Անտառը արոտավայր են ձևակերպել

Անտառը արոտավայր են ձևակերպել
«Օրինական անտառհատումները վտանգավոր չեն, որովհետև դրանք անտառի շահից են բխում, սահմանվում են անտառկառավարման նախագծերով և ունեն սանիտարական նշանակություն»,- նշեց Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն այսօր «Դե ֆակտո» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:



Նա ասաց, որ 2010թ. անտառկառավարման պլաններով նախատեսված 35.000 խորանարդ մետր անտառային ֆոնդի 40 տոկոսը սանիտարական հատումներ են, 60 տոկոսը՝ խնամքի հատումներ, որի մեջ կարող են մտնել միանգամայն առողջ գեր հասուն ծառեր. «Վերջերս Գերմանիայից լավագույն անտառագետներից մեկը եկել էր մոնիտորինգի և Ղափանի ճանապարհին ինձ ասաց՝ դուք հանցագործ եք, ինչպես կարելի է թողնել այսքան գեր հասուն անտառ»:



Պրն. Մաթևոսյանի բերած օրինակին «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանն էլ ավելացրեց իր դիտարկումը, թե խնդիրը նրանում է, որ բիզնեսն ընտրում է հենց առողջ ծառերը և ոչ թե գեր հասուն ծառեր, ավելացնելով, որ այդքանից հետո զարմանալի չէ գերմանացի փորձագետի զարմանքը. «Միշտ խոսվում է նրա մասին, որ հիմնական կորուստները եղել են բլոկադայի տարիներին, բայց հետո անտառհատումները սկսել են շարունակվել բիզնեսի տեսքով: Գործում է խոշոր փայտի բիզնես, որը օգտագործում է անտառը իր նպատակների համար»:



Մարտուն Մաթևոսյանը նախ կտրուկ մերժեց, թե Հայաստանում չկա կազմակերպված փայտի բիզնես, բայց հետո էլ անմիջապես հավելեց .«Այնպես չստացվի թե հերքում եմ, որ կա ապօրինի ծառահատումներ, բայց դա կար հիմնականում մինչև 2003-04 թթ.»: Նա նշեց, որ այսօր կազմակերպված ապօրինի հատումների գործընթաց չի գնում, բայց մարզերում կան խմբեր, որոնց կողմից իրականացվում են ապօրինի հատումներ. «Մենք չենք կարող վերահսկողության կետ դնել, բայց մենք դրել ենք փայտի հաշվառման դիտակետեր, որտեղ կստուգվի ամեն մի մեքենայի փաստաթղթերը: Փաստաղութղ չունեցող մեքենան ապօրինի կդիտվի»:



Պրն. Մաթևոսյանը նշեց, որ եթե 1994թ. ապօրինի հատված ծառերի քանակը՝454.233 հատ է եղել, 2003թ-ին՝ 42.236, ապա 2010թ-ին՝2064 հատ, այսինքն 2003թ-ի համեմատ նվազել է ավելի քան 30 անգամ:



Կարինե Դանիելյանն էլ իր պաշտոնական թվերը ներկայացրեց. «Եթե բլոկադայի տարիներին մենք ունեցել ենք տարեկան 500. 000 խորանարդ մ. ծառահատում, ապա 2004թ-ին այն կազմել է 800.000 խորանարդ մ. կորուստ, իսկ 2000-2005թթ. այդ կորուստները աճել են մինուս 1.5 տոկոսով»:



Երկուստեք բերվող պաշտոնական թվերի հակասությունը ստիպեց երկու բանախոսներին էլ համաձայնվել, որ շատ անհասկանալի թվեր ունենք ու սա էլ վիճահարույց այս խնդրի մյուս կարևոր կողմն է:



Մարտուն Մաթևոսյանը նշեց, որ ապօրինի հատումները բնորոշ են բոլոր երկրներին, ու դա մեր անտառային համակարգի լրջագույն խնդիրն է. «Անգամ որոշ տեղերում անտառապահներ էլ չունենք, հսկիչ շրջիկներ ենք պահում,- ասաց նա` ավելորդ չհամարելով նշել անտառապահների աշխատավարձի մասին, որը եթե 2004-ին 5.000 դրամ էր կազմում, ապա այսօր տատանվում է 35-40.000 սահմանում,- ինչը էլի շատ քիչ է, որ նրան հետ պահի անտառահատումներից»,- նշեց Հայանտառի տնօրենը և այսքանից հետո կոչ արեց հասարակությանը չսարսափեցնել անտառհատումների ահագնացող թվերով, այս տարիների ընթացքում նաև շուրջ 30.000 հեկտար անտառ է վերականգնվել:



Կարինե Դանիելյանը օրինակ բերեց վերջերս Հանքավանում 500 հեկտար տարածքի վրա ընթացող ծառահատումների դեպքը, երբ պարզվել է, որ կանգուն անտառը որպես արոտավայր է ձևակերպված: Հետևաբար այս դեպքում հնարավոր էլ չէ ապացուցել, որ այնտեղ հատումներ են գնում:



Մարտուն Մաթևոսյանն էլ արձագանքելով տիկին Դանիելյանի խոսքերին` նշեց, որ ապօրինի հատումների դեմ պայքարի ծրագիրը միայն 55-60մլն. դոլար արժե: Այնուամենայնիվ, նա նշեց, որ «Հայ անտառի» ենթակայության տակ այսօր կա մոտավորապես 345.000 հեկտար անտառային ֆոնդ, մոտավորապես 100.000 էլ գտնվում է Բնապահպանության նախարարության ենթակայության տակ, որոնք ազգային պարկերն են, հատուկ պահպանվող տարածքները: