Անկախության օրը տոն է` անկախ ամեն ինչից

Անկախության օրը տոն է` անկախ ամեն ինչից
Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության եւ Խաղաղության միջազգային օրը Սարյանի արձանի մոտ հավաքված ժողովրդի տոնական հանդիպումն անցավ խաղաղ, առանց միջադեպերի:



ՃԵՐՄԱԿ ՎԵՐՆԱՇԱՊԻԿՆԵՐ՝ ՍԵՎ ԳՈՐԾ



Ոստիկանները որեւէ կերպ չխոչընդոտեցին տոնական միջոցառմանը, նույնիսկ իրենց տհաճ ներկայությունը չպարտադրեցին եւ մոտ չեկան Սարյանի արձանին հարող տարածքներին: Անգամ ծպտյալ օպեր-օպերատորների ծանոթ դեմքերը չերեւացին: Իրենց ամենօրյա աշխատանքային համազգեստի կապույտ վերնաշապիկները տոնական ճերմակով էին փոխել ոստիկանները եւ որովհետեւ իրենց սովորական հագուստով չէին, մի քիչ մարդաշնորհքի էին եկել, բայց նույնիսկ այդ ճեփ-ճերմակ, մաս-մաքուր վերնաշապիկներն ի զորու չէին մոռացության տալու նրանց անօրինական գործողությունները ու ջարդարարի համբավը:



Շարքային ոստիկանները կանգնած էին Ազատության հրապարակի մուտքերի մոտ, հրապարակի տարածքում, իսկ կոչումավորները՝ հանրահայտ Բազազի գլխավորությամբ, որն ի դեպ համազգեստով չէր, Օպերայի շենքի դիմացի սրճարանում նստած` համատեղում էին ծառայությունը հանգստի հետ: Հավանաբար Բազազը համազգեստ չէր հագել, որ ցույց տա՝ Բազազը տոն օրերին էլ է Բազազ:



ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՆԴԱՂ Է ՇԱՐԺՎՈՒՄ



Սարյանի արձանի շրջակայքը բազմամարդ էր: Տոնական տրամադրություն ու մթնոլորտ էր տիրում: Կանանցից շատերը երեկոյան գեղեցիկ զգեստներ էին հագել, զուգվել-զարդարվել էին: Բոլորը բոլորին շնորհավորում էին Անկախության օրվա կապակցությամբ: ՀԱԿ-ի ակտիվ կանայք տոնական հյուրասիրության նախապատրաստությունն էին տեսնում: Օղակաձեւ հրապարակում զբոսնում էր Երվանդ Մանարյանը, եւ մարդիկ մոտենում էին նրան, շնորհավորում էին, խնդրում իրենց հետ լուսանկարվել` այնպիսի  պատկառանքով ու հարգանքով, որի մասին չի կարող անգամ երազել «Առաջ Հայաստան» գովազդած եւ ոչ մի մշակույթի գործիչ, եթե նույնիսկ ամեն տարի ոսկե մեդալ ստանա Սերժ Սարգսյանի ձեռքից:



«Ցավալի է, որ այս տոները չստացվեցին: Երեւի դրա օբյեկտիվ պատճառները կան, որովհետեւ ժողովուրդը շատ ծանր լուծ թոթափեց այն համոզումով, որ իր երազանքները պետք է մեծապես կատարվեն, եւ չհասավ դրան: Մի տեսակ ներքին դժգոհություն է առաջացել, բայց դա ժամանակավոր բան է, կանցնի, կհաղթահարվի: Պատմությունը մի քիչ ավելի դանդաղ է շարժվում, քան մենք ուզում ենք, որ շարժվի: Ժամանակ է պետք, որպեսզի քայլ առ քայլ գնանք դեպի մեր ժողովրդի երազածի կատարումը, ոչ թե մեր անձնական երազածի՝ դրանք տարբեր բաներ են»,-մեզ հետ զրույցում ասաց հարգարժան դերասանը:



ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆ



Տոնական հանդիպման տոնական առաջին ելույթը Մ. Սարյանի արձանի հարթակից ունեցավ Անկախության հռչակագիրը կարդացած Արամ Մանուկյանը: Նա Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորեց ինչպես ներկաներին, այնպես էլ բոլոր հայրենասեր մարդկանց, ապա  կոչ արեց ներկաներին ազատություն պահանջելով շնորհավորել նրանց, եւ ժողովուրդը միաձայն «ազատություն» պահանջելով՝ շնորհավորեց  քաղբանտարկյալներին: Ելույթ ունեցան նաեւ Երվանդ Մանարյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Լեւոն Զուրաբյանը:



Վերջինիս ելույթի ժամանակ ժամանեց առաջին նախագահը: Ժողովուրդը մեծ ոգեւորվածությամբ ու բուռն ծափահարություններով դիմավորեց Լեւոն Տեր-Պետրոսյանին: Լրագրողները եւ լուսանկարիչները շրջապատեցին առաջին նախագահին: Մարդիկ մոտենում- սեղմում էին ընդդիմության առաջնորդի ձեռքը,  շնորհավորում ու շնորհավորանք ստանում: Ավելի համարձակները լուսանկարվում էին նրա հետ լրագրողների ամենատես աչքերի առաջ,  լուսանկարչական ապարատների չընդհատվող աշխատանքի պայմաններում:



Իսկ հետո լրագրողները շրջապատեցին առաջին նախագահին, ձայնագրող ու տեսագրող սարքերը դեմ տվեցին, եւ մի երիտասարդ աղջիկ Անկախության օրվա հետ կապված ինչ-որ հարց տվեց, որ աղմուկի պատճառով չկարողացանք որսալ: Առաջին նախագահն ասաց, որ անկախությունն իր համար անսակարկելի է, ամեն ինչից վեր: «Բա չեք շնորհավորո՞ւմ»,- շարունակեց խոսեցնել լրագրողը: «Ձեզ բոլորիդ շնորհավորում եմ»,- շնորհավորեց նախագահը: «Իսկ Ձեր համակիրների՞ն»,-լրագրողը ուզում էր ավելի երկար զրուցել առաջին նախագահի հետ:



«Բա դուք իմ համակիրը չե՞ք: Չէ՞»,-ժպտաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Ոչ»,- փոխադարձ ժպտաց լրագրողը: «Ես ոչ համակիրներին էլ եմ շնորհավորում»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա քիչ հետո կեսկատակ-կեսլուրջ դիմեց լրագրողներին. «Թողեք Լեւոնին լսեմ»: Հարթակում Լեւոն Զուրաբյանն էր ելույթ ունենում: ՀԱԿ-ի կանայք քաղցրավենիքով լի զամբյուղները մոտեցրին, առաջին նախագահը շոկոլադ վերցրեց ու  հյուրասիրությունից հրաժարվող իր ոչ հաստավիզ ու ոչ սափրագլուխ, համեստություն անող  թիկնապահներին էլ հորդորեց վերցնել:



Ապա առաջին նախագահը պտույտ կատարեց Օղակաձեւ հրապարակում: Նա մոտենում էր մարդկանց, ձեռքով բարեւում, գրկում էր ծերերին: Մարդիկ հուզվում էին, հպարտ ու ոգեւորված էին, որ այդպիսի մարդամոտ առաջնորդ ունեն, որ սեղմում են նրա ձեռքը, եւ առաջնորդն էլ չէր անտեսում ոչ մեկի մեկնված ձեռքը ու չէր զլանում իր հետ լուսանկարվել ցանկացողների կողքին կանգնել: Շոու-բիզնեսի փայլփլուն աստղեր չկային, վառ լուսավորություն ու զուռնադհոլ չկար, հայրենասիրական կեղծ տոնայնությամբ պաթետիկ ճառեր չկային՝ իսկական տոն էր երեկ Մ. Սարյանի արձանի շրջակայքում: