Քաղաքապետը հանձնարարել էր տեղեկացնել

Քաղաքապետը հանձնարարել էր տեղեկացնել
Երեկ առավոտյան դեռ Երեւանի քաղաքապետն ու քաղաքապետարանը աշխատում էին, եւ ոչ ոք չգիտեր, որ մինչեւ կեսօր արդեն Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տալու: Առավոտյան, օրինակ, քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «հրդեհից տուժած բնակիչների խնդիրներին անհատական լուծում կտրվի»: Քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն ընդունել էր Մաշտոցի պողոտայի թիվ 52 եւ 54 շենքերի եւ Կորյունի փողոցի թիվ 21 եւ 21ա շենքերի միջեւ գտնվող սեփական տներում բռնկված հրդեհից տուժած 14 ընտանիքների ներկայացուցիչներին:



Հանդիպմանը ներկա էին նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը: «Երեւանի քաղաքապետը հանձնարարել է ձեզ տեղեկացնել, որ ոչ մի ընտանիք դրսում չի մնալու, այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, ամբողջությամբ կուսումնասիրվի եւ անհատական լուծում կտրվի բոլոր ընտանիքների խնդիրներին»,- բնակիչներին ասել էր Կամո Արեյանը: