Գրիգորյանին նախորդների ճակատագիրը չի՞ սպառնում

Գրիգորյանին նախորդների ճակատագիրը չի՞ սպառնում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնի անիծված լինելու վարկածը սկսեց շրջանառվել, երբ դաշնակներից հետո ԲՀԿ-ն հապճեպ երկու նախարար փոխեց, երկուսն էլ` մեկը մեկից աղմուկով: Փոփոխությունների շուրջ ծավալված տարբեր մեկնաբանություններն ու ասեկոսեները  ԲՀԿ առաջնորդին հասցրին այն աստիճանի, որ վերջինս հրահանգեց երրորդին՝ Արթուր Գրիգորյանին, լուռ աշխատել ու ասուլիս-մասուլիս չհրավիրել, կարճ ասած` ավելորդ բաներ չխոսել մինչեւ 2012 թվականը: Ամեն դեպքում այսքանը` մեզ հասած տեղեկություններով: Իսկ Արթուր Գրիգորյանը, ինչպես իր կոլեգաները, 100 օրը լրանալուց հետո պետք է «կիսվեր» լրագրողների հետ: Սա էլ մենք չենք հորինել:



Պարտավորության մասին մեզ մերթընդմերթ հիշեցրել են պարոն Գրիգորյանի ղեկավարած գերատեսչությունից: Երբ նախարարին ուղղված հարց է եղել, մամուլի ներկայացուցիչները իրենց մեզնից հեռու պահելու համար պատճառաբանել են, թե 100 օրը լրանալուց հետո նախարարը հանդես կգա ամփոփ զեկույցով եւ կպատասխանի բոլոր հարցերին: Սակայն նախարարը շաբաթից ավել է` երկրորդ 100 օրն է լռությամբ գլորում: Երեկ սոցնախարարից հետաքրքրվեցինք՝  պատրաստվո՞ւմ է մինչեւ 2012 թվականը ինքնամփոփ ղեկավարել խոցելի ոլորտը, սակայն պարոն նախարարը տեղում հակառակն ապացուցեց՝ ոտքի վրա ամփոփելով հարյուր օրը:



- Պարոն Գրիգորյան, մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը հրահանգել է մինչեւ 2012 թվականը լրատվամիջոցների հետ չշփվել, պատրաստվո՞ւմ եք այդքան ժամանակ լռել:



- Սուտ է եւ իրականությանը չի համապատասխանում:



- Այդ դեպքում ինչո՞ւ ասուլիս չեք հրավիրում:



- Զբաղված լինելու պատճառով:



- Իսկ գուցե ասելիքի բացակայությո՞ւնն է լռության պատճառը:



- Չկա ասելիքի բացակայության խնդիր, ասելիք շատ կա: Զուտ պայմանավորված է զբաղվածության, ծանրաբեռնվածության հետ:



- Մի քանի բան կնշե՞ք, որոնք այս ամիսների ընթացքում հասցրել եք իրականացնել:



- Իսկ Ձեր կարծիքով երեք ամսում սոցիալական ոլորտում ի՞նչ պետք է հասցնեի, արել եմ այն, ինչ որ եղել է նախապես, ես եղել եմ շարունակողը: Կան լուրջ ծրագրեր, լուրջ բարեփոխումների փաթեթ, նախապատրաստում ենք, զբաղվում ենք, աշխատում ենք, շուտով Դուք ինքներդ կտեսնեք:



- Կնշե՞ք մի բարեփոխում, որը Ձեր շնորհիվ է իրականացել այս ամիսների ընթացքում:



- Շուտով կներկայացվի մի ամբողջական փաթեթ կառավարություն՝ սոցիալական ինտեգրացված ծառայությունների բարեփոխման վերաբերյալ, որը լրջագույն բարեփոխում է սոցիալական ոլորտում, իր մեջ ներառում է մի շարք միջոցառումներ, փաթեթը բավականին մեծ է: Եթե անհրաժեշտություն կա, խնդրեմ, համեցեք, Ձեզ ավելի մանրամասն տրամադրեմ: Ընտանեկան նպաստների հասցեականության վերաբերյալ լրջագույն քայլեր են կատարվել, լուրջ միջոցառումներ են իրականացվել, նախապատրաստվել են մի շարք հրամաններ, իրականացել են հրամանների նախագծերը, որի արդյունքում առավել արդյունավետ են դարձել ընտանեկան նպաստների համակարգում հասցեականության բարձրացմանն ուղղվող քայլերը:



- Նախկինում Վերահսկիչ պալատի ներկայացուցիչ էիք, այսինքն՝ ստուգող մարմին, դրանից անմիջապես հետո նախարար հե՞շտ է աշխատել:



- Պատասխանատու է: Հեշտ չի, ուղղակի ահավոր պատասխանատու է, քանի որ շատ զգայուն ոլորտ է: Ցանկացած որոշում, ցանկացած հրաման ու միջոցառում յուրաքանչյուր ընտանիք է մտնում, դրա համար առավել պատասխանատու է:



- Օրինակ, Ձեր նախկին ու ներկա կոլեգան՝ գյուղնախարարը, երբ ՎՊ-ից նշանակվեց նախարարություն, անմիջապես զեկուցեց խախտումների մասին, իսկ Դուք ի՞նչ եք հայտնաբերել, եթե այո՝ զեկուցե՞լ եք:



- Ես որպես ստուգող չեմ եկել:



- Բայց ստուգողների աչքից ոչինչ չի վրիպում:



- Չարաշահումներ չեմ հայտնաբերել, թերություններ, բացթողումներ իհարկե եղել են, հայտնաբերվել են, զգուշացումներ ստացել են մարդիկ: Պատասխանատվության ենթարկվել են, շտկվել են, համապատասխան միջոցներ իմ կողմից ձեռնարկվել է, սովորական ընթացակարգային բաներ են եղել:



- Քանի որ նախարար դառնալուց հետո չեք հանդիպել լրագրողներին, անտեղյակ ենք Ձեր ապրումներին. Վերահսկիչո՞ւմ էիք ավելի լավ զգում, թե՞ որպես նախարար:



- Վերահսկիչ պալատում աշխատել եմ որպես վերահսկող վարչության պետ եւ հիմա սոցիալական ոլորտում՝  քաղաքականություն մշակող նախարար, առավել ծանրաբեռնված եւ պատասխանատու է: Վերահսկիչում ուրիշ գործառույթներ էր, ուրիշ խնդիրներ էր լուծվում: Պատասխանատու էր նույնպես, բայց ոչ այնքան, որքան նախարարինը:



- Պարոն Գրիգորյան, այս պաշտոնի վերաբերյալ նույնիսկ անեկդոտներ հյուսվեցին, առաջ քաշվեց «թուղթ ու գրի» վարկածը, քանի որ ղեկավարները երկար չէին աշխատում: Դուք գալուց առաջ մտավախություն չունեցա՞ք այս կապակցությամբ:



- Եթե մտավախությամբ գայի, պրոբլեմներ...  Չունեմ մտավախություն:



- Դե, Ձեր նախորդների համար էլ անկանխատեսելի էր:



- Ես բոլորի փոխարեն չեմ կարող պատասխանել, իմ համար կարող եմ պատասխանել: Իհարկե, պատասխանատու աշխատանք է իր ամբողջ էությամբ, բայց իհարկե, եթե գործի մեջ մտնես վախով, առաջ չես գնա: Պետք ա մտնել ռիսկով եւ գնալ առաջ:



- Հիմա ե՞րբ եք Ձեր արած-չարածը հրապարակավ ամփոփելու:



- Գիտեք ինչ, դա պարտադիր հրամայական բան չունի, որ պարտադիր պետք է ամփոփես քո բոլոր հարյուր օրվա արդյունքները: