Մարդասպանն ազատության մեջ է

Մարդասպանն ազատության մեջ է
Մարտի 16-ին որովայնի կտրած վերքով եւ անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 75-ամյա վանաձորցի Երվանդ Առաքելյանը, ով 2 ժամ անց հիվանդանոցում մահացել էր։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել իր ընկերոջ՝ 72-ամյա Մաքսիմ Պետրոսյանի բնակարանից՝ վերջինիս ահազանգով։



Դեպքից 2 օր անց պարզվեց, որ Առաքելյանին ժամը 19:00-ի սահմաններում, իր բնակարանում դանակով հարվածել եւ սպանել էր ընկերը՝ Մաքսիմ Պետրոսյանը:



Մարտի 20-ին  քննչական մարմնի կողմից խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը, սակայն, դատավոր Նարինե Հովակիմյանը մերժել է եւ Մաքսիմ Պետրոսյանի խափանման միջոց ընտրել բնակության վայրից չբացակայելը։ Դատարանի որոշման հետ կապված՝ մարտի 22-ին Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ասուլիս էր հրավիրել: «Լոռու մարզի եւ հատկապես Վանաձոր քաղաքի ազգաբնակչությունը մտահոգված է Երվանդ Առաքելյանին ապօրինաբար կյանքից զրկած Մաքսիմ Պետրոսյանի՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքով»,-լրագրողների հետ զրույցում դժգոհեց դատախազն ու ավելացրեց, որ «տարբեր խոսակցություններ կան, որ, ընդունենք, 20 հազար դրամ կաշառք ստացողը կալանքի տակ է, իսկ մարդասպանը՝ ազատության մեջ»: Մինչդեռ Պետրոսյանը  սպանությունից հետո երկու օր փորձում էր տարբեր ձեւերով թաքցնել իր մասնակցությունը հանցագործությանը, հերքող ցուցմունքներ էր տվել, փորձել էր խուսափել պատասխանատվությունից։



Սակայն մարտի 20-ին ձեռք բերված անհերքելի ապացույցների ճնշման տակ խոստովանել էր իր արարքը, որի պատճառով էլ քննչական վարույթ իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է,-ասաց Կարեն Շահբազյանը։ «Սակայն հիմա, ինձ անհասկանալի հիմնավորումներով, ինչու չէ՝ նաեւ անհիմն հիմնավորումներով, որ նա իբր աջակցել է հանցագործության բացահայտմանը, ու նաեւ, որ 72 տարեկան է, դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը կալանավորելու վերաբերյալ, ինչի հիման վրա էլ Մաքսիմ Պետրոսյանը հիմա ազատության մեջ է»։ Կարեն Շահբազյանը պնդում է, որ Պետրոսյանը որեւէ կերպ նախաքննությանը չի աջակցել, «դեռ մի բան էլ խոչընդոտել է հանցագործության բացահայտմանը, եւ այն հանգամանքը, որ նա 72 տարեկան է, հիմք չի տալիս, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարող անձն այսօր հայտնվել է ազատության մեջ»։ Կարեն Շահբազյանը մտավախություն ունի, որ այս քայլով հասարակության մեջ բացասական կարծիք կձեւավորվի իրավապահ մարմինների նկատմամբ։



Դատախազն ասում է, որ թեպետ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է խափանման միջոց կիրառելիս հաշվի առնել նաեւ անձի տարիքը, բայց ինքը համոզված է, որ Մաքսիմ Պետրոսյանը փորձելու է խոչընդոտել գործի քննությանը եւ խուսափելու է պատասխանատվությունը կրելուց։ Դատախազությունն արդեն բողոքարկել է դատարանի վճիռը՝ գրվել է վերաքննիչ բողոք։ «Հասարակության մեջ ձեւավորվել է կարծիք, որ մարդու 72 տարեկանը լրանալուց հետո անձը կարող է «քիլլեր» դառնալ, նա չի կալանավորվի։ Մենք ունենք ավելի նվազ ծանրության հանցագործություններ, որոնք կատարողները եղել են 72 տարեկան, բայց կալանքի տակ են»: Ըստ Լոռու մարզի դատախազի՝ նման նախադեպ, որ սպանություն կատարած անձը գտնվի ազատության մեջ, Լոռու մարզում չի եղել։ Մաքսիմ Պետրոսյանը նախկինում 3 անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ձերբակալված անձ է, ինչն էլ արդեն բնութագրող հատկանիշ է՝ ասում է Կարեն Շահբազյանն ու հավելում, որ այս որոշումը մտահոգիչ է այն առումով, որ կձեւավորի անպատժելիության մթնոլորտ։