Պարույր Հայրիկյան. Հայաստանը՝ «ֆորբոստան»

Պարույր Հայրիկյան. Հայաստանը՝ «ֆորբոստան»
Մենք, ցավոք սրտի, հայտնվել ենք թակարդում, բայց հուսահատվել պետք չէ: Թակարդից կարելի է դուրս գալ: Թակարդը բավական լավ է պատրաստված եւ մի ամբողջ համակարգ է: Ռուսաստանի հետ պետք է լինեն առողջ, բարիդրացիական հարաբերություններ, բայց նախաձեռնողը պետք է լինի Հայաստանը: Իսկ դրա համար պետք են ոչ թե արտակարգ քայլեր, այլ արժանապատիվ կեցվածք ու նախեւառաջ՝ ազատություն: Ոմանք չեն կարող այդ ազատությունը ձեռք բերել, որովհետեւ մտել են գաղտնի գործարքների մեջ: Ժամանակին Ռուսաստանին որոշակի ազգային հարստություններ հանձնելով՝ նրանք էլ Ռուսաստանում տեր են դարձել ռուսական կապիտալի որոշակի բաժնի: Դուք շատ լավ հասկանում եք, թե ում եւ ինչ եմ ակնարկում:



Մյուսները անցյալում եղել են գաղտնի գործակալ եւ լուսանկարներ ունեն ԿԳԲ-ում պահված, որ կարող են մեջտեղ հանվել: Ընդհանրապես, մեր հիմնական խնդիրն այն է, որ կատարյալ անկախություն ձեռք բերելու համար, դրան զուգահեռ նաեւ կատարյալ ժողովրդավարություն  ձեռք բերելու համար մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու: Այդ ճանապարհն այնքան էլ ծանր ու դժվարին ճանապարհ չէ, բայց պահանջում է հաստատակամություն, վճռականություն եւ ազգային ու միջազգային փորձի ընդօրինակում: Տեսեք հարեւան Վրաստանն ինչ վիճակում էր եւ այսօր ինչ վիճակում է: Վրաստան գնացող եւ այնտեղից վերադարձող հայերը զարմանում են, թե ինչպես կարելի էր այդքան կարճ ժամանակամիջոցում այդպիսի ռեժիմ վրացիացնել:



Մեր հիմնական դժվարությունն այն է, որ մեր Սահմանադրության առաջին հոդվածն այսօր դեռեւս ամբողջապես իրականություն չի դարձել: Հայաստանը չի դարձել իրավական պետություն, չի դարձել ժողովրդավարական պետություն: Աշխարհում բացարձակ անկախ որեւէ պետություն չկա, բայց  ինքնիշխան պետությունները սեփական քաղաքականություն հանդես բերելու հնարավորություն պետք է ունենան: Երկաթուղագիծը, որը բարիդրացիական հարաբերությունների վերականգնման դեպքում պիտի գործեր եւ Հայաստանը միացներ Պարսկաստանին, նաեւ Բաքվին, քանդվում է: Ես անձամբ չեմ ստուգել, բայց տեղեկություններին չհավատալու հիմքեր չունեմ: Դա էլ թակարդի մի մասն է եւ նշանակում է, որ մեզ փորձում են ավելի ամուր տեղավորել այդ թակարդի մեջ:



Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ

ԱԻՄ նախագահ