Հեղինե Բիշարյանը կասեր` Աստրախանում ինչպես...

Հեղինե Բիշարյանը կասեր` Աստրախանում ինչպես...
Ալիեւի հետ հանդիպման շտապելիս Սերժ Սարգսյանը չէր կարող հաշվի առնել այն հանգամանքը, որ հոկտեմբերի 27-ը բանակցելու համար այնքան էլ հարմար օր չէ, որովհետեւ ինքը պարտավոր է այցելել մեր երկրի գլխատված կառավարության ղեկավարների շիրիմներին՝ խոնարհվելու թեկուզ այն բանի համար, որ զոհերին պարտական է իր այսօրվա կարգավիճակով: Բայց գնաց, սեւ օրին սեւ բերելու առաքելությամբ ու ձեռք բերեց պայմանավորվածություն, որը ադրբեջանական կողմը գնահատեց որպես դրական: «Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Աստրախան քաղաքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ լուծվել է երկար տարիներ ադրբեջանցի ժողովրդին հուզող խնդիրը»,- հայտարարել է Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը:



Պաշտոնական Երեւանը, սակայն, ինչպես միշտ սահմանափակվեց կրավորական տեղեկատվությամբ, որից հասկանալի էր միայն, որ Սերժ Սարգսյանը սիրահոժար համաձայնել է սահմանային փոխհրաձգություններից հետո զոհվածների դիակների փոխանակության առաջարկին: Որքան էլ փորձում ես վերացարկվել նրա մասին ունեցած կարծիքից եւ ընկալել որպես. «շուն, գել, մեր երկրի ներկայացուցիչն է», չի ստացվում շատ պարզ պատճառով՝ ինչ մթնոլորտ է նետում, հնչում է որպես մահասփյուռ գույժ: Ելնելով նրա հրապարակային խոսքից, պարզվում է, որ այդ մարդու համար դիակը, իր երկրի քաղաքացու, այն էլ՝ զինվորի դիակը, նորմալ երեւույթ է:



Մինչ գնալն էլ հայտարարելով, որ զզվում է նախկին պաշտոնյաներից, որոնք անընդհատ բարձրացնում են խաղաղ պայմաններում բանակում տեղի ունեցող սպանությունների հարցը, հայտարարել էր, որ քանի որ բանակը մեծ կառույց է, նորմալ է, որ այնտեղ նման դեպքեր պատահեն: Ոչ ցավ, ոչ կարեկցանք, ոչ այդ «երեւույթները» բացառելու ցանկություն, նորմալ է եւ վերջ: Եթե անգամ Սերժ Սարգսյանի սիրած «ստատիստիկային» տուրք տանք, միեւնույն է, թեկուզ տարին մեկ երեխա սպանվի բանակում, անհնար է հաշտվել դրա հետ, որովհետեւ ոչ ոք պարտավոր չէ իր երեխային զոհել հանուն Սերժ Սարգսյանի «ստատիստիկայի»:



Իսկ նա ցինիկ ժպիտը դեմքին խլվլում էր Ալիեւի ոտքերի տակ, հետո հայտարարում, որ շատ կարեւոր հարցի շուրջ համաձայնության է եկել՝ փոխանակել դիակներն ու գերիներին: Նախ այդ դիակների ու գերիների փոխանակման հարցը կարգավորված է միջազգային հազարումի համաձայնագրերով ու օրենքներով ու այդ հարցով զբաղվում են հասարակական կառույցներ, չհաշված Կարմիր խաչը, ու ամենեւին էլ պարտադիր չէր ԼՂ հարցի շուրջ նախագահների հանդիպման մակարդակում դիակների հարցը  դարձնել առանցքային: Հետո էլ զգալով իր երկրի բանակի ամեն մի զինվորի կյանքի հանդեպ ունեցած պարտավորությունը, նախագահը պարտավոր է ամեն ինչ անել, բացառելու զոհը:



Բայց եթե անգամ իջել են այդ մակարդակին, փոխանակ  բանակցեր, որ զինադադարը պահպանվի ու պահպանելու ամենակարեւոր պայման էլ առաջադրեր դիպուկահարներին սահմանից ետ քաշելու հարցը, նորմալ է համարել կոտորածն ու պայմանավորվել ապագա զոհերին  փոխանակելու մասով: Ըստ երեւույթին, հատկապես այս հարցն է համարվել ամենաանշառը, բանակցություններում ձեռք բերված մյուս հարցերի համեմատ, որ միայն այս մասին են հայտարարել, որպես հայկական կողմի հերթական վագրենային թռիչք: Սակայն հետագա պարզաբանումներում սպրդում է իրական վտանգը:



Ինչպես միշտ, ժողովրդի աչքին թոզ փչելու լուծը բարդել են ԱԳ նախարարի փխրուն ուսերին: «Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Աստրախանում քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մանրամասները»,-բացահայտել է Նալբանդյանն ու պարզաբանել՝ «Առաջինը` վերահաստատեցին Մայնդորֆում 2008թ. նոյեմբերի 2-ին ընդունված հռչակագրի դրույթները»: Եվս երկու կետ էլ է նշել, որոնք վերոնշյալի մասին են՝ հրադադար եւ դիակների փոխանակում: Բայց առաջին կետն է պարունակում այն քողարկված վտանգը, որի մասին խոսվում է անդադար՝ ԼՂ ազատագրված տարածքների հանձնման պատրաստակամությունը: Մայնդորֆյան հռչակագրի դրույթները վերաբերում են հենց դրան: Այն ըստ էության հաստատում է Մադրիդյան փաստաթղթում նշված դրույթները: Իսկ այդ դրույթներում ասված է՝



1. Հայկական ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջաններից.

2. Այդ շրջանների վերաբնակեցում ադրբեջանցի փախստականների կողմից.

3. Ադրբեջանցի փախստականների վերադարձ բուն Լեռնային Ղարաբաղի տարածք.

4. Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապի ապահովում.

5. Լեռնային Ղարաբաղի սահմանների շրջագծով միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում.

6. Ադրբեջանին վերադարձված տարածքների ապառազմականացում (դեմիլիտարիզացիա).

7. Ղարաբաղի եւ Հայաստանի արտաքին հաղորդակցության ճանապարհների ապաշրջափակում եւ հայ-թուրքական սահմանի վերաբացում.

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջանկյալ կարգավիճակի սահմանում.

9. Անորոշ ապագայում Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի կամ ժողովրդական հարցման` պլեբիսցիտի անցկացում.

10. Հակամարտության գոտու վերականգնման համար միջազգային ֆինանսական օգնության հատկացում:



Այս կետերը բազմիցս մեկնաբանվել են, այդ պատճառով չենք ուզում կրկին բացատրել, թե ի՞նչ են դրանք նշանակում Ղարաբաղի համար, հատկապես, որ անզեն աչքով էլ երեւում է: Չենք ուզում նաեւ կանչել Նալբանդյանի  չունեցած հայրենասիրության ոգին: Պարզապես նշենք, որ նա կարծում է, «որ այս հանդիպումը, ինչպես եւ նախորդները, օգտակար էր եւ կարեւոր»: Սա էլ նորություն չէ, որովհետեւ ադրբեջանական կողմն արդեն հայտնել է իր գոհունակությունը: Իսկ մենք գիտենք, որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում Ադրբեջանը միշտ վայնասուն է բարձրացրել ու եթե այս վերջինը դրական է գնահատել, ուրեմն հաղթել է: Այդ դեպքում ինչո՞ւ է գոհ Նալբանդյանը, հայտնի չէ: Համենայնդեպս հայկական կողմի համար որեւէ դրական առաջընթացի պարագայում դժվար թե ուրախությամբ հայտարարեին դիակների փոխանակման մասին կոնկրետ պայմանավորվածության մասին միայն: