Ռուսաստանը՝ անհուսալի դաշնակից

Ռուսաստանը՝ անհուսալի դաշնակից
Ռուսաստանը Հարավային Կովկասում կրկին երկդիմի քաղաքականություն է վարում, իսկ հայերիս համար այդ երկիրը միշտ եղել է անհուսալի դաշնակից,- հայտնեց ԼՂՀ պաշտպանական բանակի բարձրաստիճան մի սպա, որը խնդրեց իր անունը չհրապարակել, պատճառաբանելով, որ չի վախենում, բայց ավելորդ գլխացավանքի մեջ ընկնելու ցանկություն չունի։ Նա հատկապես դժգոհ է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած այցի ժամանակ ՀՀ քաղաքական վերնախավի վասալական պահվածքից։ "Ռուսաստանը պատրաստվում է մեր հակառակորդին վաճառել C 300 զենիթահրթիռային համալիր, եւ Երեւանում գտնվելու ողջ ընթացքում հայկական կողմից ոչ ոք այդ առթիվ հարց չուղղեց նրան,- հայտնեց արցախցի զինվորականը։- Դա անհասկանալի է, անտրամաբանական։



Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը չէին համարձակվում նման հարցով դիմել նրան, թող կազմակերպեին, ասենք, ընդդիմադիր թերթի որեւէ լրագրող նման հարց ուղղեր նրան։ Մեդվեդեւը հո նրան չէ՞ր ուտելու"։ Արցախի ՊԲ սպան վիրավորական ու լկտի է համարում Ադրբեջանին C 300 զենիթահրթիռային համալիր վաճառելու մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բացատրությունը։ "Նա պարզ ասաց, որ քաղաքական նպատակահարմարության խնդիր չկա։ Եվ Հայաստանի իշխանությունները նրան Մոսկվա ճանապարհեցին "Մեսրոպ Մաշտոց" շքանշանով։ Ինչի՞ համար՝ մեր թշնամուն զինելո՞ւ, թե՞ ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի որդեգրած երկդիմի, թուրքամետ դիրքորոշման համար:



Զենիթահրթիռային այդ համալիրը ձեռք բերելով՝ Ադրբեջանը կդառնա պակաս խոցելի, իսկ դա հնարավոր պատերազմի դեպքում շատ մեծ նշանակություն ունի։ Նրանք մեզ խաբում են, մենք ինքներս մեզ խաբում ենք, որ դրանք միայն պաշտպանական նշանակություն ունեն։ Հիշենք, թե նույն ռուսներն ինչ աղմուկ բարձրացրին, երբ ՆԱՏՕ-ն ուզում էր նմանատիպ պաշտպանական համալիրներ տեղադրել Լեհաստանում ու Չեխիայում։ Եվ Ռուսաստանը հասավ իր նպատակին՝ Արեւմուտքի ծրագիրը ձախողեց։ Եթե դրանք ընդամենը պաշտպանական նշանակություն ունեն, ապա ինչո՞ւ էին ռուսներն իրարով անցել, ինչո՞ւ էին հայտարարում, թե դա սպառնում է իրենց անվտանգությանը... Մտածեք ապա՝ Ադրբեջանն այդ "պաշտպանական համալիրն" իր հարեւաններից ո՞ւմ դեմ պիտի օգտագործի՝ Իրանի՞, նույն այդ Ռուսաստանի՞, Վրաստանի՞... պարզ չէ՞, որ միայն Հայաստանի",- ասաց զրուցակիցս։



Եվ հիշեցրեց ռուսների պահվածքը. "Ազերիներն այդ ո՞ւմ աջակցությամբ հայերից ազատեցին Գետաշենը, Շահումյանը՝ նույն այդ մեր "դարավոր բարեկամ" ու "ռազմավարական դաշնակից" ռուսների։ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչեցին, բայց Ղարաբաղի անկախության հարցում միանգամայն այլ դիրքորոշում են որդեգրել, որովհետեւ մեջտեղ Ադրբեջան եւ Թուրքիա կա, իսկ Հայաստանը, ՀՀ ղեկավարությունը վախկոտ է եւ քաղաքական լուրջ դիրքորոշման անընդունակ"։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ