Փայտը երկու ծայր ունի

Փայտը երկու ծայր ունի
Ինչու հանկարծ «Ժառանգություն» կուսակցությունը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում: Ոմանք դա բացատրում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի թաքուն մեսիջներով: Եվ իսկապես էլ՝ վերջին օրերին ԱՄՆ դեսպանը մի քանի տարբեր վայրերում ելույթներ է ունեցել ու նրա՝ դեմոկրատիայի եւ պետության նշանակության մասին ընդհանուր ֆրազների տակ կարելի է ինչ-որ բան գտնել: Ասենք՝ այն, որ Հայաստանում չկա այնպիսի ուժ, որին կուզենայինք աջակցել, դարձեք այդ ուժը: Մյուս կողմից՝ «Ժառանգությունը» հայտնվեց ՀԱԿ-ի հանրահավաքում, բայց հարթակ չբարձրացավ (գուցե չթողեցին), եւ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ չունեցավ: Սա էլ պատեհ առիթ է ասելու, որ «Ժառանգությունն» ինքնուրույն հանրահավաք չի անում, եւ քանի որ ընտրություններն առջեւում են, նա էլեկտորատի խնդիր ունի եւ թափ հավաքելու հրամայական: Մյուս ցուցանիշը վերջին 2 ակցիաների ժամանակ ոստիկանության հետ բախումներն են եւ «Ժառանգության» պատգամավորների ագրեսիվ պաշտպանվելը: Իսկ գուցե այլ պատճառնե՞ր էլ կան: Ասենք, ՀՀԿ-ն նոր հուշագրի ստորագրումից հետո ավելի վճռական է տրամադրված եւ ավելի անթաքույց է հայտարարում, որ առաջիկա ընտրություններում անակնկալներ պետք չէ սպասել: Նաեւ բոլոր կարեւոր պոստերում նշանակում է հանրապետականների: Երեկ մի քանի բուհի ռեկտոր էլ նշանակեցին: Եվ, ինչպես ասում են, «մեր դեմ խաղ չկա»-ի ֆենոմենն ավելի ու ավելի է ամրապնդվում: Եվ եթե Կոնգրեսին, ուզեն-չուզեն, մի քանի մանդատ պետք է տան, ապա ինչի՞ վրա կարող է հույսը դնել «Ժառանգությունը», որն այս տարիներին մի խումբ ակտիվ պառլամենտականների թիմ է ձեւավորել եւ չի ուզում զրկվել իր զբաղեցրած տեղից: Այնպես որ, այս փայտը երկու ծայր ունի՝ պետք չէ մեկը բռնել ու մյուսի մասին մոռանալ: