Բարոյական հաղթանակից մինչեւ բարոյական որոշում

Բարոյական հաղթանակից մինչեւ բարոյական որոշում
Էս տնաշեն պատմաբաններն արդեն քանի տասնամյակ հոգի են հանում՝ գլուխ ջարդելով, թե ի՞նչ է նշանակում Ավարայրի ճակատամարտի բարոյական հաղթանակ: Էլ չգիտեին, որ հաղթանակի բարոյականությունը, 5-րդ դարից արձագանքելով հասնելու է 21-րդ դար եւ այնքան բուռն է հնչելու, որ սփյուռքի նախարարությունը ստեղծելու է Համահայկական երիտասարդական խորհրդարան, որը կայացնելու է զուտ բարոյական որոշումներ: Այդ հույժ կարեւոր ու իրադարձային երեւույթի մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:



Նա փորձեց նախ աղերսներ գտնել անցյալի ու ապագայի միջեւ, ինչից կարելի է ենթադրել, որ նախաձեռնությունն օդում ծնված գաղափար չէ, ավելին՝ արմատներ ունի, քանի որ դեռ 2004-ին է Ազգային ժողովին կից տիկին Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծվել երիտասարդական խորհրդարան, «որը սկսեց ահագին հետաքրքիր գործունեություն ծավալել, հետո մարզերում սկսեց ծրագրեր իրականացնել»: Եվ երիտասարդական խորհրդարանի նախընթաց գործունեությունից ոգեւորված՝ սփյուռքի նախարարությունն այսօր նախաձեռնել է արդեն համահայկական երիտասարդական խորհրդարանի ստեղծումը, որը «նպատակ ունի համազգային խնդիրների շուրջ համախմբելու Սփյուռքի երիտասարդությանը, նաեւ Հայաստանում ու Արցախում գործող երիտասարդական կազմակերպություններին»:



Խորհրդարանի ստեղծման երկրորդ նպատակը, ըստ բանախոսի, հայապահպանության խնդիրն է, քանի որ խորհրդարանի լեզուն լինելու է միայն հայերեն. «Հատկապես հաշվի առնելով, որ մեր սփյուռքյան երիտասարդների մոտ արդեն լեզվի կորստի հետ կապված խնդիրներ կան, խնդիրներ կան նաեւ խառն ամուսնությունների հետ կապված, որոնք գնալով շատանում են: Մտածում ենք, որ երիտասարդական խորհրդարանի ստեղծումը հնարավորություն կտա, որպեսզի խառնամուսնությունների դեմ պայքարենք եւ հայապահպանությունը խթանենք Սփյուռքում»:



Ասել է թե համահայկական ամուսնական բյուրո են ստեղծում: Սփյուռքի նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց նաեւ. «Երիտասարդական խորհրդարանն արդեն ստեղծվել է վիրտուալ, եւ քննարկումները սկսվել են կանոնակարգի վերաբերյալ, որը տեղադրված է ինտերնետային կայքում, եւ առաջարկներ ենք ստացել, թե ինչպես պիտի գործընթացը լինի»: Խորհրդարանը բաց է լինելու, եւ ցանկացողները կարող են մասնակցել բոլոր տեսակի քննարկումներին. «Առայժմ նախագահությունը կազմակերպում է սփյուռքի նախարարությունը, բայց առաջիկայում մենք ընտրելու ենք մի նախագահող, որն անընդհատ, մեկ-երկու ամիսը մեկ, փոխվելու է»:



Համացանցում ստեղծվում է համահայկական երիտասարդական խորհրդարան, բոլոր ցանկացողները կարող են միանալ եւ առաջարկություններ անել, ձեւակերպումները կդրվեն կայք, քվեարկելու եւ որոշումներ կայացնելու իրավունք կունենան պաշտոնապես գրանցված երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանից, Սփյուռքից եւ Արցախից, հստակեցված օրերի եւ ժամերի. «Մտածում ենք, որ առաջին իսկ հնարավորության դեպքում գուցե պառլամենտի ֆիզիկական հանդիպում կազմակերպենք տարեվերջին կամ մյուս տարվա մեջ, բայց դա կախված է նրանից, թե որքանով ակտիվ կլինեն մեր երիտասարդները»:



Համահայկական երիտասարդական խորհրդարանի որոշումները չեն կարող ազդել Ազգային ժողովի ընդունած որոշումների վրա: Խորհրդարանն իրավաբանական մարմնի կարգավիճակ չի ունենա, որոշումներն էլ իրավական ուժ չեն ստանա, այն նախատեսված է «բարոյական որոշումներ կայացնելու համար»:



Էլի հիշեցի Թումանյանին. «Երեք լիճ կար, երկուսը ցամաք, մեկում էլ հեչ ջուր չկար: Երեք պղինձ կար, երկուսը ծակ էին, մեկն էլ հեչ տակ չուներ»: Եվ այդպես շարունակ, մինչեւ «եղն ու բրինձը գնացին, ջուրը մնաց»: Ջուրը կամ ջուրծեծոցին:



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ