Լավ է ուշ, քան երբեք

Լավ է ուշ, քան երբեք
Նկարում պատկերվածը  Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի գերեզմանատունն է: Տավրոս եւ Տարոն 4 թաղամասի բազմաթիվ բնակիչների խնդրանքով սկսվել են գերեզմանատան հենապատի կառուցման աշխատանքները, որն արժանացել է բնակիչների գոհունակությանը: Թեեւ լավատեղյակները պնդում են, որ այս հենապատի կառուցման իրական պատճառն այն է, որ այստեղ է թաղված Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հայրը: Թաղամասի բնակիչները նշում են. "Եթե պետք ա սենց լավ բան անեին, խի՞ չէին շուտ անում, պարտադիր սպասում էին փողոցում թաղեին, որ նոր անեի՞ն":



Բնակիչների բողոքը տեղին է,  քանի որ թաղումները մոտեցել էին ճանապարհին ու արվում էին մայթերին: Դեռեւս մի քանի տարի առաջ աշխատանքներ կատարվեցին, սակայն ընդամենը մի քանի մետր ցանկապատվեց, ու աշխատանքները կանգ առան: "Երեկոյան ժամերին փողոցով քայլելը սարսափելի էր,-ասում է Տավրոս թաղամասի բնակչուհին:- Էդ ճամփով որ անցնում էինք, կարծես գերեզմանի միջով անցնեինք, իրիկունն էլ որ լույսն էլ ընկնում էր, սարսափում էինք, էլի ապրի քաղաքապետարանը, որ գոնե ուշ, բայց սարքում ա": Բնակիչները կարծում էին, որ մի քանի ամիս հետո փողոցը լիովին կդառնար որպես գերեզման:



Իսկ թե ինչու չէին ավելի շուտ սկսում հենապատի կառուցումը, փորձեցինք պարզել Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանից, ըստ որի՝ հենապատի կառուցման ծրագիրը կազմվել է բնակիչների դիմում-խնդրանքների հիման վրա. "Դա մի քանի խնդիրներ ունի, առաջինը՝ որ ուշ ժամի մարդիկ անցնում են, արդեն գիտեք, որ բավականին զավթումներ են եղել, մոտեցել էին ճանապարհին, մայթ չկար անցնելու, եւ ուշ ժամին անհարմար էր գերեզմանոցի մոտով քայլելը: Որոշում կայացվեց, քաղաքապետի կողմից հանձնարարվեց պատվիրել նախագիծ-նախահաշիվը, որն էլ արժանացավ ավագանու հավանությանը եւ կատարվեց համապատասխան ֆինանսավորում, հայտարարվեց մրցույթ, եւ հաղթող կազմակերպությունն այս պահին կատարում է շինարարական աշխատանքներ":



Շինարարական աշխատանքները կատարում է "Արգիշտի 1"  ՍՊԸ-ն, մեր տեղեկություններով՝ ծրագիրն արժեցել է ավելի քան 8 մլն. դրամ:  "Ամեն ինչի պատճառը գումարն է, ճանապարհի հաշվին մայթ էլ ա կառուցվում, բարդուր կշարվի, լուսավորությունն էլ կա, մարդիկ կկարողանան ապահով քայլել",- ասում է բաժնի պետը: Հենապատի համար օգտագործվելու են նախկին մաքրման կայանի պատի սալերը՝ ասում է Տիգրան Պապանյանը. "Որպեսզի՝ գիտեք մեր բյուջեի վիճակն ինչ է, որպեսզի թեթեւանան մեր ծախսերը, որոշում կայացվեց եւ հետագայում հաստատվեց ավագանու կողմից, որպեսզի ցանկապատի պանելներն օգտագործվեն, մաքրման կայանի պատի պանելները, որը ենթակա է օտարման եւ դեմոնտաժման, շինարարական կազմակերպությունը գնաց դեմոնտաժեց, այսօր արդեն շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, համարյա ավարտման փուլում են, շատ որակով էլ աշխատանքները կատարում են":



Աշխատանքների համար տրված է 6 ամիս ժամկետ, սակայն արդեն դրանք ավարտման փուլում են: Տարոն 4 տանող ճանապարհի գերեզմանատունը մասամբ փակ է, նոր տեղեր չեն հատկացվում:  Հենապատի կառուցման ժամանակ հաշվի է առնվել նաեւ գերեզմանատան մուտքի հարցը. "Քանի որ հենապատը երկար է, 3 տեղից մուտքեր են թողնվել, որտեղ աստիճաններ կան, որպեսզի միայն գլխավոր մուտքից չօգտվեն": Վերջում նշենք, որ հենապատի կառուցման հետ մեկտեղ կկատարվի մայթ կառուցելու գործընթացը:



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ