Շվեյցարահայերն ընդդեմ Մայր աթոռի

Շվեյցարահայերն ընդդեմ Մայր աթոռի
Անցած կիրակի սկանդալ է գրանցվել Շվեյցարիայում: Ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոսի որոշման, որով Ժնեւ է ուղարկել Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին՝ ԱՄՆ Հայոց արեւմտյան թեմի առաջնորդին պատվիրելով ուղեկցել եւ ներկայացնել նրան կիրակնօրյա ժողովի ժամանակ, Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը որոշել է փակել եկեղեցին: Շվեյցարահայերը դեմ են իրենց ներկա հոգեւոր հովվի՝ Տ. Աբել քահանա Մանուկյանի փոփոխությանը եւ Շվեյցարիայում թեմ հիմնելու Էջմիածնի որոշմանը:



Կիրակի Շվեյցարիայի առաքելական եկեղեցու խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հայաստանյան ԶԼՄ-ներից է տեղեկացել տեղապահի գալուստի մասին: «Հակառակ, որ մեր կողմից հրավեր չի եղել, մենք հանդիպել ենք Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին եւ Հովնան արք. Տերտերյանին՝ փոխանցելու հետեւյալ ուղերձը Շվեյցարիայի առաքելական եկեղեցու խորհրդի գլխավոր ասամբլեայի կողմից՝ մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք պնդում ենք ասամբլեայի  միաձայն որոշումը, որն ուղարկվել է Գարեգին Երկրորդին»,- նշել է խորհուրդը:



Մարտի 25-ի նամակում Ժնեւի եկեղեցու խորհուրդն «անընդունելի, անթույլատրելի ու անօրինական էր» հայտարարել Էջմիածնի որոշումը՝ հայտարարելով, թե թույլ չի տա ներկայիս հոգեւոր հովիվ Աբել քահանա Մանուկյանին լքել հոգեւոր հոտը: «Մամուլում տեղ գտած (Էջմիածնի) հայտարարությունը հսկայական լարվածություն, հիասթափություն եւ բարկություն է առաջացրել համայնքում, ուստի որեւէ միջադեպից խուսափելու եւ մեր համայնքի խաղաղությունը պահպանելու համար խորհուրդը որոշեց փակել եկեղեցին ապրիլի 10-ին»,-հայտարարել է խորհուրդը: