Նիկոլ Փաշինյանին կտրել են արտաքին աշխարհի հետ շփման հնարավորությունից

Նիկոլ Փաշինյանին կտրել են արտաքին աշխարհի հետ շփման հնարավորությունից
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը ապօրինաբար հրաժարվում է նամակներ, դիմուներ ընդունել: Այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը դեկտեմբերի 9-ին Փաշինյանի հետ տեսակցություն ունենալուց հետո: Ըստ Աննա Հակոբյանի, Նիկոլ Փաշինյանը իրեն հայտնել է, որ «Արթիկ» ՔԿՀ ղեկավարությունը ոչ միայն իր դեռեւս նախորդ շաբաթ հանձնած ծրարները չի փոխանցում «Հայփոստ»-ի Արթիկի բաժանմունքին, այլեւ սկսել է ընդհանրապես հրաժարվել որեւէ ծրար նրանից ընդունել:



Այսպիսով, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ապօրինաբար զրկված է ընտանիքի անդամների հետ նամակագրական կապից, ինչպես նաեւ զրկված է որպես «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր իր աշխատանքը կատարելու հնարավորությունից: Ակնհայտ է, որ նման աղաղակող ապօրինությամբ վարչակազմը միայն մեկ հարց է լուծում` Նիկոլ Փաշինյանի հոդվածների տպագրությունը խոչընդոտելը: Ինչպես Փաշինյանը տեղեկացրել է կնոջը, ինքը այս ընթացքում ամեն օր հոդվածներ է գրել, մինչդեռ «ՀԺ» խմբագրությունը ոչինչ չի ստացել:



Աննա Հակոբյանը հայտնեց նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամաբ նման ապօրինությունները անհանգստություն են առաջացնում նրա կյանքի եւ անվտանգության խնդրի շուրջ, մասնավորապես կապի բացակայության պայմաններում հնարավոր չէ տեղեկություն ստանալ Փաշինյանի որպիսության մասին, ինչը հաշվի առնելով Նիկիոլ Փաշինյանի նկատմամաբ տեղի ունեցած նախորդ հարձակումների շարքը, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: