ այլն: Մոտ չորս ժամվա ընթացքում բազմաթիվ աշխատանք փնտրողներ իրենց աշխատանքային կենսագրությունները ներկայացրին գործատուներին, որ վերջիններս ընտրություն կատարեն: Գործատուների զգալի մասին պարզապես բանվոր էր պետք, եւ պարզ է, որ այդ կազմակերպությունների համար տոնավաճառը սեփական գովազդ անելու նպատակ էր հետապնդում, ոչ ավելին, քանի որ բանվորներ, իջեւանցիների ասած՝ "էշակ-մեյդանում" (ֆայլաբազար) էլ կարելի է գտնել: Իսկ աշխատանք որոնող բանվորները տոնավաճառին չէին էլ եկել:



Օրինակ, Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության տաղավարին, որտեղ գրված էր, որ բանվորների կարիք կա, ոչ ոք չմոտեցավ: Մեր համալսարանաշատ երկրի աշխատանքի տոնավաճառում մեկ-երկու կազմակերպություն էր միայն լուրջ մասնագետի կարիք զգում: Մնացած դեպքերում գործատուն պահանջում էր դերձակ, ատաղձագործ, կաշեգործ, վարսահարդար, խոհարար եւ այլն:



Այսպես ասած՝ բարձրագույն կրթություն ունեցող մասնագետի կարիք ունեին հիմնականում "ԴՎՎ ինտերնեյշնլի" Մեծահասակների կրթության Իջեւանի կենտրոնը (PR մասնագետ եւ հաշվապահ), ԱԳԲԱ բանկը` վարկային գործակալի, Երեւանի "Գալիք" համալսարանի Իջեւանի մասնաճյուղը բացառիկ պահանջարկ էր ներկայացրել` 6 թափուր աշխատատեղ, այդ թվում անգլերենի երկու ուսուցչի, չինարենի, պորտուգալերենի, պարսկերենի եւ ռումիներենի մեկական ուսուցչի` "Գալիք" կրթարանի համար, եւս երկու` տնտեսագիտության եւ իրավագիտության դասախոսների տեղեր համալսարանի մասնաճյուղի համար: Եվ քանի որ ծանոթ-բարեկամով չինարենի կամ ռումիներենի մասնագետ չես գտնի, կրթարանի պահանջարկը հավատ էր ներշնչում:



Իսկ ահա շատ կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնավոր զրույցում անկեղծանում էին, որ կամ իրենց նշված թափուր աշխատատեղն իրականում գոյություն չունի, կամ իրենք նախօրոք որոշել են, թե այդ պաշտոնում ում ընդունեն: Փաստորեն, տոնավաճառի կազմակերպիչների ջանքերը մասամբ իզուր եղան: Միջոցառմանը ներկա քաղաքացիներից մեկն էլ այս ամենը հերթական շոուն անվանեց: "Սա չարչիության տոնավաճառ է,-դժգոհեց իր անունը հրապարակել չցանկացող քաղաքացին:-փողոցային առեւտրի մակարդակի, որովհետեւ բոլորին բանվորական ուժ է պետք ընդամենը: Իսկ ո՞ւր մնաց մշակույթի, գիտության կամ կրթության կադրերի պահանջարկը: Մենք ամեն տարի դաստաներով իրավաբաններ, պատմաբաններ, երաժիշտներ ու օտար լեզվի մասնագետներ ենք թողարկում բուհերում: Փաստորեն, նրանք պահանջարկ չունեն այս երկրում":



Զրուցակիցս ճիշտ էր համարում մարդկանց հետ անկեղծ լինելն ու իրականությունը նրանց ներկայացնելը` իմիտացիաներ ստեղծելու փոխարեն: "Էսօր մարդիկ դարձան պատրանքների զոհը, խայծը մեկ անգամ էլ կուլ տվեցին",-շարունակեց տոնավաճառից դժգոհ քաղաքացին: Հիշեցնենք, որ Զբաղվածության պետական ծառայությունն առաջին անգամ աշխատանքի տոնավաճառ իրականացրել է 2007 եւ 2008-ին ԱՄՆ ՄԶԳ ու ՀԲ ծրագրերի շրջանակներում, որից հետո այն ամրագրվել է որպես պետական ծրագիր: Սակայն այն դուրս է եկել նախարարության վերահսկողությունից, դարձել անկառավարելի եւ գործատուների կամայականության արդյունքում հայավարի ինչ-որ բան: