Մեզ քաղաքականությունը չի հետաքրքրում

Մեզ քաղաքականությունը չի հետաքրքրում
Վերջին օրերին ներքաղաքական լայն հնչեղություն ստացած իրողությունները, մասնավորապես քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի սկանդալային հրաժարականները բուռն քննարկման թեմա են դարձել ոչ միայն հայկական ԶԼՄ-ներում ու քաղաքական շրջանակներում, այլեւ հասարակ քաղաքացիների շրջանում: Մարդիկ մտահոգ են կատարվածով եւ անհանգիստ են, թե ինչ է սպասվում երկրին ու մայրաքաղաքին:



Սակայն այս օրերին, չգիտես ինչու, չի լսվում մտավորականության ձայնը: Մեզ հետաքրքրում էր, թե ինչ են մտածում  մտավորականներն այս ամենի մասին, ուստի կապվեցինք նրանցից մի քանիսի հետ եւ խնդրեցինք իրենց վերաբերմունքն արտահայտել երկրում կատարվող դեպքերի, ներքաղաքական մթնոլորտի վերաբերյալ: Պարզապես ուզում էինք լսել մտավորականի, երկրի ապագայով մտահոգ մարդու խոսք:



Զարմանալի էր, որ նրանց մեծ մասը հրաժարվեց խոսել, նրանք գրեթե միանման պատասխաններ տվեցին. «Մեզ ամենաքիչը քաղաքականությունն է հետաքրքրում»: Այսպես պատասխանեցին Վարդուհի Վարդերեսյանը, Գուժ Մանուկյանը, Կարեն Ջանիբեկյանը: Հետաքրքիր է` իսկ ի՞նչն է նրանց հետաքրքրում: Եվ ինչպես կարող է շարքային քաղաքացուն հետաքրքրել, իսկ մտավորականին` ոչ: