Կորել է ադրբեջանցի դիվերսանտի դին

Կորել է ադրբեջանցի դիվերսանտի դին
Հուլիսի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ Մուբարիզ Իբրահիմովի դին ետ ստանալու նպատակով Ադրբեջանի ջանքերն առայժմ հաջողությամբ չեն պսակվում: Հիշեցնենք, որ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեն դիմել էր Մոսկվայի եւ համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքին՝ միջնորդել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որ նա էլ իր հերթին դին վերադարձնելու միջնորդություն ներկայացնի Սերժ Սարգսյանին: Երեկ մենք փորձեցինք պարզել, թե Կովկասի հոգեւոր առաջնորդների միջնորդությունն ինչ պատասխանի է արժանացել:



Հիշեցնենք նաեւ, որ Չայլուի դեպքերից անմիջապես հետո ԼՂ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը մեզ հետ հեռախոսազրույցում նախ նեղսրտեց ադրբեջանցի դիվերսանտի դիակի ճակատագրով հետաքրքրվելու համար, հետո  մեղադրեց մեզ ադրբեջանական հետախուզության օգտին աշխատելու համար ու վերջում ասաց, որ  Մուբարիզ Իբրահիմովի դին գտնվում է չեզոք գոտում:



Մեր աղբյուրները, սակայն, հավաստիացնում էին, որ դիվերսանտի դին գտնվում է Հայաստանում, ու մեզ տրամադրել էին լուսանկարը: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից երեկ մեզ հստակ պատասխան չտվեցին, պատճառաբանելով, թե հարցի առնչությամբ հաղորդագրություն է տարածել Էջմիածնի մամլո դիվանը: Տեղեկացնենք, որ այդ հաղորդագրությունը կոնկրետ պատասխան չէր պարունակում ու հագեցած էր Ադրբեջանին ուղղված բարոյախրատական ճառով:



Հիշեցնենք նաեւ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Մեդիալաբ» էլեկտրոնային լրատվամիջոցին հայտնել էր. «Ադրբեջանցու դիակը գտնվում է չեզոք տարածքում, որը մոտ է այն տարածքներին, որոնք գտնվում են Ղարաբաղի վերահսկողության տակ: Հետեւաբար, եթե ադրբեջանական կողմը ցանկանում է վերադարձնել այդ զինվորի դիակը, ապա այդ հարցով պետք է դիմի ԼՂՀ իշխանություններին»:



Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից երեկ մեզ հայտնեցին, որ  Ամենայն հայոց կաթողիկոսն ընդամենը փոխանցել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի խնդրանքը, ու իրենք էլ այդ մասին տարածել են հաղորդագրություն:  Ի վերջո պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի քյանդրբազությունը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը սպանեց գերեվարված Մանվել Սարիբեկյանին: Չնայած հայկական կողմը խորապես թքած ունի Ադրբեջանում գերեվարված իր քաղաքացիների վրա, որոնց մեծ մասը ժամկետային զինծառայողներ են, ու հոգ չի տանում նրանց ողջ վերադարձնելու ուղղությամբ, այժմ արդեն ստիպված են լինելու բանակցել դիակների փոխանակման շուրջ, ու չի բացառվում, որ եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը կարող է հերթով մորթել մեր գերիներին: Թեպետ հայկական կողմին դա կարող է նաեւ չհուզել, ինչպես չեն հուզում իր բանակում մորթվողների մասին ահազանգերը: