Արծաթափայլ եղեւնիները չեն գողացել՝ չորացել են

Արծաթափայլ եղեւնիները չեն գողացել՝ չորացել են
Մեր տեղեկություններով՝ Ծիծեռնակաբերդի Հիշատակի ծառուղուց արծաթափայլ եղեւնիներն անհետանում են: Ցեղասպանության զոհերի հիշատակին հուշահամալիրի օտարերկրյա այցելուների՝ հասարակական ու պետական գործիչների տնկած արծաթափայլ եղեւնիները գողանում են: Դրանք թանկարժեք տնկիներ են, եւ հանողները, հավանաբար, կամ վաճառում են, կամ այլ վայրերում տանում-տնկում: Բանը հասել է նրան, որ Հիշատակի ծառուղում գիշերային պահակ-ոստիկան կարգելու անհրաժեշտություն է առաջացել: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն այս տեղեկությունները հերքեց:



«Նախ պետք է գնալ այնտեղ՝ համոզվելու արդյո՞ք արծաթափայլ եղեւնիները տեղում են, թե տեղում չեն (մեր տեղեկություններով՝ թանգարանի տնօրինությունը գաղտագողի վերականգնում է գողացված տնկիները՝ խմբ.): Երկրորդ,  այս տարի ինչ-ինչ պատճառներով 5 եղեւնիներ են չորացել, որը մենք վերականգնել ենք: Եթե գողացած լինեին, ես կասեի, որ գողացել են, եւ դրա հետ կապված կդիմեի համապատասխան մարմիններին»,-«Հրապարակին» ասաց Հայկ Դեմոյանը՝ հավելելով, որ արծաթափայլ եղեւնիները կարող են չորանալ հիվանդությունից, հողի ժայռային հիմքից եւ կրծողներից, որոնց դեմ իրենք պայքարում են:



Չորացած եղեւնիները «Սինոպսիս» ընկերության նախագահի տնկածներն են եղել: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր հաշվին կրկին ծառատունկ է կազմակերպել: Ինչ վերաբերում է Ծիծեռնակաբերդից եղեւնիներ գողանալուն, Հայկ Դեմոյանի խոսքով, ծառատունկ է եղել, ծառատունկից հետո ուղղակի տնկիներ են տարել, իսկ աչալուրջ ոստիկանները տնկիները ետ են վերադարձրել: Այս դեպքը եղել է տարվա սկզբին: Նման դեպքեր, ըստ Դեմոյանի, երբեմն լինում են, բայց ոչ հաճախ, եւ մեծ հետեւանքներ չեն թողնում:



Սակայն պաշտոնական ծառատունկերի պարագայում Հայկ Դեմոյանը գողության հանգամանքը բացառեց, որովհետեւ ծառուղին վերահսկվում է ոստիկանների կողմից, որոնց հենակետը տեղում է գտնվում: Մենք, անշուշտ, հասկանում ենք թանգարանի տնօրենի «հայրենասիրական» մղումները՝ հանկարծ մեր թշնամիները չիմանան, որ հայերը Ցեղասպանության հուշարձանի նկատմամբ այնքան ակնածանք չունեն, որ այստեղից անգամ գողություն են անում, բայց երբ «աղբը» տանդ մեջ թաքցնում ես, այն կարող է նեխել ու գարշահոտություն առաջացնել: