Շլացած դեֆեկտավորին վերադարձրին բանտ, մեզ` Գայանեի շորերը

Շլացած դեֆեկտավորին վերադարձրին բանտ, մեզ` Գայանեի շորերը
"Ասացի ու ազատեցի հոգին իմ"

Այդին Մորիկյան



Երեկ ավարտվեց համքարիս՝ Գայանե Բաբայանի սպանությունն իրականացրած արարածի նկատմամբ դատաքննությունը: Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը՝ ապրիլի 5-ին, Դավիթ Անհաղթ փողոցում, "Սթար" խանութի դիմաց "Հունդայի" մակնիշի մեքենան վրաերթի էր ենթարկել Գայանե Բաբայանին ու տեղում սպանել: Ղեկին եղել է 27-ամյա Վահան Եղիազարյանը՝ հարբած վիճակում:



ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳ



Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ընդամենը երեք դատական նիստ՝ Հայաստանի դատական պրակտիկայում աղմկահարույց դատավարությունների քննության չտեսնված նախադեպ, ռեկորդ, կարելի է ասել: Եթե նախորդ երկու նիստերի ընթացքում դատավորն աչքի էր ընկել հուշարարությամբ ու ամբաստանյալի նկատմամբ դրսեւորվող ակնհայտ  կողմնապահությամբ, երեկվա նիստում ինչպես դահլիճը, այնպես էլ դատավորն էր համեմատաբար խաղաղ: Բայց նախորդ նիստին տեղի ունեցած հասարակական ընդվզումները կանխելու մտայնությամբ երեկվա նիստին դահլիճ էր բերվել ոստիկանների ու կարգադրիչների պատկառելի խումբ, ինչպես նաեւ նման դեպքերի համար գործածվող կագեբեշնիկների, որ սեւազգեստ, նիստի մասնակիցներին ուշի ուշով հետեւող, բայց աչքի չընկնող երիտասարդներ են, որոնք մշտապես ներկայանում են որպես "պրակտիկանտներ":



Մեղադրանքը ներկայացրեց ճանապարհային վթարներով հարուցված գործերով մեղադրող ավագ դատախազ Մնացականյանը, նախորդ նիստին մասնակցող դատախազն արձակուրդում էր: Նրան նույնիսկ գործի նյութերին ծանոթանալու ժամանակ չէր պահանջվել, քանի որ, ինչպես ինքն ասաց, իրականացրել է Գայանե Բաբայանի գործի քննության հսկողությունը: Երբ կարդաց մեղադրական եզրակացությունը, հերթական անգամ ճանաչեցինք ՀՀ դատախազության ձեռագիրը՝ լղոզած, թքած-կպցրած, "Ճ" կարգի "ստեղծագործություն":



Առաջին իսկ հայացքից էլ պարզ էր, որ նախաքննություն, որպես այդպիսին, չի իրականացվել, ու ազգս հանցագործներից մաքրելու առաքելություն ունեցող հաստատությունը սահմանափակվել է ընդհանուր նկարագրություններով, կասկածելի հեղինակության փորձաքննական եզրակացություններով եւ ապավինել ամբաստանյալի խոստովանությանը, այն գնահատելով "անզգույշ սպանություն", հոդված դրել ու եզրակացրել, որ ենթակա է 4 տարվա ազատազրկման: Երեկ կողմերի բանավեճի փուլն էր: Գայանե Բաբայանի քույրը՝ Աիդա Բաբայանը, չափազանց հուզված, դատավորին փոխանցեց հոր խոսքերը:



"Գայանեի մահից հետո մայրս կաթված է ստացել: Ծնողներս տարիքն առած մարդիկ են, ու նրանց ապրելու իմաստն այլեւս դարձել է այցելությունը քրոջս գերեզմանին: Հայրս խնդրել է փոխանցել ձեզ, որ արժանի պատիժ նշանակեք: Ծնողներս նաեւ ալտրուիստ են, ու այդ պատժի անհրաժեշտությունը նաեւ նրանում է, որ չկրկնվի նման բան, որ ցանկացած մեկը հարբած ղեկին նստելուց առաջ մտածի, որ կարող է մարդու կյանք խլել եւ արժանանալ պատժի՝ օրենքի ողջ խստությամբ": Երբ խոսքը տրվեց ամբաստանյալի պաշտպանին, սա երկար թվարկեց իր պաշտպանյալի բնական արատները, նկարագրեց առողջական վիճակը, նորածին երեխայի առկայության փաստը, մեղքի խոստովանության հանգամանքն ու նույնիսկ հոգեկան տվայտանքները եւ հայտարարեց, որ ինքը գտնում է, որ դատարանը սրան պիտի ազատ արձակի դահլիճից:



Հա, ասաց նաեւ, որ իր պաշտպանյալն ու նրա հարազատները Գայանեի ընտանիքին առաջարկել են իրենց աջակցությունը եւ այժմ էլ պատրաստ են հատուցել նրա հուղարկավորության ծախսերը: Փաստաբան Կարինե Ավանեսյանի "ճառն" այնքան ճղճիմ թվաց, որ Գայանեի հարազատներն ու գործընկերներն արտասվեցին: Գայանեի հարազատները հավաստիացնում են, որ Վահան Եղիազարյանի բարեկամներն այնքան լկտի են գտնվել, որ նույնիսկ սպառնացել են իրենց, եթե համարձակվեն դիմել դատարան: Ավելին՝ Գայանե Բաբայանի դին նոր էինք հողին հանձնել, երբ նրանք ծանոթ էին գտել, որը զանգահարեց ինձ ու առաջարկեց միջնորդել իմ ընկերուհու ընտանիքի անդամներին՝ փող վերցնել եւ գործը չհասցնել դատարան:



Առաջարկում էին գումար, պատճառաբանելով, որ երիտասարդ է, ընտանիք ունի, Գայանեին էլ չենք վերադարձնի, իսկ ահա նրա որբացած դուստրերը նյութական ապահովություն կունենան: Վերջին խոսքի իրավունքի նշանակությունը հասկացավ թե չէ, բայց վեր կացավ եւ ողորմելի հայացքով ուղիղ դատավորի ճակատին նայեց ու ճպճպացրեց աչքերը: Դատավորը ստիպված եղավ կրկնել, որ սա ունի վերջին խոսքի իրավունք: "Ես ընդունում եմ մեղքը",-հազիվ լսելի ձայնով մթնոլորտ նետեց ամբաստանյալը: "Ասա՝ զղջում եմ արարքիս համար",-լղար կողքը բոթեց պաշտպան Ավանեսյանը: Սա կրկնեց:



ՎԱՐԿԱԾ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ՝ ԳԱՅԱՆԵԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ



Գայանեին վրաերթի ենթարկած մեքենայի հետքերն ու դեպքի վայրը լվացել էին այնպես, ինչպես լվացել էին Ազատության հրապարակն ու Լեո փողոցը՝ մարտի 1-ի դեպքերից հետո: Միգուցե եթե մեր երկրի նախաքննական մարմինը չլիներ վերջնականապես վարկաբեկված, չունենար անվստահելի ղեկավար, աշխատեր պրոֆեսիոնալ ու արատավորված չլիներ քաղբանտարկյալների, բանակում սպանվածների ու տասնյակ հազարավոր մասնավոր գործերով երեւակված ապօրինությունների դարբնոցը, Գայանե Բաբայանի գործի քննությունն էլ իրականացրած չլիներ, մեղմ ասած՝ իմիջիայլոց, հասարակական շրջանակներում չէր առաջանա լրագրողին չեզոքացնելու վարկածը: Իսկ Գայանե Բաբայանը շարքային լրագրող չէր, կրավորական չէր, արձանագրող չէր, ծախու գրչակ չէր:



Նա մեր երկրում հաստատված ռեժիմի բառապաշարով՝ կողմնորոշված, քննադատող լրագրող էր, ուներ կծու գրիչ ու կոնկրետ դիրքորոշում: Նա պայքարում էր ազատությունների համար՝ խոսքի, խղճի, մտքի, կյանքի: Ծաղրում էր ռեժիմի հենասյուներին՝ հատ-հատ, մատնացույց անում, շեշտում նրանց մտքի տկարությունը, կուտակած թալանը, անբարո կեցվածքը՝ ամեն օր: Կրկին հաշվի առնելով նրանց բոլորի բարոյական նկարագիրը, արյունռուշտ կերպը, հաբռգած վարքագիծն ու արգելապատնեշի պես իրենց շուրջը հյուսված անպատժելիության մթնոլորտը, նաեւ այն, որ Հայաստանում հասարակ մահկանացուի, այն էլ հաբռգածների դեմ գրող լրագրողի կյանքը գրոշ էլ չարժե, ստիպված ենք մտածել, որ Գայանեին կարող էին նաեւ "պատահաբար" գցել մեքենայի տակ:



Նորից՝ դեպքի վայրը չի պահպանվել, գործի նյութերում չկա արգելակի գիծը, որի զննության պարագայում միայն կարելի կլիներ եզրակացնել՝ դիտավորություն եղե՞լ է, թե՞ ոչ, որպեսզի հարուցվեր մեղադրանքը: Բայց ճիվաղին մեղսագրվել է ոչ դիտավորությամբ սպանությունը: "Սթար" խանութի արտաքին տեսագրության երիզը նախաքննության փուլում չի եղել, հայտնվել է միայն դատաքննության ժամանակ, դատարանի դահլիճում չի ուսումնասիրվել, բայց կցվել է գործին  որպես "ապացույց", ու հայտնի չէ, թե ինչ է ապացուցել: Գործին կցված "փորձագիտական եզրակացություններից" մեկը հավաստում է, որ Գայանեին վրաերթի ենթարկած մեքենայի արագությունը եղել է ժամում 60 կիլոմետր:



Ոչ մի վարորդ չվերցրեց պատասխանատվություն ասելու, որ այդ արագությամբ վրաերթի ենթարկված առողջ, ամրակազմ մարդը կստանա այն վնասվածքները, որ ստացել է Գայանեն ու մահացել տեղում՝ ցավային շոկից եւ բոլոր ներքին օրգանների, նաեւ գլխուղեղի ու ողնաշարի աներեւակայելի ջարդվածքներից: Չհաշված, որ մեքենան էլ է մարդու մարմնի հետ բախումից ստացել այնպիսի վնասվածքներ, որ բախված հատվածը փշուր-փշուր է եկել: Մեկ այլ հանգամանք՝ դեպի Գայանեն սլացել է երկու մեքենա՝ կողք-կողքի: Ամբաստանյալինն ու մի "ԲՄՎ": Ամբաստանյալն իր նախաքննական ցուցմունքում ասել է, որ իբր "ԲՄՎ"-ն ուզեցել է վազանց կատարել, եւ ինքը կտրուկ մի կողմ է քաշվել ու այդ պահին հարվածել Գայանեին: Ընդ որում՝ երբ մի կողմ է քաշվել, դիմացի մեքենայի լույսից շլացել է:



Ըստ մեղադրական եզրակացության, նա այդպես էլ շլացած մնացել է մի քանի րոպե: Ի դեպ՝ դատելով ամբաստանյալի մտավոր կարողություններից, հանգիստ կարելի է հայտարարել, որ նա պարզապես չգիտի ու չի գործածում "շլանալն" ու գրավոր ցուցմունքում առկա այլ բառեր: Չանդրադառնալով նախաքննության թույլ տված բազում բացթողումներին ու հակասություններին, վերջապես՝ վազանցի դուրս եկած "ԲՄՎ": Այդ մեքենան գործի նյութերով չի անցնում, անհայտ օբյեկտ է: Եթե Գայանեին սպանել են, ապա բնական է, որ այդ չարագործության հեղինակը մարդասպան չպիտի վարձեր, որ գնար, կրակեր ու սպաներ նրան, կամ Գայանեն այն ֆիգուրը չէր, որ դրա համար ծախսվեին ահռելի գումարներ ու կիրառվեին գերժամանակակից մեթոդներ՝ կաթված, ինֆարկտ կամ այլ հիվանդություն հարուցող միջոցներ, օրինակ՝ ձեռքի հպման կամ այլ ճանապարհով:



Ամենահարմար սցենարը պատահականության, այս պարագայում՝ ավտովթարի կազմակերպումն է: Ինչ է եղե՞լ որ՝ մարդը փողոցն անցնելիս մեքենայի տակ է ընկել՝ ինչպիսի՜ դժբախտություն, պատահականություն է, ափսո՜ս: Բայց այդ "պատահականությունն" այդպես էլ կազմակերպվում է՝ երկու մեքենայով քշում են, մեկն ուզում է վազանց անել, մյուսը աջ կամ ձախ է քաշում, հարվածում մարդուն ու տապալում: Մեքենաներից մեկն անհայտանում է, անմիջական իրականացնողը խոստովանում է, որ մեղավոր է ու շատ է զղջում: Մնացածը տեխնիկայի հարց է, որին կատարյալ է տիրապետում ռեժիմի դատախազությունը: Ստեղծագործում է "ոչ դիտավորությամբ, հարբած վիճակում կատարած սպանության" մասին գործն ու ներկայացնում դատարան: Դատավորն էլ հուշելով-բանով գործը լմնցնում ու "Հանուն Հայաստանի Հանրապետության" կարդում է դատավճիռ:



Երեւանի  Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը երեկ որոշեց Վահան Եղիազարյանին, ինչպեսեւ պահանջել էր դատախազը, ազատազրկել 4 տարով, նրա վարած մեքենայի ջարդուփշուր եղած "իրեղեն ապացույցները" ոչնչացնել, իսկ Գայանե Բաբայանի հարազատներին վերադարձնել այն շորերը, որով այդ օրը նա եկել էր աշխատանքի, գրել հիանալի մի հոդված՝ վերջինը, նստել խոհանոցում, ինձ հետ սուրճ խմել, ծխել, արտասվել, ասել, որ ցավում է մեր երկրի, մեր երեխաների ապագայի համար, որ հույս ունի, որ մի օր կազատվենք գիշատիչներից, որ պիտի պայքարենք: Նաեւ հարցնում էր՝ եթե մեքենայի տակ ընկնեմ, Առուստամյան, լաց կլինե՞ս: